×


11-ամյա Էմմի Հակոբյանի նոր տեսահոլովակը, ամերիկյան երգարվեստում առաջին քայլերն ու մեծ երազանքը

Մանկական երգարվեստում արդեն ճանաչելի ձայն դարձած 11-ամյա Էմմի Հակոբյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ նկարահանված «Իմ Երեւան» երգի հիման վրա։ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելես քաղաքում, ծնված ու մեծացած աղջնակը, չնայած փոքր տարիքին, իր հստակ քայլերն է անում հայկական ու միջազգային շոու-բիզնեսում՝ կատարելով ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ հայտնի գործերի քավերներ՝ իր մեկնաբանությամբ։

Թեեւ Էմմին դեռ մեկ անգամ է հասցրել լինել Հայաստանում, բայց խոստովանում է, որ շատ է սիրել իր երկիրը, Երեւանը, եւ հենց այդ պատճառով էլ որոշել է երգ նվիրել սիրելի քաղաքին՝ ավելի հաճախ վերադառնալու ցանկությամբ. «Երգը գրել է Արմինե Սանթուրյանը, որն էլ առաջարկեց ինձ կատարել «Իմ Երեւանը»։ Ես էլ սիրով համաձայնեցի, ու ինձ թվում է՝ հետաքրքիր է ստացվել։ Տեսահոլովակը նկարահանել ենք Հայաստանում եւ Լոս Անջելեսում, ընդհանուր առմամբ նախագծի վրա աշխատել են մոտ 75 պրոֆեսիոնալներ, որոնցից միայն 50-ը՝ նվագախմբում։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին՝ երաժիշտներին, գործիքավորող Նարեկ Գեղամյանին, օպերատոր եւ ռեժիսոր Սուրեն Քարտաշյանին ու մյուսներին, որ օգնեցին երազանքս իրականություն դարձնել։ Ասեմ, որ ամբողջը կենդանի հնչողությամբ է կատարվել, իսկ ջութակների նվագախումբը ձայնագրվել է Երեւանում՝ Հանրային ռադիոյի ստուդիայում»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Էմմին։



11-ամյա երգչուհին ինքնուրույն է սովորել երգել, երբ դեռ ընդամենը յոթ տարեկան էր։ Միանգամից աչքի է ընկել իր տարիքի համար զարմանալի տեմբրով ու ջազային զգացողությամբ։ Այժմ արդեն մի քանի ամիս է՝ երաժշտական դպրոց է հաճախում։ Ուսուցիչները կեսկատակ ասում են՝ Էմմիին ոչինչ չունեն սովորեցնելու։ Նրանք երգչուհու ծնողներին խորհուրդ են տվել աղջնակին տեղափոխել երաժշտական քոլեջ, բայց, ցավոք, այնտեղ ընդունելություն չեն կատարում այդ տարիքում. պիտի սպասեն մինչեւ Էմմիի 14-ը լրանա։ Մինչ այդ նա սովորում է բաս կիթառ, դաշնամուր, իսկ վոկալի դասերն անցնում է իտալացի հայտնի մասնագետի մոտ։


Որպես պրոդյուսեր՝ Էմմիի հետ հանդես է գալիս նրա հայրը՝ Կարեն Հակոբյանը։ Նա է աղջկան ուղղորդում երգի ճանապարհով եւ օգնում կյանքի կոչել երազանքները՝ հայտնի ու սիրված երգչուհի դառնալու։ Միասին երեք տարվա ծրագիր են մշակել, որի քայլերը հերթով իրականացնում են։ Այժմ աշխատում են 4-5 նոր նախագծի վրա, որոնցից երեքը պիտի հասցնեն այս տարվա ընթացքում ներկայացնել։ Դրանց թվում կլինեն նաեւ անգլերեն լեզվով երգեր՝ սոուլ, ջազ, փոփ ժանրերում, որպեսզի Էմմին կարողանա նաեւ ամերիկյան շոու-բիզնեսում իր տեղը գտնել։ Ասում է՝ վերջերս հաճախ է գնում մեգաաստղերի համերգներին, որպեսզի ե՛ւ վայելի ընթացքը, ե՛ւ հետեւի կատարումներին ու սովորի։



Արդեն հասցրել են տասը նոր երգ պատվիրել հեղինակավոր երգահաններին, որոնց պատրաստ լինելուն պես կփորձեն կրկին բարձր որակով գործիքավորել ու ձայնագրել լավագույն ստուդիաներում. «Հետաքրքիր այլ անակնկալներ էլ կան, որոնց մասին կխոսեմ ապագայում»,- եզրափակեց երգչուհին։

Սպասվող նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել երգչուհու ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերին.

https://www.facebook.com/emmy.hakobyan.75

https://www.instagram.com/emmyhakobyan_official/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին