Հնարավոր է՝ 10 մլն դրամի չափով գումար հատկացվի Գյումրու նախակրթարաններին

Արդյո՞ք հնարավոր է Գյումրու նախակրթարաններում սահմանել ծնողական վարձավճարների ավելի ցածր՝ միևնույն գին: Թեմային 168.amանդրադարձ էր կատարել դեռևս անցած տարվա դեկտեմբեր ամսին:

Համեմատականներ անցկացնելով Ախուրյան և Գյումրի համայնքների միջև, եկել էինք այն եզրակացության, որ Գյումրու բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարը կազմում էր 27288 դրամ, մոտ 1.07 անգամ պակաս Ախուրյան համայնքում մեկ շնչին բաժին ընկնող գումարից:

Բյուջե-բնակչություն հարաբերակցության արդյունքում պարզ էր դարձել, որ Ախուրյանի բյուջեից մեկ շնչին (ախուրյանցիներից յուրաքանչյուրին) բաժին հասնող գումարը կազմում է 29454 դրամ: Չնայած, որ Գյումրին համարվում է արդյունաբերական քաղաք, և ըստ էության մեր քաղաքի եկամուտները պետք է ավելի շատ լինեն, Ախուրյան համայնքում սոցիալական որոշ ծրագրեր ավելի լավ են իրականացվում, քան Գյումրիում:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարներն Ախուրյանում՝ ցանկացած նախակրթարանում 3000 դրամ է կազմում, մինչդեռ Գյումրիում՝ նախակրթարանների ամենացածր վարձավճարը կազմում է 6000 դրամ:

Կարդացեք նաև

Պարզելու համար բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարի չափն այժմ՝ համեմատականներ ենք անցկացրել Գյումրի և Արթիկ քաղաքների միջև:

Հաշվարկ կատարելու համար հիմք ենք ընդունել 2018 թվականի Գյումրու բյուջեի տվյալները, որի համաձայն՝ մեր քաղաքի բյուջեն կազմում է 3.357.033.700 դրամ գումար, իսկ բնակչության թիվը՝ 116.000 հազար մարդ, ինչպես նաև Արթիկ քաղաքի բնակչության թիվը՝ 20300 մարդ, 2018 թվականի բյուջեն եկամուտների և ծախսերի գծով՝ 503.794.800 դրամ գումար:

Հաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ Գյումրու բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարը կազմում է 28939 դրամ գումար, Արթիկի պարագայում՝ 24817 դրամ՝ 1.16 անգամ պակաս Գյումրու մեկ շնչին բաժին ընկնող գումարից:

Սրանով հանդերձ, Արթիկում գործող բոլոր չորս նախակրթարաններում՝ Արթիկի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, Արթիկի թիվ 2 նախադպրոցական ուսումնական ՀՈԱԿ-ում, Արթիկի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, և Արթիկի թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում սահմանված է ծնողական վարձավճարի միևնույն սակագին՝ 6000 դրամ:

Գյումրու պարագայում ծնողական վարձավճարի այս սակագինը գործում է 21 համայնքապատկան մանկապարտեզներից ընդամենը 4-ում, մնացածի դեպքում դրանց վարձավճարները զգալիորեն բարձր են՝ 7000, 8000 դրամ, առկա են նաև սահմանված այլ ծնողական վարձավճարների չափեր:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, Արթիկում տարբեր նախակրթարաններում տարբեր քանակի երեխաներ են հաճախում:

«Նախակրթարաններում վարձավճարի միևնույն չափը հաստատելն Արթիկի ավագանին է որոշել»,- նշեց Մխիթար Վարագյանը:

Նշենք, որ Արթիկի զարգացման հնգամյա ծրագրի համաձայն՝ Արթիկի նախակրթարանները գործում են տիպային շենքերում, սակայն դրանք ապահովված չեն անհրաժեշտ գույքով, եղածն էլ հիմնականում հին է: Մանկապարտեզների բակերը և խաղահրապարակներ՝ հիմնականում անբարեկարգ են, քիչ են կանաչապատ տարածքները, չնայած մանկապարտեզներ հաճախելու ցանկություն ունեցող երեխաների թիվը մեծ է, սակայն դրանցում առկա նյութատեխնիկական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի դրանցում ավելի շատ երեխաներ ընդգրկվեն:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ եթե ոչ՝ անվճար դարձնել, համենայնդեպս, հնարավոր է Գյումրու ավագանու որոշմամբ համայնքապատկան նախակրթարանների համար սահմանել համեմատաբար ցածր՝ միևնույն վարձավճարներ: Մնում է հասկանալ, թե ինչպիսին է Գյումրու ավագանու դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Թե ինչպիսի դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Գյումրու ավագանու անդամները, փորձեցինք ճշտել հեռախոսազանգերի միջոցով:

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամ Արմեն Տոնոյանի կարծիքով Գյումրու նախակրթարաններում սահմանված վարձավճարները հազիվ են բավարարում ծայրը ծայրին հասցնելուն:

«6000, 7000, 8000 դրամ վարձավճարները Գյումրու նախակրթարաններում են սահմանված: Դա ի՞նչ մի մեծ գումար է, որ ավելի քիչ դառնա: Առանց այդ էլ՝ դա մեծ գումար չէ, և ես ինչքան տեղյակ եմ՝ հազիվ են ծերը ծերին հասցնում: Ավելի շատ դա քննարկման առիթ է, թե ինչ են անում այդ գումարի շրջանակներում: Բայց իմ անձնական կարծիքն է, որ չի էլ կարելի նվազեցնել, ընդամենը հազիվ հասցնում են երեխաներին նորմալ կերակրել, և այլն»,- նշեց Արմեն Տոնոյանը:

Հարցին՝ ոնց որ Ախուրյան և Արթիկ համայնքներում հնարավո՞ր է սահմանել նախակրթարաններում ծնողական վարձավճարների միևնույն՝ համեմատաբար ցածր սակագին, Ա.Տոնոյանը պատասխանեց, որ լրագրողներն այս ոլորտում ավելի լավ ուսումնասիրություններ են կատարում, և իրենք կիմանան այդ հարցի պատասխանը:

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության մեկ այլ անդամ՝ Կարինե Թաթարյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ Գյումրու քաղաքապետարանը նախակրթարանների վերաբերյալ ծրագիր ունի, արդեն ավագանու քննարկմանն էլ դրվել է, եթե դա հաստատվի, նախակրթարաններ անվճար հաճախող երեխաների թվի ցանկն ավելի կընդլայնվի, որպեսզի ավելի մեծ զանգված օգտվի զեղչերի համակարգից:

«Այնպես որ, այդ հարցը մենք արդեն քննարկման դրել ենք: Ինչ վերաբերում է նախակրթարանները երեխաների համար անվճար դարձնելուն, այս պահին հնարավոր չէ հաստատ, ինչպես ԳԱԼԱ խմբակցությունն էր ուզում: Հարցը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկվել է, մենք կփորձենք դիմել կառավարությանը, տեսնենք, թե ինչ կլինի: Այնպես չէ, որ մենք չենք ուզում, և դա միայն ԳԱԼԱ-ի ցանկությունն է, բայց այս պահին հնարավոր չէ: Ընդհանուր առմամբ մենք էլ ենք ցանկանում՝ ինչ-որ փոփոխություն այս համակարգի մեջ մտցվի»:

Ակնարկին՝ եթե նախակրթարանները երեխաների համար անվճար դարձնել հնարավոր չէ, ապա հնարավո՞ր է՝ ավագանու նիստերի ընթացքում քննարկվի Ախուրյան և Արթիկ համայնքների օրինակով Գյումրու նախակրթարանների համար միևնույն՝ գոնե ծնողական վարձավճարների միջին գին սահմանելու վերաբերյալ 168.am-ի առաջարկությունը, Կ. Թաթարյանը պատասխանեց.

«Բոլորն էլ ուզում են, բայց այդ հնարավորությունը պետք է ստեղծվի: Զեղչային համակարգն էլ գործում է, եթե տնից երկու հոգի են նախակրթարան հաճախում, երկրորդ երեխայի պարագայում 50 տոկոս զեղչ կա, լիքն արտոնություններ կան»:

Հարցին՝ օրինակ ինչո՞ւ է տնակային պայմաններում գործող «Սուրբ Մարիամ» նախակրթարանում սահմանված ծնողական վարձավճարի չափը 7000 դրամ կազմում, այն դեպքում, երբ երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպելու համար այս նախակրթարանի կոմունալ-կենցաղային պայմանները լավը չեն, Կ.Թաթարյանը պատասխանեց.

«Այնտեղ էլ երեխաների քանակն է քիչ, եթե վարձավճարն էլ չհավաքվի, այդ նախակրթարանը գործելու հնարավորությունից կզրկվի»:

Ակնարկին՝ հաշվի առնելով Ախուրյանում և Արթիկում բնակչության թիվը, որը Գյումրու համեմատ բավական քիչ է, հետևաբար՝ նաև նախակրթարաններ հաճախող երեխաների թիվն է քիչ, այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր այդ համայնքներում նախակրթարանների ծնողական վարձավճարների ցածր և միջին գին սահմանել, մեր զրուցակիցը նշեց.

«Մենք ընդհանրապես այդ բանի ուղղությամբ մտածել ենք, անդրադարձել ենք այդ հարցին, որ զեղչային համակարգից ավելի շատ երեխաներ օգտվեն, հաստատ դա քննարկել ենք»,- ասաց Կ.Թաթարյանը:

Գյումրու ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանի խոսքով՝ մի երկու նիստ առաջ իրենք քննարկել են նախակրթարաններն ընդհանրապես անվճար դարձնելու հարցը, որ ուղերձով դիմեն կառավարություն, լրացուցիչ գումար պահանջեն, որ մանկապարտեզները Գյումրիում դառնան անվճար, ինչպես, օրինակ, Երևանում են անվճար, ուղղակի ժամանակ է պետք:

««Բալասանյան դաշինքը» գրել է մեր մարզից ընտրված պատգամավորներին, որ իրենք ԱԺ-ում այդ հարցն առաջ քաշեն, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Գյումրիում նախակրթարանները լինեն անվճար. Այսինքն՝ այս գործընթացը շարունակական է, պայքարում ենք, որ արդյունք ունենանք, հնարավոր է, որ առաջարկն անցնի, տարբեր ուղղություններով աշխատում ենք»,- նշեց Սուսաննա Աստոյանը:

Հարցին՝ մոտավորապես որքա՞ն ժամանակ կպահանջվի այս ծրագրի կյանքի կոչման համար, Ս.Աստոյանը նշեց՝ երևի երկու ամսից ոչ պակաս, քանի որ դա արագ լուծվող հարց չէ, կառավարությունից էլ լրացուցիչ դոտացիա են խնդրելու:

Ակնարկին, եթե այս ծրագիրը հնարավոր չլինի իրականացնել, կարո՞ղ է Գյումրու ավագանին քննարկել Գյումրու նախակրթարաններում ծնողական վարձավճարների միջին գին սահմանելու առաջարկը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հնարավոր է՝ այդ առաջարկն էլ քննարկվի:

«Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի մոտ առկա են տվյալներ, թե ինչ պատճառով են Գյումրու նախակրթարաններում սահմանված վարձավճարների տարբեր չափեր»,- նշեց Գյումրու ավագանու անդամը:

Գյումրու ավագանու «Հայկական Վերածնունդ» խմբակցության անդամ Ավետիս Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ԳԱԼԱ խմբակցության ուղերձին է կողմ, որը շատ լավ ծրագիր էր, բայց մեծամասնության կողմից չընդունվեց:

«Ակնհայտ չընդունվեց, բայց մեծամասնության կողմից ձեռնպահ քվեարկվեց: Լրիվ անվճար դառնալու կողմնակից եմ, ինչ մնում է վարձավճարների գների ընդհանուր սահմանմանը, ես դրան էլ եմ կողմնակից, թող համայնքի ղեկավարները հավաքվեն, որոշեն: Քանի որ Շիրակի մարզը, Գյումրի քաղաքը հանդիսանում են ամենաաղքատ մարզը և քաղաքը, համայնքապետերով թող նստեն, որոշեն, եթե ավագանուց էլ ինչ-որ բան է կախված, պատրաստ ենք աջակցելու: Փուլային թող անեն: Բայց մեր ուզած գումարն էլ մեծ գումար չէր, որ բոլոր նախակրթարաններն անվճար լինեին: 500 միլիոն դրամ փող էինք ուզել, դա էլ հաշվարկված գումար էր, կառավարությունը պետք է տար»,- նշեց Ավետիս Առաքելյանը:

Վերջինիս խոսքով՝ Գյումրու համայնքապետն հայտարարել է, որ պետք է ուղերձներ մշակեն՝ կառավարությանը և ԱԺ-ին դիմելու, և դրանք կհանձնեն մեր մարզից ընտրված պատգամավորներին, բայց դեռ մինչև հիմա դրանք պատրաստ չեն: Եթե մինչև հաջորդ նիստն ուղերձները պատրաստած եղան, լավ կլինի:

Անդրադառնալով տնակային պայմաններում գործող նախակրթարաններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ առհասարակ տնակներից պետք է ձերբազատվել: Պետությունը դեմքով պետք է շրջվի դեպի այս քաղաքը: Բայց տնակներից ազատվելու համար անօթևաներին վարձակալությամբ բնակարաններ հատկացնելը սխալ է, քանի որ մեկ-երկու տարի հետո անօթևանը կրկին խնդրի առաջ է կանգնելու՝ միշտ չէ, որ պետությունը փոխհատուցելու է վարձակալական վճարները.

«Անցած տարի էլ շենքային պայմաններում գործող նախակրթարան փակվեց, կարելի էր տնակային պայմաններում գործող մեկ այլ նախակրթարան տեղափոխել այնտեղ, քան տնակայինը թողնել, շենքայինը փակել: Մուշ թաղամասում էլ նոր նախակրթարան է բացվելու՝ շենքային պայմաններով»:

Վերջում Ավետիս Առաքելյանը մեզ նորություն հայտնեց.

«Մարտի 12-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած իրավական նիստի ժամանակ հաստատվել է 10 մլն դրամի չափով Գյումրու համայնքապետարանից նախակրթարաններին գումար հատկացնելու մասին որոշումը, հաստատ սա Գյումրու հաջորդ ավագանու նիստի ժամանակ կհաստատվի: Այն ընտանիքների վրա է սա տարածվելու, որոնք ունեն նախակրթարան հաճախող երկու երեխա, մի ընտանիքից երկու երեխա, ապա իրենց համար նախակրթարան հաճախելը կդառնա անվճար, ապրիլյան պատերազմում զոհվածների երեխաների համար նախակրթարան հաճախելը ևս լրիվ անվճար կլինի»,- ասաց նա:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս