Բաժիններ՝

Անգործությո՞ւն, թե՞ դիտավորյալ կոծկում

Հունվարի 15-ին 168.am-ը հրապարակում էր պատրաստել Ջերմուկում և հարակից Կեչուտում տեղի ունեցած մի միջադեպի մասին։ Նշված տարածքում ընդհարումներ էին տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք էր եղել, որի մասին ոստիկանության կողմից որևէ հաղորդագրություն չէր եղել:

Մի խումբ մարդիկ դեռևս ամառվանից ի վեր փակել են Ամուլսար տանող ճանապարհները, և չշահագործվող հանքում ամիսներ շարունակ դադարեցվել են շինարարական աշխատանքները: Աշխատանքից ազատվել է 1000-ից ավելի մարդ, ինչի պատճառով, 168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ արտագաղթ է սկսվել, քանի որ փակվում են փոքր բիզնեսները, պակասել է առևտուրը խանութներում։ Փաշինյանի գլխավորած կառավարությունը տեղի ունեցող նման խոշոր դիվերսիային որևէ կերպ չի արձագանքում, արդեն մոտ 9 ամիս հարցը լուծում չի ստանում։

Մենք տեղեկություն էինք հաղորդել այն մասին, որ անաշխատանք մնացած համայնքի բնակիչները հարցերը պարզելու էին գնացել ճանապարհները փակող և աշխատանքները խոչընդոտող խմբի հետ: Արդյունքում՝ տեղի էին ունեցել բախումներ, կային տուժածներ: Ոստիկանության կողմից, սակայն, այս մասին որևէ բան չէր հաղորդվել: Ավելին, մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը նաև չէր կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, չէր ձերբակալել պատասխանատուներին: «Լիդիան Արմենիա» ընկերությունից հրաժարվել էին մեզ պարզաբանումներ տալ այդ մասին։ Միայն նշել էին, որ տարածքում արդեն 7 ամիս շարունակվող ապօրինության վերացումը պատկան մարմինների գործառույթն է:

Օրեր առաջ խմբագրությունը ոստիկանության մի աշխատակցի կողմից զանգ ստացավ. փորձում էին ճշտել՝ հոդվածում նշված տեղեկատվությունից բացի, արդյոք այլ նյութեր էլ ունե՞նք, թե՞ ոչ՝ ըստ էության փորձելով հասկանալ, թե ինչ քանակի ու որակի տեղեկատվության ենք մենք տիրապետում։

Ոստիկանության արձագանքը

Փետրվարի 11-ին Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնից նամակ ստացանք, որում նախ նշվում էր, որ հրապարակման  հիման վրա  ոստիկանության Ջերմուկի  բաժնում նախապատրաստվում են նյութեր, ապա դիմելով խմբագրությանը՝ խնդրում էին մեզ տեղեկություններ տրամադրել հրապարակման համար հիմք հանդիսացած աղբյուրների և դրա մեջ տեղ գտած հանգամանքների վերաբերյալ։

Այլ գրությամբ Ոստիկանության նույն բաժնից գրում են, որ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Գ.Վիրաբյանը գրում է, որ հանձնարարություն է տրվել համապատասխան  ծառայություններին  սեղմ  ժամկետում  ձեոնարկել  օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ  կայքում  առկա  հրապարակման  մեջ  տեղ  գտած հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գրության մեջ նշված է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանություն են հրավիրվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կապալառու կազմակերպության նախկին աշխատակիցներ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպան ակտիվիստներ, Ջերմուկ համայնքի բնակիչներ։

Ըստ ոստիկանության՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կապալառու կազմակերպության նախկին աշխատակիցները տվել են նույնաբովանդակ բացատրություններ այն մասին, որ 2018թ. նոյեմբեր ամսից մինչև դեկտեմբեր ամսվա 22-ն աշխատել են «Էկոբիլդինգ» կապալառու կազմակերպությունում և Ամուլսարի տարածքում իրականացրել են ձմեռացման աշխատանքներ։ Նշված աշխատանքները կատարել են առանց որևէ խոչընդոտների։

Վերջիններս Ջերմուկ համայնքում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպան-ակտիվիստների և հանքի շահագործմանը կողմ քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների և դանակահարության մասին 168.am կայքի հրապարակումը հերքել են՝ նշելով, որ Ջերմուկ համայնքում ապրելու ժամանակահատվածում, մասնավորապես, հետտոնական օրերին, որևէ վիճաբանության կամ դանակահարության մասին որևէ տեղեկություն չունեն։

Նշվում է, որ բնապահպան ակտիվիստները ևս տվել են նույնաբովանդակ բացատրություններ՝ հայտնելով, որ մասնակցում են Ջերմուկ համայնքում իրականացվող բողոքի խաղաղ ակցիային՝ Ամուլսարում մետաղական հանքարդյունաբերության դեմ։ Բողոքի ակցիան իրականացվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների մուտքի մոտ, ինչի արդյունքում վերոնշյալ տարածք ընկերության աշխատակիցների մուտք գործելն անհնարին է դարձել։

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ 2018թ. հունիսի 22-ից սկսած՝ ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել է հասարակական կարգի պահպանության իր պարտականությունները։ Բողոքի ակցիայի իրականացման ժամանակահատվածում բազմաթիվ կապալառու կազմակերպություններ առանց խոչընդոտների մուտք են գործել Ամուլսարի տարածք, դուրս են բերել իրենց պատկանող տեխնիկան ու գույքը, ինչպես նաև կատարել են ձմեռացման աշխատանքներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները նույնպես հերքել են 168.am կայքի հրապարակումն այն մասին, որ բախումներ ու դանակահարություն է տեղի ունեցել իրենց և այլ քաղաքացիների միջև՝ համարելով դա հերթական ապատեղեկատվություն՝ ուղղված իրենց պայքարին։ Վերջիններս հայտնել են, որ թե՛ նախատոնական, թե՛ հետտոնական օրերին որևէ վիճաբանություն կամ դանակահարություն չի եղել, բացի այդ, նշել են, որ Ամուլսարում հանքարդյունաբերության դեմ պայքարի շնորհիվ Ջերմուկ համայնքում աննախադեպ միասնականություն և համախմբվածություն է տիրում։ Ելնելով վերոգրյալից և համարելով, որ նախապատրաստված նյութերով առերևույթ կատարված որևէ հանցագործության վերաբերյալ փաստական տվյալ ձեռք չի բերվել՝ որոշվել է 168.am լրատվական կայքում 15.01.2019թ. հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ոստիկանությունը կոծկում է հանցագործությունը

Փաստորեն, պարզվեց, որ ոստիկանությունը հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները հաստատող որևէ փաստական տվյալ չի կարողացել ձեռք բերել։ Ոչ ոք ոչինչ չի տեսել ու ոչինչ չի լսել, իսկ ոստիկանությունն էլ «պատշաճ կերպով» իրականացրել է իր պարտականությունները։ Ավելին, բողոքի ակցիայի մասնակիցներն էլ են հերքել, թե նման բան եղել է։

Իսկ այժմ ուշադրություն. ներկայացված այս լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում են ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են երևում, որոնք փորձում են կողմերին միմյանցից բաժանել։ Ոստիկանությունն իր այս հաղորդագրությամբ փորձում է «ապացուցել», թե բախում չի եղել, այնինչ մեր լուսանկարները բոլորովին հակառակն են ապացուցում։ Ավելին, մարզի ոստիկանությունն այդ մասին տեղյակ է եղել, սակայն ոչ միայն գործ չի հարուցել, այլև մի ամբողջ իրավապահ համակարգ լծվել է մամուլում հայտնված հրապարակման հերքման համար «ապացույցներ» հավաքելու գործին։

Փաստացի, երկրի խոշորագույն ներդրման շուրջ, տևական ժամանակ է՝ տեղի է ունենում ապօրինություն, որը նոր կառավարությունը որևէ կերպ չի դադարեցնում։ Իսկ երբ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ և մասնակցությամբ տեղի է ունենում բախում ու դանակահարություն, ոստիկանությունը ոչ միայն չի արձագանքում, այլև դիմում է ապօրինության՝ կոծկում է հանցագործությունը։ Եթե սա արվում է մարզային ոստիկանության մակարդակում, ու Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները մարզային ոստիկանության կողմից իրականացվող այս ապօրինությանը տեղյակ չեն, ուրեմն իրավապահ համակարգի ղեկավարներն իրենց տեղում չեն։ Իսկ եթե երկրի խոշորագույն ներդրողի հանդեպ այս խայտառակությունն իրականացվում է իշխանության թողտվությամբ, ապա կատարվածն արդեն բոլորովին այլ հետևությունների տեղիք է տալիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս