Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը հունվարին աճել է

Պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը հունվարին աճել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը 2019թ.-ի հունվարին նախորդ ամսվա համեմատ գրանցել է 1.8 տոկոս աճ՝ կազմելով միջինը 164,8 կետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԳԿ Հայաստանի գրասենյակից, աճը պայմանավորված է կաթնամթերքի գների կտրուկ վերելքով և արմավելու ու սոյայի յուղերի գների կայունացմամբ: Գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 2.2 տոկոսով ցածր էր 2018թ.-ի հունվարի մակարդակից:

ՊԳԿ hացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունվարին եղել է միջինը 168.1 կետ, ինչը բավականին բարձր է դեկտեմբերի ցուցանիշի համեմատ: Հիմնական հատիկավորների գները մեծամասամբ կայուն են եղել` չնայած արտահանման ծավալների կրճատմանը և համաշխարհային պահանջարկի բարձր մակարդակին:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով, ինչը հետևանք է արմավենու յուղի գնի բարձրացման՝ հիմնական արտադրող երկրներում սեզոնային արտադրության անկման պատճառով: Սոյայի միջազգային գները նույնպես բարձրացել են՝ Հարավային Ամերիկայի երկրներից ներկրման պահանջարկի ավելացման ֆոնի վրա:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը դեկտեմբերի համեմատ աճել է 7.2 տոկոսով` էապես փոխելով յոթ ամիսների գնային անկման միտումը: Այս աճի հիմնական գործոնը արտահանման սահմանափակ քանակներն են` Եվրոպայում առկա ներքին մեծ պահանջարկի, ինչպես նաև առաջիկա ամիսներին Օվկիանիայից արտահանման առաջարկի ակնկալվող սեզոնային անկման պատճառով:

ՊԳԿ շաքարավազի գնային ինդեքսը աճել է 1.3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ Բրազիլիայի արժույթի (բրազիլական ռեալ) արժևորմամբ, որը աշխարհում շաքարավազի ամենամեծ արտահանողն է:

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը գրեթե չի փոխվել դեկտեմբեր ամսվա համեմատ: Հունվարի արժեքը հաշվարկվել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մսի գինը ենթադրաբար կայուն է եղել, քանի որ պաշտոնական տվյալները հասանելի չեն եղել կառավարության գործունեության ժամանակավո դադարեցման (shutdown-ի) պատճառով: Այլ երկրներում, տավարի, խոզի և թռչնի մսի միջազգային գնառաջարկը կայուն է եղել, մինչդեռ ոչխարի մսի գինը նվազել է՝ Օվկիանիայից լայնածավալ արտահանման շնորհիվ:

Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ՊԳԿ-ի կանխատեսվող ծավալների մասին կարելի է կարդալ այստեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]