Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վոկալի, անգլերենի և կիթառի պարապմունքներ. պատերազմի մասնակից Ադամը ապագայում էստրադային երգիչ կդառնա

Վոկալի, անգլերենի և կիթառի պարապմունքներ. պատերազմի մասնակից Ադամը 
ապագայում էստրադային երգիչ կդառնա

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրցի 18-ամյա Ադամ Գրիգորյանն Արցախյան 44-օրյա պատերազմի այն մասնակիցներից է, որոնք բազմաթիվ լուրջ վիրավորումներ ստանալուց հետո հրաշքով փրկվել են և այժմ էլ բուժում են ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:

«Արմենպրես»-ն Ադամի հետ զրուցել է իր մանկության ու պատանեկության տարիների, սիրած զբաղմունքի, հետաքրքրությունների, Արցախյան 44-օրյա պատերազմի, վիրավորվելու և այլ հարցերի մասին:

Ադամն ընտանիքի 4 երեխայից ամենամեծն է

Ադամը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Ընտանիքում 4 երեխա են, ամենամեծը ինքը՝ Ադամը: Ունի քույր, որը 17 տարեկան է, և երկու եղբայր՝ 13  և 4 տարեկան: Մայրը տնային տնտեսուհի է, հայրն էլ նախկինում աշխատել է ձկնաբուծարանում, ասում է, որ բավականին լավ մասնագետ է, նա նաև արտագնա աշխատանքների է մեկնել՝ Ռուսաստանի Դաշնություն: Ընտանիքում զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ:

«Դպրոցում մինչև 12 տարեկան լավ եմ սովորել, հետո սկսեցի փնտրել մի մասնագիտություն, որով ես ինձ ավելի լիարժեք կզգամ։ Երգել եմ շատ սիրում, համեստություն չեմ անի, կասեմ, որ բավականին լավ է ստացվում: Ժամանակ առ ժամանակ ընկերական շրջապատում երգում էի, միշտ կողքից էլ ասում էին, որ լավ է ստացվում, ես էլ որոշեցի հենց այդ ոլորտն ընտրել։ Այդ ժամանակ սկսեցի հաճախել վոկալի դասերի։ Սկսեցի նաև դաշնամուր նվագել սովորել։ Վոկալը թողել էի 2015-ին, սակայն դաշնամուր նվագում էի, հետո որոշ հարցեր էին առաջացել, դաշնամուրն էլ թողեցի։ Հիմնականում, մինչև բանակ գնալս այս ամենով եմ զբաղվել»,- նշեց Ադամը:

Նա շեշտեց, որ այժմ ցանկանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվել՝ էստրադային երաժշտության բաժին: Պարապմունքները որոշ ժամանակով դադարեցրել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրնում գտնվելու պատճառով, ասում է՝ չի հասցնում համատեղել, սակայն համոզված է, որ սեպտեմբերին անպայման կընդունվի ու կսովորի իր ուզած մասնագիտությամբ:

Բասկետբոլ, բիզնես կառավարում, հոգևոր խմբակ. Ադամի հետաքրքրությունները շատ են

«Սպորտով քիչ եմ զբաղվել, դպրոցում եմ հիմնականում հաճախել խմբակների: Մեզ մոտ կար բասկետբոլի խմբակ, որտեղ 2-3 տարի հաճախել եմ, իսկ առհասարակ պարապել եմ իմ առողջության համար: Դպրոցում բիզնես կառավարման, բանավեճի, ինչպես նաև հոգևոր խմբակներ ունեինք, որոնք նույնպես հաճախել եմ: Երբ հոգևոր խմբակ էի հաճախում, Էջմիածնում մենք գնում էինք Հայորդաց տուն, այնտեղ մեզ հոգևոր դաստիարակություն էին տալիս որպես քրիստոնյա ազգ, որպեսզի իմանանք մեր պատմությունը»,- ասաց Ադամը:

Նա 6 տարի շարունակ դաշնամուր է նվագել, 4 տարի էլ վոկալով է զբաղվել: 2015 թվականից ի վեր պրոֆեսիոնալ վոկալով չի զբաղվել, երգել է միայն իր համար: Ժանրերը չի առանձնացնում, սիրում է բոլորը և երգում բոլոր ժանրերով՝ էստադայինից մինչև ժողովրդական: Ցանկանում է նաև կիթառ նվագել սովորել, վերականգնողական կենտրոնում արդեն գրանցվել է պարապմունքների, որոնք շուտով սկսվելու են: Շեշտեց, որ շուտ է սովորում ամեն ինչ և կարծում է, որ քիչ ժամանակ անց այդ գործիքին էլ կսկսի տիրապետել:

«Վոկալով զբաղվելու տարիներին երգում էի հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և իսպաներեն: Վերականգնողական կենտրոնում անգլերենի պարապմունքների եմ գրանցվել, որպեսզի խոսակցականս բարելավվեմ»,- նշեց Ադամը:

Դպրոցում մինչև 5-6-րդ դասարան նորմալ սովորել է, հետո դեռահասության շրջանում բավականին չարաճճի է դարձել, սկսել է այնքան էլ լավ չսովորել: Այժմ փոշմանում է, սակայն վստահ է, որ երբեք էլ ուշ չէ գիտելիքների բացը լրացնելու համար: 6-րդ դասարանից սկսած սովորել է այն առարկաները, ինչն իրեն ավելի էր հետաքրքրում, օրինակ՝ ֆիզիկան, ինֆորմատիկան, աշխարհագրությունը:

Պատերազմը սկսելու օրը Ադամը 2 ամսվա ծառայող էր

2020 թվականի ամռանը՝ հուլիսի 27-ին, զորակոչվել է բանակ, ծառայել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի զորամասում։ Ճիշտ 2 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է:

«Այդ ժամանակ չէի պատկերացնում, թե պատերազմն ինչ է, այն, ինչ տեսանք, անգամ կինոներում չենք տեսել, ամեն ինչ շատ խառն էր՝ պայթյուններ, կրակոցներ, անօդաչուներ։ Չէի պատկերացրել երբեք, որ առհասարակ իմ կյանքի ընթացքում այդպիսի բան տեսնեմ։ Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան տագնապ ազդարարեցին, և մենքբարձրացանք Ջրականի (Ջաբրայիլ) դիրքեր։ Մինչև հոկտեմբերի 8-ը եղել եմ Ջրականում, այդ ընթացքում մեր կողմում շատ կրակոցներ չեն եղել, որովհետև մենք երկրորդ գծում էինք։ Իհարկե, պատերազմի ժամանակ երկրորդ գիծն ամենավտանգավորներից է, քանի որ շատ են փորձում ոչնչացնել թիկունքը, որպեսզի առաջին գծի անվտանգությունը հնարավոր չլինի ապահովել։ Միայն սեպտեմբերի 27-ին էին շատ ուժեղ կրակոցներ և պայթյուններ եղել մեր ուղղությամբ»,- նշեց Ադամը։

Հոկտեմբերի 8-ից հետո արդեն իրենց առաջ շարժվելու հրաման են տվել, քանի որ այդ ժամանակ առաջին գծում դիրքեր կային, որոնք գրավված էին։ Առաջ գնալուց 15-20 րոպե հետո հակառակորդը սկսել է իրենց ուղղությամբ կրակել, այդ ժամանակ 4-5 զոհ են ունեցել, վիրավորները բավականին շատ են եղել։ Առաջին մահերը հենց այդ օրն է տեսել, իրեն շատ մտերիմ տղաներ էին զոհվել։

«Արդեն հոկտեմբերի 12-ին եղանակային պայմաններն էլ բարենպաստ չէին, անձրև էր գալիս, ցեխ էր, այդ ժամանակ մեզ նահանջի հրաման տվեցին, ինչը ձևական բնույթ էր կրում։ Մեր փոխարեն այդ պահին հատուկ ջոկատայինները մտան այդ տարածք: Այդ օրը գնացինք Հադրութի զորամաս, այնտեղ մեզ նորից զենք տվեցին, քանի որ ցեխերի մեջ լինելու պատճառով մեզ մոտ եղածներն արդեն հնարավոր չէր օգտագործել, նոր համազգեստով նույնպես ապահովեցին։ Հադրութից շարժվեցինք դեպի Տիգրանավան, այնուհետև՝ հոկտեմբերի 16-ին եղանք Իշխանաձորում։ Հենց այդ օրն էլ վիրավորվել եմ։ Այդ հատվածը մեր կենտրոնացման վայրն էր, սակայն այդտեղ նոր էինք եկել և չէինք հասցրել խրամատ փորել»,- պատմեց Ադամը։

Վիրավորումը բավականին ծանր է եղել՝ մարմնի 14 տարբեր հատվածներում

Գիշերը ժամը 4-ին հերթապահությունը հանձնել է, ինչից հետո գնացել հանգստի։ Կրակոցներ այդ ժամանակ չեն եղել, սակայն առավոտյան ժամը 6-ին նորից սկսվել են պայթյունները։ Աչքերն անգամ չէր հասցրել բացել, երբ արկը պայթել էր: Ասում է՝ միայն ձայնն է լսել։ Փորձում է վերհիշել, սակայն ապարդյուն, անգամ չի զգացել, թե ինչպես է վիրավորվել:

«Չեմ հիշում՝ ինչպես է եղել դեպքը, միայն հիշում եմ, որ ասում էին ընկերոջս եմ փրկել։ Ընկերներս պատմել են, որ բեկորները, երբ կպել են ինձ, ինքնաբերաբար կանգնել եմ, սակայն ես չեմ զգացել, որ վիրավոր եմ, հետո ընկել եմ։ Տղաներն այդ ժամանակ նորից կանգնեցրել են ինձ, ինչից հետո միայն զգացի, որ վիրավորվել եմ։ 14 տարբեր հատվածում վիրավորում եմ ստացել։ Ձախ ոտքս 4 հատվածում վիրավորվել է, 1 տեղից աջ ոտքս, գլխի վիրավորում էլ եմ ստացել՝ 2 տեղից, վզիս հատվածում էլ է բեկոր մտել, որը մյուս կողմից դուրս է եկել, արդյունքում ձայնալարերս էին վնասվել։ Կրծքավանդակիս հատվածում էլ բեկորային վիրավորում էի ստացել, ինչը թոքս և աղիքներս էր վնասել։ Արդեն գիտակցում էի, որ վատ եմ, կարծես վերջին ուժերովս էի շնչում։ Ինձ անմիջապես տարան Իշխանաձորի հոսպիտալ, այնտեղ մի բժիշկ թաքուն իմ մասին խոսում էր մեկ այլ բժշկի հետ, ասում էր «տղայի վիճակը ծանր է, բայց պետք է հիվանդանոց տանել», սակայն ես այդ ամենը լսել եմ։ Գիտակցում էի, որ ինձ հաշված րոպեներ կամ ժամեր են մնացել, չնայած այդ ժամանակ իմ մասին այդքան չէի մտածում, ավելի շատ ծնողներիս համար էի անհանգստանում, ես արդեն ոչինչ չէի զգալու, եթե որևէ բան լիներ, ծնողներս էին այդ դաժան ապրումներն ունենալու։ Բժիշկս եկավ ինձ մոտ, հարցրի. «Բժիշկ ապրելո՞ւ եմ», նա նայեց ինձ, ասաց. «Վիճակդ ծանր է, բայց կանեմ ամեն ինչ կյանքդ փրկելու համար»։ Դրանից հետո մի քանի տեղից ինձ ներարկումներ արեցին, որպեսզի ոչ մի ցավ չզգամ, արնահոսությունն էին դադարեցրել ու ժամը 11-ին ինձ տեղափոխեցին Կապանի ԲԿ։ Այնտեղ անմիջապես սկսվել է վիրահատությունս, տևել է մոտ 12-13 ժամ։ Միաժամանակ 4 վիրահատություն են արել՝ ոտքս, թոքս, գլուխս ու աղիքներս։ Դրանից հետո, երբ գիտակցության եկա, ուրախացա, որ բժիշկը խոսք էր տվել ու արել էր։ Հետո հիշել էի, որ տղաները դեռ Իշխանաձորում, երբ վիրավորվել էի, ասում էին. «Կարենին պահեց, Կարենին պահեց», այնուհետև միանգամից բժշկին հարցրի, արդյոք Կարենից տեղեկություն ունե՞ն, նա էլ սկսել էր հետաքրքրվել, վիրավոր կամ զոհ կա, սակայն անունների մեջ չէր գտել, ես էլ ուրախացել էի»,- նշեց Ադամը։

Հիվանդանոցում նրա մոտ ոչ հեռախոս է եղել, ոչ էլ անձը հաստատող փաստաթուղթ։ Բժիշկը հարցրել է, արդյոք հիշո՞ւմ է անունը կամ որևէ հեռախոսահամար, միայն անունն է այդ ժամանակ հիշել ու հոր հեռախոսահամարը։ Հոր հետ շատ կամաց ձայնով է խոսել, ինչից հետո հայրը հասկացել է, որ տղան վիրավոր է:

«Հեռախոսով շատ կամաց ձայնով ասացի, որ շատ լուրջ վնասվածք չեմ ստացել, հիվանդանոցում եմ՝ Կապանում։ Բժիշկս հեռախոսը վերցրեց, հորս ճշմարտությունն ասաց, հաջորդ օրն առավոտյան ծնողներս Կապանում էին։ Հիվանդանոցի ընդունարանում նրանց հարցրել էին, թե ում մոտ են եկել, ասել էին՝ Ադամ Գրիգորյանի, ինչին ի պատասխան աշխատակիցներն ասել էին, որ մեկ Ադամ կա իրենց մոտ, սակայն ազգանունը չգիտեն և ընդհանրապես այլ տվյալ չունեն»,- ասաց մեր նյութի հերոսը։

Արդեն 6 ամիս է ինչ բուժումներ է ստանում։ Երկար ժամանակ չի կարողացել քայլել՝ մոտ 2 ամիս, երբ կանգնել է, գլխապտույտներ է ունեցել, սակայն այդ ամիսների ընթացքում, շատ դժվարությամբ փորձել է գոնե օրական մի քանի քայլ անել: Այժմ ոտքի նյարդային հյուսվածքների հետ կապված խնդիր կա, սակայն կամաց-կամաց բուժումներն իրենց արդյունքը տալիս են:

«Կապանի ԲԿ-ում եղել եմ 15 օր, ապա 1 օր գտնվել եմ Սիսիանի հոսպիտալում, ինչից հետո ինձ տեղափոխել են Էջմիածնի ԲԿ: 3 շաբաթ է, ինչ բուժում եմ ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Արդեն լուրջ արդյունքներ եմ զգում ոտքիս հետ կապված, քանի որ այն ժամանակ թաթս ընդհանրապես չէի կարողանում շարժել, սակայն հիմա ստացվում է: Մի փոքր բռնված է, բայց վստահ եմ, այդ հարցն էլ լուծելի է այստեղի մասնագետների շնորհիվ»,- վստահեցրեց Ադամը:

Նամակներ ու քացրավենիք դիրքերում շատ են ստացել

Ադամը պատմեց, որ նամակներ ու քաղցրավենիք պատերազմի օրերին շատ են ստացել:

«Աղջիկներն այնպիսի բաներ էին գրում, որ մենք ոգևորվենք դրանից: Շատ նամակներ ունեի հավաքած, որպեսզի պատերազմից գոնե մի դրական հուշ մնար, սակայն վիրավորվելուցս հետո այդ ամենը մնաց այնտեղ»,- ասաց պատերազմի մասնակիցը:

Նա շատ կարևորեց այն փաստը, երբ նման իրավիճակում զինվորին ցանկացած ձևով փորձում են ոգևորել:

 

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]