1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը

Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 7-ից մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից՝ ժամը 11:00-ից: Առաջին կանգառը Փարաքարն է՝ Մշակույթի տան դիմաց, ապա 11:40-ին՝ Էջմիածնում՝ կրկին Մշակույթի տան դիմաց: 13:20-ին կուսակցությունը լինելու է Գայ գյուղում՝ գյուղապետարանի դիմացի այգի, 14:00-ին՝ Գեղակերտում՝ Մշակույթի տան դիմաց, 14:40-ին՝ Մեծամոր քաղաքում՝ Մշակույթի տանը, 15:50-ին Մրգաշատում՝ Մշակույթի տան դիմաց, Փշատավանում՝ Մշակույթի տան դիմաց, 17:40-ին՝ գյուղ Արմավիրում՝ Մշակույթի տան դիմաց, 18:35-ին՝ Քարակերտում՝ Մշակույթի տան դիմաց: Վերջին կանգառը լինելու է քաղաք Արմավիրը՝ Հրապարակում:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է ժամը 11-ից և Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մշակույթի տան դահլիճում, այնուհետև 12:30-ին Մեղրի քաղաքի մշակույթի պալատում հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ: 14:30-ին՝ Քաջարանում՝ Ֆ. Պետրոսյանի անվան հրապարակում և 18:30-ին Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում հանրահավաքներ են լինելու:

«Պատիվ ունեմ» դաշինքը ժամը 12:00-ին քարոզարշավ կիրականացնի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից, ապա վերադառնալու են Երևան, որտեղ կլինի ծրագրի հաստատման, քարոզարշավի մեկնարկի արարողություն:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը նախընտրական քարոզարշավը սկսելու է Արմավիրի մարզից: Նրանք ժամը 14:00-ին քայլերթ են իրականացնելու Էջմիածնի ակումբի մոտից մինչև հրապարակ, այնուհետև 16:30-ին նախատեսվում է հավաք Արմավիր քաղաքի նորաբաց այգում: Ժամը 17:30-ին դաշինքի թիմը լինելու է Խանջյան գյուղում, իսկ 20:30-ին քարոզչական օրն Արմավիրի մարզում եզրափակելու են հավաքով՝ «Մեյմանդարի» շուկայում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հունիսի 7-ին ժամը 11:00-ից սկսել են իրենց քարոզարշավը Կասկադ համալիրի ՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ժամը 17:30-ին՝ Աբովյան քաղաքից: Ժամը 19:00-ին նրանք կլինեն Նոր Հաճնում:

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը քարոզարշավը սկսել է 11։00-ից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, այնուհետև 13:30-ին լինելու են Սարուխան գյուղում, 13։30-ին՝ Գանձակում, 15։00-ին՝ Գավառում: Ժամը 18։30-ին քարոզարշավի առաջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կամփոփի Նորատուս համայնքում։

Ազգային-ժողովրդավարական բևեռը քարոզարշավն սկսում է մամուլի ասուլիսով և դրամահավաքով, որոնք տեղի կունենան Ուրարտու ռեստորանային համալիրում (Պռոշյան փողոց, Ձորափի 1)՝ մամուլի ասուլիսը՝ ժամը 18։00-ին։ 
Դրամահավաքի երեկույթը սկսվում է նույն օրը՝ ժամը 19։00-ին, ռեստորանային համալիրի դահլիճում։ 

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]