«Հասնելու ենք նրան, որ Հայաստանը պահանջի ռուսական ռազմական բազայի դուրսբերում. Մոսկվան կհամաձայնի». Մոդեստ Կոլերով

Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ

– Պարոն Կոլերով, ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին ինչպե՞ս եք գնահատում քաղաքական դաշտի վիճակը, նախընտրական տրամադրությունները և այն մտավախությունները, որ այս ընտրությունները գաղափարական հենք չեն ունենալու:

– Ես Հայաստանում չեմ ապրում և չեմ կարող ճշգրիտ գնահատականներ տալ: Բայց կողքից հետևելով իրավիճակին` կարող եմ ասել, որ ընտրություններում կհաղթեն Փաշինյանի կողմնակիցները, խորհրդարանում ձևավորվելիք ընդդիմությունը թույլ չի լինի: Սակայն որևէ սկզբունքային բան դա չի փոխի այս փուլում: Իմ կարծիքով, այո, գաղափարներն առաջին տեղում չեն, քանի որ այս ժամկետներում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում առաջին հերթին այն պատճառով, որպեսզի ամրապնդվի Փաշինյանի և նրա աջակիցների մենաշնորհային դերակատարությունը քաղաքական թատերաբեմում:

Հենց այդ պատճառով ընտրությունները որոշվել է անցկացնել դեկտեմբեր ամսին, քանի որ բոլորն են հասկանում՝ ժամանակի ընթացքում և հատկապես այս ժամանակահատվածում, երբ մայիսից բավական ժամանակ է անցել, և առջևում ծախսատար ամիսներ են, Փաշինյանի և կողմնակիցների վարկանիշը սկսելու է անկում ապրել: Փաշինյանը ցանկանում է ֆիքսել իր մեծամասնությունը խորհրդարանում, քանի դեռ այն գտնվում է վերելքի փուլում: Իսկ հետո այս մեծամասնության վրա հիմնվելով՝ գարնանը կանցկացվի հանրաքվե կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում կատարելու նպատակով: Բայց այդ մասին դեռ վաղ է խոսել:

– ՀՀԿ-ն խորհրդարան մտնելու հնարավորություն ունի՞՝ հաշվի առնելով հասարակության ներկայիս տրամադրությունները:

– Կարծում եմ` կա հնարավորություն:

– Դուք այն կարծիքին էիք, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն չպետք է մասնակցի, դա կլիներ ճիշտ որոշում:

– Ես ներկայումս ևս այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր: Սակայն սա նրանց որոշումն է: Ըստ իս, չպետք է մասնակցեր, քանի որ ՀՀԿ-ն չի ավարտել իր ներքին կուսակցական վերակառուցման աշխատանքները, իսկ ներկայումս հանդես է գալիս որպես կոալիցիա՝ կազմված տարբեր ուժերից: Ի դեպ, նշեմ, որ նոր անունների ընդգրկումը ցուցակում ոչ թե նպաստում է ՀՀԿ-ի հեղինակության բարձրացմանը, այլ ընդհակառակը՝ վնասում հեղինակությանը: Բայց նրանք որոշել են մասնակցել, և կարծում եմ՝ կանցնեն խորհրդարան:

– Ինչո՞ւ է նոր անունների ընդգրկումը վնասում ՀՀԿ-ի հեղինակությանը:

– Դա էլ ավելի է արտացոլում այն իրավիճակը, որում հայտնվել է ՀՀԿ-ն, և կուսակցական փոփոխությունների հրամայականն է՛լ ավելի է սրում:

– Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի անդամները 2016 թվականի ամռանը գրավել էին ՊՊԾ գունդը, որոշել են մասնակցել առաջիկա ընտրություններին, նրանք աչքի են ընկնում բավականին ռադիկալ հակառուսական պահանջներով: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես նման ուժի ներկայությունը քաղաքական դաշտում, և ի՞նչ հաջողություններ կարող է ունենալ «Սասնա ծռերը» Հայաստանում:

– Այն բանից հետո, երբ իշխանությունը համաներեց «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին, հանեց նրանցից երկու տարի առաջ կազմակերպված ահաբեկչության պատասխանատվությունը, նրանք դառնում են ռադիկալ քաղաքական կուսակցություն: Նշեմ, որ այդ արմատականությունը նրանց մոտ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի մոտ է: Փաշինյանը հետզհետե սկսելու է ռադիկալիզմի հարցում «պարտվել» «Սասնա ծռերին», և ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի շատ է սկսելու զիջել այս ուժին, քանի որ այն դիրքորոշումը, որը նա ցուցաբերեց նրանց նկատմամբ, ցույց է տալիս, որ փաստացի և գաղափարական առումով նաև Փաշինյանն այս ուժին հաղթել չի կարող: «Սասնա ծռերը» սկսելու է ավելացնել իր հեղինակությունը Փաշինյանի հաշվին:

– Դա, ըստ Ձեզ՝ վտանգավո՞ր է:

– Արմատականությունը միշտ էլ վտանգավոր է, բայց որոշումն արդեն կայացված է:

– Նրանց ցուցակում հայտնված որոշ գործիչներ պնդում են, որ այս ուժը մեր քաղաքական դաշտին հարկավոր է, որպեսզի ՌԴ-ն իմանա` իր նկատմամբ կա ավելի խիստ դիրքորոշում: Այդ դիրքորոշումներին Դուք ծանոթ եք: Ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռերի» այս դերակատարությունը, և որքանո՞վ այս կուսակցության վերոնշյալ դերակատարությունը դրականորեն կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– Ես շատ վաղուց եմ ասել, որ մենք ապրելու ենք և հասնելու ենք նրան, որ Հայաստանը պահանջի ռուսական ռազմական բազայի դուրսբերում Հայաստանից: Դա լինելու է: Ես կարծում եմ, որ դա Ձեր Հայաստանի ներքին գործն է, երբ էլ որ դա տեղի ունենա:

– Այսինքն` ըստ Ձեզ, այն պահանջները, որոնք հնչում են այս կուսակցության կողմից, մոտ ապագայում առարկայանալու հնարավորություն ունեն: Ինչպիսի՞ն կլինի դրան Մոսկվայի արձագանքը:

– Չեմ կարող ասել, թե երբ: Ես վստահ եմ, որ գալու է այդ ժամանակը: Մոսկվան կհամաձայնի: Եթե հիշում եք, Ռուսաստանը Վրաստանից է հանել իր ռազմաբազան և ռազմական օբյեկտ է դուրս բերել Ադրբեջանից: Այնպես որ՝ Ռուսաստանն ունի նման փորձ, նորություն չկա սրանում Ռուսաստանի համար:

– Իսկ նորություն կլինի՞ Հայաստանի համար:

– Դա արդեն Ձեր դաշտի հաշվարկների խնդիրն է:

– Հայաստանյան ներքաղաքական գործընթացներում արտաքին հետաքրքրություններ տեսնո՞ւմ եք:

– Իհարկե, ես դրանց մասին ասել եմ: ԱՄՆ-ը ոչ մեկ անգամ է հայտարարել այդ մասին: Ապագան ևս կարևոր կլինի՝ հասկանալու համար այդ հետաքրքրությունները և իմ կարծիքի հիմնավորվածությունը:

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր: Ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից:

– ՀԱՊԿ-ում ճգնաժամ չկա: ՀԱՊԿ-ն շատ փափուկ կազմակերպություն է, որը մեծ սահմանափակումներ չի դնում իր մասնակիցների նկատմամբ: Հայաստանը որոշել է թելադրել իր պայմանները ՀԱՊԿ-ին, դա չի հաջողվի, և ես դրանում ոչ մի ճգնաժամ չեմ տեսնում: Բայց տեսնում եմ ճգնաժամ Հայաստանի կառավարման համակարգում, այո՛, բայց դա ՀԱՊԿ ճգնաժամ չէ, քանի որ դա փափուկ կազմակերպություն է և ոչինչ չի թելադրում իր մասնակից երկրներին, այլ միայն արտոնություններ է տրամադրում:

– Հայկական կողմը նշում է, որ շարունակելու է պնդել իր դիրքորոշումը:

– Փաշինյանի նշած խոսքերը ոչինչ չեն նշանակում, քանի որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, և այն, որ Փաշինյանը սպառնաց պահանջել հաշվետվություն Լուկաշենկոյից և Նազարբաևից՝ իրեն չի օգնելու:

Տեսանյութեր

Լրահոս