News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտադիր է կիբեռզորքեր ստեղծել՝ «ռուսական սպառնալիքին» դիմակայելու համար, հայտնում է Sky News հեռուստաալիքը: Զորքերի նոր տեսակը կստեղծվի Բրիտանիայի պաշտպանության նախարարության եւ Կառավարական կապերի կենտրոնի (GCHQ) նախաձեռնությամբ:

Կիբեռզորքերի կազմում կլինի 2 հազար մարդ, որոնց թվում՝ GCHQ մասնագետները, զինծառայողներ եւ պայմանագրային աշխատողներ: Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ ֆինանսավորումը կկազմի ավելի քան 250 մլն ֆունտ սթերլինգ:

Կիբեռանվտանգության ոլորտում Մեծ Բրիտանիայի հնարավորությունների ընդլայնումը առաջնահերթ խնդիր է, կարծում է Մեծ Բրիտանիայի Միացյալ ուժերի հրամանատարության նախկին ղեկավար, գեներալ Ռիչարդ Բարոնսը: Հարձակողական գործողությունների վրա կենտրոնացումը թույլ կտա ապահովել «այն պետություններին զսպելու ու պատժելու նոր միջոցները, որոնք ցանկանում են Մեծ Բրիտանիային վնաս հասցնել», կարծում է Բարոնսը:

Հիշեցնենք, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը եւ Բրիտանիայի Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը ապրիլին համատեղ հայտարարություն էին հրապարակել, որում թշնամական կիբեռակտիվությունը համարել էին Կրեմլի զինանոցի տարրերից մեկը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր դաշնակիցների հետ աշխատում է տեղեկությունների եւ գործիքների տարածման վրա, որոնք անհրաժեշտ են նման հարձակումներին հակադարձելու համար: Ռուսաստանից բխող կիբեռսպառնալիքների դեմ պայքարում անհրաժեշտ է օգտագործել տարբեր ռեսուրսներ, այդ թվում՝ «դիվանագիտական, իրավապահ եւ տեխնիկական», նշված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ