×


Բացահայտելով Արթուր Կարապետյանի ընտանիքը

ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը սիրով համաձայնել է լինել BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի հյուրը: Նա պատմել է կնոջ եւ իր տարբեր բնավորությունների, արդեն 3 տասնամյակից ավելի համատեղ կյանքի եւ, իհարկե, դստեր մասին:



Կնոջս՝ Սաթենիկ Հախնազարյանին (դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ), հանդիպեցի երկրորդ կուրսում: Նոր էի վերադարձել բանակից ու Թատերականում ինձ սպասում էին նոր համակուրսեցիներ ու, ինչպես պարզվեց, նաեւ նա, որի հետ միասին ապրում ենք արդեն 32 տարի: Չեմ պատկերացնում այս աշխարհում որեւէ կին, որին հաջողվեր ինձնից գլուխ հանել այսքա՜ն տարի… Ես էլ երբեմն ինձնից բան չեմ հասկանում, սակայն նրան կարծես հաջողվում է: 



Արթուր Կարապետյանը եւ Սաթենիկ Հախնազարյանը


Ես կրակ եմ, նա՝ ջուր, ես՝ հողին կպած, նա թեւածում է երկնքում, տարբեր ենք շատ, անբացատրելի շատ, ու բառերով բացատրություն չունի այն երեւույթը, որ կապում է մեզ իրար: Կուզեք, անվանեք սեր, կամ ուրիշ անուն դրեք, ինձ համար միեւնույն է: Նրբազգաց, արդարացի, անդավաճան իր սկզբունքներին ու իմաստուն: Թատրոնն իր առաջին սերն էր, հետո հայտնվեցի ես, հետո ծնվեց մեր աղջիկը:


Մեր դուստրը՝ Ռիմա Կարապետյանը, ժառանգել է իմ ու Սաթենիկի լավագույն հատկանիշները, մեր ոսկե միջինն է: Նկարում է, գրում, լեզուներ գիտի: Մտքեր ու զգացողություններ, որ այդպես էլ իրենց ընթեռնելի ձեւակերպումը չստացան իմ մտքում, ձեւավորվում ու շարադրվում են նրա գրչով, եւ այնքան պարզ ու մատչելի, որ երբեմն զարմանում եմ՝ ո՞նց: 



Ռիմա Կարապետյանն՝ ամուսնու հետ


Երբեւէ չենք խոչընդոտել մասնագիտության ընտրության հարցում: Ընտրեց դիվանագիտությունն ու միջազգային իրավունքը՝ պատճառաբանելով, որ մի տան մեջ երրորդ դերասանն ավելորդ է: Բարդ մասնագիտություն է, բայց իր ընտրությունն է, ու մենք ընդունեցինք: Փառք Աստծո, վերջերս էլ հանդիպեց իր երկրորդ կեսին եւ այժմ բնակվում է Բրյուսելում: Մնացածն, առաջ Աստված, կապրենք կերեւա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Արթուր Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին