Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը Interstellar-ից հետո նոր ֆիլմ է պատրաստում․ բացառիկ հարցազրույց ժամանակով ճամփորդության, մուլտիտիեզերքի և ավելիի մասին

Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը Interstellar-ից հետո նոր ֆիլմ է պատրաստում․ 
բացառիկ հարցազրույց ժամանակով ճամփորդության, մուլտիտիեզերքի և ավելիի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդը վաղուց է փորձում հասկանալ՝ արդյոք հնարավոր են ժամանակային ճամփորդությունները․ գնալ հեռավոր ապագա կամ տեղափոխվել անցյալ՝ ականատեսը լինելու պատմական որևէ ժամանակահատվածի։ 20-րդ դարում, Հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծման հետ մեկտեղ, գիտնականները փորձեցին տալ այս հարցերի գիտական պատասխանները։ Նրանց շարքում առաջիններից էր ամերիկացի տեսաբան ֆիզիկոս Քիփ Թորնը, ով ընդամենը 30 տարեկանում դարձել էր Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Նա 1980-ականների վերջում առաջ քաշեց հիպոթեզ այն մասին, որ ժամանակի մեջ ճամփորդություններ կարող են իրականացվել որդնախոռոչների միջոցով (հեղ․ - որդնախոռոչները, որոնց գոյությունը գիտականորեն դեռևս ապացուցված չէ, տարածության և ժամանակի տարբեր կետերը միացնող յուրօրինակ թունելներ են)։ 

Հենց այս գաղափարն էր, որ Թորնի օգնությամբ հիանալի կերպով վիզուալիզացվեց միջաստղային ճանապարհորդության մասին պատմող հոլիվուդյան «Interstellar» («Ինտերստելար») ֆիլմում. ամերիկացի ֆիզիկոսը հանդես եկավ ֆիլմի գործադիր պրոդյուսերի ու գլխավոր գիտական խորհրդատուի դերում։ 

Հարաբերականության ընդհանուր տեսության՝ աշխարհի գլխավոր մասնագետներից մեկը համարվող Թորնը մեծ ներդրում ունի գրավիտացիոն ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում։ 1984 թվականին նրա մասնակցությամբ հիմնված Լազերային-ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն-ալիքային աստղադիտարանը (LIGO) ավելի քան 30 տարվա աշխատանքի արդյունքում 2015 թվականին գրանցեց գրավիտացիոն ալիքները, որոնք ի հայտ էին եկել սև խոռոչների՝ 1,3 մլրդ տարի առաջ տեղի ունեցած միաձուլման հետևանքով։ Այս կարևոր գիտական հայտնագործության համար Թորնը 2017 թվականին արժանացավ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի։ 

STARMUS-ի փառատոնին մասնակցելու նպատակով անվանի գիտնականը ժամանել էր Հայաստան։ «Արմենպրես»-ը բացառիկ հնարավորություն ունեցավ խոսել ֆիզիկոսի հետ ժամանակի մեջ ճամփորդությունների, մուլտիտիեզերքի, գիտության նվաճումների, ինչպես նաև այն մասին, թե ինչի վրա է 82-ամյա գիտնականն աշխատում հիմա։ 

- Պարոն Թորն, Ձեր հետազոտությունները գրավիտացիոն ալիքների և սև խոռոչների վերաբերյալ փոխեցին Տիեզերքի հետ կապված ընկալումները։ Մեզնից շատերը գիշերը նայում են երկնքին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է թաքնված Տիեզերքի սև անհայտության մեջ։ Իսկ ի՞նչ եք Դուք մտածում, երբ նայում եք երկնքին։ 

- Երբ նայում եմ երկնքին, ես գիտակցում եմ և միշտ հասկացել եմ՝ առնվազն որպես չափահաս մարդ, որ այն, ինչ մենք տեսնում ենք, շատ փոքր մասն է այն ամենի, ինչ իրականում այնտեղ կա։ Ես գիտակցում եմ, որ մեր աչքերն ու միտքը պետք է բաց լինեն լայն հնարավորությունների համար, որպեսզի դուրս գան շատ ավելի հեռու այն սահմաններից, որ տեսնում ենք մեր աչքերով կամ այլ օպտիկական, էլեկտրամագնիսական աստղադիտակներով։ Հիմա, արդեն գրավիտացիոն ալիքների աստղադիտակներով մենք վստահաբար առաջին անգամ սկսել ենք ուղիղ կոնտակտ հաստատել տարբեր մարմինների, սև խոռոչների հետ, որոնք չեն արձակում ոչ մի լույս, ոչ մի էլեկտրամագնիսական ալիք, որոնք շատ ուժեղ կորացնում են տարածությունն ու ժամանակը: Ինձ համար այստեղ առանցքային է այն, որ կան օբյեկտներ, որոնք ունեն հետաքրքիր, հարուստ հատկություններ, ու որոնք կարող են ձևավորված լինել կորացած տարածություն-ժամանակից՝ առանց որևիցե նյութի, կամ էլ ձևավորվել տարածաժամանակային կորության ու նյութի խառնուրդից: Տիեզերքը շատ ավելի հարուստ է, քան կարծում էինք տասնամյակներ առաջ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում մուլտիտիեզերքի մասին հիպոթեզին՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատ դժվար կամ գրեթե անհնար է ստուգել՝ այն ճիշտ է, թե ոչ։ 

- Կարծում եմ՝ դա իրական հնարավորություն է, սակայն, իհարկե, վստահ չեմ, որ այն գոյություն ունի։ Ես հաստատապես հավատում եմ, որ կա հավանականություն, բայց, ինչպես Դուք ասացիք, մենք չունենք հետազոտական տվյալներ, որոնք թույլ կտան մեզ պատասխանել այս հարցին։ 

- Պրոֆեսոր Թորն, Ձեզ հաճախ են հարցնում, թե արդյոք հնարավոր են ժամանակային ճամփորդությունները: Սակայն, ես ուզում եմ հարցս այլ կերպ ձևակերպել. եթե ժամանակի մեջ ճանապարհորդությունը հնարավոր լիներ, ո՞ւր կուզեիք գնալ, ի՞նչ ժամանակահատվածում կուզեիք հայտնվել։ 

- Կարծում եմ՝ կուզեի գնալ հեռավոր ապագա, տեսնել, թե ինչ է տեղի ունենում հեռավոր ապագայում ու հետ վերադառնալ։ Հեռավոր ապագա գնալն, անկասկած, հնարավոր է, սակայն մենք չունենք բավարար չափով լավ տեխնոլոգիաներ այնտեղ շատ արագ հասնելու համար։ Սակայն խնդիրը հետ վերադառնալն է… 

 

- Ի՞նչ եք կարծում, տիեզերական ուսումնասիրությունները մոտ ապագայում մարդկությանն ո՞ւր կտանեն։ 

- Կարծում եմ՝ ապագան ռոբոտների միջոցով, աստղադիտակներով, այդ թվում և գրավիտացիոն ալիքների դետեկտորներով և անմիջապես մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունների միախառնումն է։ Կարծում եմ՝ մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունները ևս կարևոր են։ Ես հատկապես ոգևորված եմ այն հնարավորությամբ, որ առաջիկա տասնամյակներում գուցե հնարավոր լինի շատ փոքր ռոբոտների մասնակցությամբ առաքելություններ (հեղ․ - նկատի ունի Breakthrough Starshot հեռանկարային ծրագիրը) ուղարկել Կենտավրոսի Պրոքսիմա՝ Կենտավրոսի ալֆա համակարգ, ինչպես նաև ուղարկել աստղադիտակներ, որոնք թռիչքի ընթացքում կնկարեն այն ամենն, ինչի միջով կանցնեն. վերոնշյալը, կարծում եմ, ամբողջությամբ կփոխի մեր մտածելակերպը, մեր պատկերացումները միջաստղային ճամփորդությունների մասին՝ հենց այն պահին, երբ կարողանանք այս ամենն անել  փոքր ռոբոտների մասնակցությամբ առաքելության միջոցով: 

Գիտեմ, որ շատ գիտնականներ կարծում են, թե անհեթեթություն է այդքան ջանք ներդնել՝ մարդկանց Տիեզերք ու այլ մոլորակներ ուղարկելու գործում։ Ես համաձայն չեմ նրանց հետ։ Իհարկե, կարծում եմ՝ մարդիկ մեզ շատ բան չեն տալիս։ Այո, ռոբոտներն ավելի լավ են գիտական բացահայտումների տեսանկյունից, սակայն մարդկանց ուղարկելն ունի ուժեղ մշակութային պատճառներ։ Մենք՝ մարդիկ, մեր ներսում ունենք ցանկություն, խորը հետաքրքրասիրություն, բացահայտելու ձգտում։ Կարծում եմ՝ այս մշակութային պատճառները շատ հիմնավոր են և դուրս են հատուկ երկրաֆիզիկական և կենսաբանական գիտական հետազոտությունների սահմաններից, որոնք կարող են արվել միայն ռոբոտիկայի միջոցով։ 

- Ո՞րն եք համարում 21-րդ դարի մեծագույն գիտական նվաճումը։ 

- Իհարկե, չգիտեմ, թե առաջիկա տարիներին որը կլինի մեծագույն գիտական նվաճումը։ Սակայն կարծում եմ, որ մեծագույն տեխնոլոգիական նվաճումը լինելու է հասուն քվանտային տեղեկատվական գիտությունը, անցումը դասական համակարգիչներից քվանտային համակարգիչների, դասական կրիպտոգրաֆիայից քվանտային կրիպտոգրաֆիայի, դասական չափումների տեխնոլոգիաներից քվանտային չափումների տեխնոլոգիաների։ Դա եկող հարյուրամյակում ռադիկալ կերպով փոխելու է մարդկային տեխնոլոգիաներն ու առօրյա կյանքը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաները։ 

 

- Ո՞րն է լավագույն խորհուրդը, որ սիրում եք տալ Ձեր ուսանողներին։ 

- Երկու խորհուրդ եմ տալիս։ Այսինքն, դրանցից մեկը տեղեկություն է՝ եթե ուզում եք ուսումնասիրել գիտությունը, գիտության ոլորտում հետաքրքիր բաներ անել, պետք է շատ և շատ տքնաջան աշխատեք։ Դա նշանակում է, որ հաջողելու համար պետք է վայելես այն, ինչ անում ես։ Երբ 4 տարեկան էի, պապիկս ինձ ասաց՝ երբ մեծանամ ու աշխատանք ունենամ, որը ինձ համար խաղի պես հաճելի մի բան կլինի, ես մեծ հաջողությունների կհասնեմ։ Եվ հիմա ես գիտեմ, որ դա ճիշտ է։ Հիմա ես հասկանում եմ, որ մեծագույն հաճույք է ունենալ այնպիսի աշխատանք, ինչպիսին ունեմ ես՝ որպես գիտնական, և հենց դա է առանցքային դերակատարում ունեցել այն հաջողությունների հարցում, որ գրանցել եմ։ 

Երբ թոռնուհիս որոշեց, որ ցանկանում է ֆիզիկոս դառնալ, ես նրան ասացի. «Դու դա բավարար չափով չես սիրում։ Դու այն օգտագործում ես՝ որպես ցատկահարթակ՝ գնալու այլ ուղղություններով, գտիր քեզ համար մի բան, որից անասելի հաճույք կստանաս ու կսիրես»։ Ի վերջո, նա ֆիզիկայում գտավ մի բան, որը սիրում է, այդ պատճառով նա դեռ զբաղվում է ֆիզիկայով։ Այս հարցը՝ անել մի բան, որով անսահման ոգևորված ես, չափազանց կարևոր է։ 

Եվ երկրորդը, պետք է շատ աշխատես։ Թեպետ հավանական է, որ քեզ անհրաժեշտ կլինի և դու կուզես կենտրոնանալ հարցերի շատ նեղ շրջանակի վրա՝ ինչ-որ ուղղությամբ մեծ հաջողության հասնելու համար, սակայն շատ կարևոր է, որ ժամանակիդ մի մասը, մի քանի տոկոսը կամ մի քանի տասնորդական տոկոսը  անցկացնես հարցերին ավելի լայն նայելով, որպեսզի բացահայտես նոր հնարավորություններ, որոնց մասին գուցե երբևէ չես էլ մտածել։ Եվ հենց դա, հնարավոր է, պատճառ դառնա, որ որպես գիտնական հիմնավոր փոփոխություններ անես քո ուղղվածության մեջ։ Ու գուցե դա արմատապես փոխի այն, ինչ անում ես ու թույլ տա անել հիանալի բաներ, որոնք այդպես էլ երբեք չէիր անի, եթե չբացահայտեիր հնարավորություններ, որոնց մասին չէիր էլ մտածել։ Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ քո հետազոտական աշխատանքը գուցե կենտրոնացած է հարցերի շատ նեղ շրջանակի վրա, որոշ ժամանակ ու ջանք հատկացրու՝ ավելի լայն նայելու աշխարհին։ 

- Իսկ ինչի՞ վրա եք աշխատում հիմա։ 

- Ես 82 տարեկան եմ, տարիներ առաջ ես որոշում կայացրի, որ անելու եմ բաներ, որոնք հաճելի են, որոնք սիրում եմ, որոնք շատ են տարբերվում այն ամենից, ինչ արել եմ։  

Առաջինը, ինչ հիմա անում եմ, հինգ այլ գործընկերներիս հետ LIGO գրավիտացիոն ալիքների նախագծի պատմությունը գրելն է, քանի որ պատմությունը մեծապես նախատեսված է ապագա պատմաբանների համար։ Քանի որ ինչ-որ առումով դա ամենաբարդ բանն էր, որ երբևէ արվել է գիտության մեջ։ 50 տարի պահանջվեց՝ կապելու այն ամենն, ինչ արել ենք՝ և սխալները, որոնք մեզ տարան սխալ ուղղությամբ, և սխալները, որոնք տարան ճիշտ ուղղությամբ, չհրապարակված զեկույցների փաստաթղթավորման հետ։ Սա մեկ բան, որով զբաղվում եմ։   

Վերջերս Լիա Հալորանի հետ ավարտել ու հրատարակչությանն եմ ուղարկել իմ պոեզիայի և նրա նկարների գիրքը։ Որոշել եմ մի քանի տարով դառնալ պոետ։ 

Աշխատում եմ Interstellar-ից հետո երկրորդ ֆիլմի վրա, քանի որ շատ վայելեցի  Interstellar-ը։ Պոեզիան, նկարչական գիրքը, երկու ֆիլմերը՝ Interstellar-ը և ներկայիս ֆիլմը. այս ամենը չափազանց հաճելի են ինձ համար։ Դրանք համագործակցություններ են մարդկանց հետ, ովքեր ինձնից շատ տարբեր են։ Եվ նրանք կարող են լինել շատ ոգևորող ոչ գիտնականներ։  

- Իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչ ֆիլմի վրա եք աշխատում։ 

- Միայն կարող եմ ասել, որ գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը չափազանց տարբեր է Interstellar-ից։ 

- Պրոֆեսոր Թորն, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ 

- Ես ևս շնորհակալ եմ։

 

 

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]