Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ։
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով և մաղթել հաջողություններ:
Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում կարևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվող հնարավորությունները։ Խոսվել է նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ուսանելի է համարել Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում: