×


Բաժանություններ, հրապարակային ներողություն եւ թարմացված երդումներ. Թիմբերլեյքի եւ Բիլի 10 տարեկան ընտանիքը

Ջասթին Թիմբերլեյքը եւ Ջեսիկա Բիլը չեն էլ մտածել, որ իրենց սիրավեպը երկար կտեւի: Երկուսն էլ հայտնի էին ու սիրված, երբ հանդիպեցին: Թիմբերլեյքը մի քանի տարի հարաբերություններ էր ունեցել Քեմերոն Դիասի հետ, ոչ պակաս հայտնի սիրեցյալներ էր ունեցել նաեւ Բիլը: Երեւի իրենց կապն էլ հերթական են համարել, բայց ժամանակը ցույց է տվել, որ խորապես սխալվել են: Նրանք արդեն 10 տարի է՝ ապրում են միասին ու 2 որդի մեծացնում:

Հանդիպումը

Նրանց սիրավեպը սկսվել է 2007-ին՝ «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ ճակատագրական հանդիպումից հետո: Դրանից 5 տարի անց գաղտնի ամուսնացել են Իտալիայում՝ միայն ամենամտերիմների ներկայությամբ:


«Մեր ծանոթությունում ոչ մի արտառոց ու աստղային բան չկար: Տեսանք միմյանց ու սկսեցինք խոսել, ապա ընկերոջս խնդրեցի Ջեսիկայից իմանալ, թե կարող եմ նրան զանգահարել: Ու պատասխանեց՝ այո, ես էլ ժամադրության հրավիրեցի»,- պատմել է երգիչը:

Սակայն եթե համադրենք նրա «Հետահայաց» գրքի մտքերն ու Բիլի ուշ շրջանի զրույցները, իրականում ամեն ինչ ավելի ռոմանտիկ է եղել: Հանդիպել են 2006-ին ու մի քանի ամիս պարզապես հեռակա շփվել. «Երկար ժամանակ անգամ չենք համբուրվել, քանի որ նա շրջագայության էր, ու միայն հեռախոսով էինք խոսում»,- պատմել է Բիլը:

Հենց այս նախապատմությունից հետո են վերջապես հանդիպել «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ, որտեղ ամեն ինչ էլ ավելի է թեժացել: Հենց առաջին հանդիպումից հետո չեն էլ թաքցրել, որ հավանում են միմյանց:


«Երբ Ջեսի հետ հանդիպեցինք, առաջին բանը, որ մտածեցի՝ որքան գեղեցիկ է նա: Հոլիվուդում փակ ակումբում երեկույթի էինք մասնակցում, եւ երբ սարկաստիկ հումոր արեցի, նրանից բացի ոչ մեկը չհասկացավ»,- գրել է Թիմբերլեյքը:

Ցավոտ բաժանումը

Դեռ երկար ժամանակ իրենք էլ չէին հավատում, որ ամեն ինչ լուրջ է, դրա համար էլ միասին հանրային վայրերում սկսեցին հայտնվել միայն 2008-ին, իսկ մինչ այդ ամեն ինչ մանրակրկիտ թաքցնում էին: Երկրպագուները միանգամից չէ, որ հավանություն տվեցին այս միությանը: Հատկապես հարձակվեցին Թիմբերլեյքի վրա. նրան սիրավեպեր էին վերագրում Միլա Կունիսի, Ռիհաննայի, Օլիվիա Մանի, Քեյթ Հադսոնի հետ, ու սա դեռ կարճ ցուցակն է: Երգչի մայրն էլ առանձնապես սիրալիր չէր վերաբերվում Բիլին: Արդյունքում Ջեսիկան խոստովանեց, որ շատ է հոգնել այդ ճնշումից:

2010 թվականին նրանք որոշեցին դադար վերցնել ու բաժանվել, սակայն կարճ ժամանակ անց վերամիավորվեցին, ապա 2011-ի մարտին նորից բաժանվեցին:


6 մլն արժողությամբ հարսանիքը

Առանց միմյանց կարողացան դիմանալ ընդամենը 3 ամիս. Բիլն ինքն առաջին քայլն արեց, որ հաշտվեն: Նա եկավ բարեգործական համերգի, որը Թիմբերլեյքն էր կազմակերպել, միջոցառումն արդեն միասին լքեցին, իսկ հաջորդ օրը երգիչը ռոմանտիկ ընթրիք կազմակերպեց:

Կարճատեւ բաժանումը դրական էր ազդել հենց երգչի վրա, նա հասկացավ, որ երջանիկ է միայն Ջեսիկայի հետ: Հետագայում իր գրքում հետեւյալն է գրել. «Միասին շատ անմոռանալի պահեր ենք ունեցել: Նա մեծ ազդեցություն է գործում կյանքիս վրա: Հիանում եմ Ջեսիկայով, հատկապես, երբ տեսնում եմ մոր դերում: Բայց մինչ այդ էլ նրանով ոգեշնչվում էի: Գեղեցիկ է գրում, արտակարգ դերասանուհի է, զվարճալի, շատ զվարճալի: Ամենահամբերատար մարդկանցից է, որ ես երբեւէ հանդիպել եմ: Նա փոխել է ինձ, փոխել է ողջ կյանքս»:


Թիմբերլեյքը որոշեց այլեւս չսպասել ու միանգամից ամուսնության առաջարկություն արեց: Հոկտեմբերին դերասանուհու մատին հայտնվեց 130 հազար դոլար արժողությամբ նշանադրության մատանին:

«Դեռ պատրաստ չեմ հարսանիքին, երկուսս էլ շատ աշխատանք ունենք անելու, համարյա տանը չենք էլ լինում»,- ասուլիսների ժամանակ հարսանիքի մասին զրույցները փորձում էր շեղել Բիլը:

Հարսանիքը տեղի ունեցավ Իտալիայում, որին հրավիրված էին միայն ամենամտերիմ ընկերներն ու բարեկամները: Այն կազմակերպելու վրա ծախսվեց 6 մլն դոլար: Բիլը կրում էր Ջամբատիստա Վալլիի վարդագույն զգեստ, իսկ Ջասթինը նրա համար երգ գրեց. «Մտածեցի՝ որեւէ նվեր պետք է անեմ, ու երգ գրեցի, որի հնչյունների ներքո հարսնացուն եկավ խորանի մոտ: Անգամ տարիքով տղամարդիկ էին արտասվում, հուսով եմ՝ ոչ այն պատճառով, որ վատ էի երգում»,- կատակել է նա:


Երջանկության գաղտնիքը

Կյանքում, ի տարբերություն ֆիլմերի, կյանքը շարունակվում է նաեւ ամուսնությունից հետո, իսկ Թիմբերլեյքն ու Բիլը կարողանում են այն իսկապես երջանիկ դարձնել: 2015 թվականի ապրիլին ծնվեց նրանց ավագ որդին՝ Սայլաս Ռենդաը, Ջեսիկան էլ ազգանունը փոխեց ու դարձավ Թիմբերլեյք, թեեւ ֆիլմերի ազդագրերում շարունակում է գրվել Բիլ:

Երգիչը բացահայտել է, որ խոհարարի ձիրք ունի ու ամեն ինչ էլ կարողանում է պատրաստել, ընդհուպ մինչեւ տորթեր, մինչդեռ Բիլը չի սիրում կանգնել գազօջախի մոտ: Ընտանեկան երջանկության գրավականն այսպես է ձեւակերպել Ջասթինը. «Անգամ եթե ամուսնանում եք, պետք է շարունակեք հանդիպել»: Իրենք փորձում են խստորեն հետեւել այդ կանոնին:

Պարբերաբար ժամադրություններ են կազմակերպում, չեն մոռանում միմյանց ծիծաղեցնել անգամ սոցցանցերում, զբոսնում են երեխաների հետ, համբուրվում հանրային վայրերում ու, իհարկե, համատեղ սելֆիներ անում:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Justin Timberlake (@justintimberlake)



«Ամուսնացած լինել՝ նշանակում է ունենալ մեկին, որի հետ կարելի է կիսել վերելքներն ու վայրէջքները, մեկնել ճանապարհորդության ու մերկ լողալ: Հենց նման բաներ»,- կիսվում է դերասանուհին:

«Ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում աննկատ նայել նրան, հասկանում եմ, որ իմ կյանքի ամենաճիշտ որոշումն եմ կայացրել: Արժեր այդ քայլին դիմել, որովհետեւ նա ինձ համապատասխանում է նույնքան, որքան ես՝ իրեն»,- սրանք էլ երգչի խոսքերն են:

Վերջերս նրանք 20 մլն դոլարով տուն են գնել Մանհեթենում ու շարունակում են վայելել համատեղ կյանքը:


Դավաճանությունը

Մի քանի տարի առաջ խոսակցություններ տարածվեցին Թիմբերլեյքի դավաճանության մասին: Նրան Նոր Օռլեանում տեղի ունեցած երեկույթի ժամանակ նկատել էին դերասանուհի Ալիշա Ուեյնրայթի հետ: Նրանք միասին ֆիլմում էին նկարվում այդ ժամանակ: Այն բանից հետո, երբ տեսանյութը հայտնվեց համացանցում, Թիմբերլեյքը հանրայնորեն ներողություն խնդրեց կնոջից նման պահվածքի համար, բայց ժխտեց, որ դավաճանել է նրան:

«Բոլոր այդ ենթադրությունները ցավ են պատճառում իմ սիրելի մարդկանց: Իմ ու խաղընկերուհուս միջեւ ոչինչ էլ չի եղել: Ցավում եմ իմ պահվածքի համար: Իհարկե, դա այն չէ, որ ցանկանում եմ տղաներս ինձնիս սովորեն»,- ասել է երգիչը:

Բիլն այդ ողջ ընթացքում լռություն է պահպանել, բայց անանուն աղբյուրների տեղեկություններով նեղացած է եղել ամուսնուց: Ընտանեկան վեճերի պատճառով Թիմբերլեյքն անգամ ստիպված է եղել տնից որոշ ժամանակով հեռանալ:


Զույգը կարողացավ այդ տհաճ միջադեպը թողնել անցյալում ու նորից շարունակել ապրել միասին:

Նոր երդումներ

Նախորդ տարի նրանք նշել են համատեղ կյանքի 10-ամյակը, ինչի առիթով նորից են թարմացրել ամուսնական երդումները: Արարողությունն ամռանն Իտալիայում էր, որտեղ ժամանել են նրանց մտերիմները: Սակայն վերջին պահին որոշել են ամեն ինչ չեղարկել:

«Մտածեցինք՝ հնարավոր է՝ այդ ամենը կողքից լավ չնայվի, հիմար տեսք ունենանք: Բայց իրականում այնքան հուզիչ ստացվեց: Հիմա հաստատ կշարունակենք երդումներով փոխանակվել նաեւ հետագայում»,- պատմել է դերասանուհին:

Նա նաեւ նշել է, թե ինչպես է այդ 10 տարիների ընթացքում փոխվել. «Զգում եմ անվտանգության եւ ուրիշ մարդու հասկանալու անհավանական համադրություն: Դա թույլ չի տալիս, որ կորցնենք հետաքրքրությունն արկածների ու զարգացման նկատմամբ: Ջասթինը պնդում է, որ պետք է շարունակենք հանդիպել: Քանի որ այդ ամենն օգնում է հարաբերությունները թարմ պահել»:


Թիմբերլեյք

«Mirrors» երգը գրել եմ կնոջս համար: Նա իմ կյանքի վրա հսկայական ազդեցություն է թողել ու փոխել ինձ, այդ ամենը կա նաեւ երգում: Այն գրելու ընթացքում ապրում էինք միասին, բայց դեռ ամուսնացած չէինք, իսկ տեսահոլովակը նվիրել եմ տատիկիս ու պապիկիս. հենց նրանցից եմ սովորել, թե ինչ է իսկական սերը: Գիտեի, որ իմ ու Ջեսիի միջեւ էլ այդպես է լինելու:

Տարիների ընթացքում զգում եմ, թե նա ինչպես է փոխվել: Նրա մարմինը տաճար է, որը պետք է պաշտել ու հիանալ: Տարված եմ նրանով, արթնանում եմ, նայում նրան, ու վերջ՝ արդեն ոգեշնչված եմ:


Չեմ կարող բառերով փոխանցել այն ամենն, ինչ զգում եմ նրա նկատմամբ: Լավագույն կինն ու մայրն է, որի մասին կարելի է երազել: Անսահման եմ սիրում: Միասին շատ անմոռանալի օրեր ենք ունեցել, պաշտում եմ նրան:

Բիլ

Միշտ հաճելի է միասին անել այն, ինչ սիրում ենք, օրինակ՝ գնալ ֆիլմի պրեմիերայի կամ կիսել միմյանց հաջողությունները: Երբ սիրելիդ կողքիդ է, այդ ամենից հետո միասին կարող եք մեկ բաժակ գինի էլ խմել:


Շատ ենք սիրում նաեւ միասին զվարճանալ: Այնքան ենք ծիծաղել «Քենդի» սերիալում իմ կրած գանգուր կեղծամի վրա, այն անսահման նման է NSYNC խմբի կազմում հանդես գալու տարիներին Ջասթինի ունեցած մազերին:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին