Մատչելիության հղումներ

Պաշտոնապես մեկնարկեցին Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները


Երեկ երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ տեղի ունեցած համերգով ազդարարվեց մեր մեծագույն կոմպոզիտորներից Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը:

Ի դեպ, համերգից առաջ ճեմասրահում ցուցադրության էր ներկայացված Սպենդիարյանին պատկանող սպենդիարաֆոն երաժշտական գործիքը, որը տրամադրել էր նրա տուն-թանգարանը:

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր, մեծանուն մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը լրանում է այս տարի նոյեմբերի 1-ին: Հոբելյանական միջոցառումները կանցկացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Հոբելյանական միջոցառումների շարքը խիտ է և հագեցած բազմաբնույթ ծրագրերով՝ համերգներ, գիտաժողովներ, նոր ձայնագրություններ, ցուցահանդեսներ ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում:

«Ազատության» հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը շեշտեց․ - «Առհասարական նպատակը Սպենդիարյան ազգային արժեքին վերարժեվորելն է։ Բացի դրանից, Սպենդիարյանի 150-ամյա, նշանավոր հոբելյանը, որը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, դարձնել համաշխարհային նշանակության, դարձնել տոն մարդկության համար»։

Հավելենք նաև, որ չափազանց մեծ է Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի դերն այս հոբելյանական միջոցառումների կազմակերպման գործում: Բայց ամենակարևորը ամենօրյա աշխատանքն է, հավաստիացնում է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը․ - «Ընդհանրապես Սպենդիարյանի տուն-թանգարանի համար Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության հանրահռչակումը, հանրայնացումը, պահպանումը ամենօրյա, մշտական աշխատանք է։ Բայց տարին քանի որ 150-ամյակ է և շատ նշանակալի հոբելյան է սա, մենք սկսել ենք դեռևս երկու-երեք տարի առաջ ուսումնասիրման, հետազոտման և բոլոր այդպիսի աշխատանքները։ Ինչ վերաբերում է միջոցառումներին, իհարկե Սպենդիարյանի տուն-թանգարանը հոբելյանական միջոցառումների կենտրոնում է կանգնած և այդ փոքր տուն-թանգարանը իր փոքր աշխատակազմով իր վրա վերցրել փաստորեն ամբողջ միջոցառումների ծանրաբեռնվածությունը։ Այդ թվում նաև երեկվա այդ ամբողջ համերգը կազմակերպել էն Սպենդիարյանի տուն-թանգարանը, իհարկե՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Բայց բոլոր հիմնական կազմակերպչական աշխատանքները թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս իրականացնում է Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Որովհետև հենց այս տունն է հանդիսանում կոմպոզիտորի թողած ժառանգության կրողը և հանրայնացնողը»։

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 4-ից 5-ը Գյումրիում նախատեսվում է երկօրյա բացօթյա փառատոն, սեպտեմբերի 20-25-ը Թբիլիսիում Թումանյանի տանը կանցկացվեն Սպենդիարյանական օրեր։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում տոնակատարություններ ու բազմաթիվ միջոցառումներ են սպասվում Ղրիմի սպենդիարյանական վայրերում՝ Սիմֆերոպոլ, Յալթո, Սուդակ, Թեոդոսիա քաղաքներում։ Հոկտեմբերին համերգ-ցուցահանդես է նախատեսվում Լոնդոնում, Հայաստանից հանդես կգա Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։ Սպենդիարյանին հոբելյանին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև Իրանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG