Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը դատախազությանը բողոք է ուղարկել «Աստղիկ» բժշկական կենտրոնի դեմ


Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեք ամիս «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացնելուց հետո երեկ տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղափոխմանը, սակայն, մի շարք իրադարձություններ էին նախորդել, որոնց հետքերով Արդարադատության նախարարությունը Գլխավոր դատախազությանը բողոք է ուղարկել բժշկական կենտրոնի դեմ՝ ակնկալելով, որ քրեական գործ կհարուցվի և պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները։

Երեկ երեկոյան Արդարադատության նախարարությունն ահազանգեց, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կուրղինյանն ու նրա գործընկերները մի փաստաթուղթ են տրամադրել այն մասին, որ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում հիվանդանոցից մայիսի 22-ին։ Բնօրինակը հանձնվել է հենց այդ պահին հիվանդանոցում գտնվող «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» բժշկին։

«Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո քրեակատարողականի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ նա պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել», - գրում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը Ֆեյսբուքի իր էջում գրում է նաև, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն ունեն, և տեղի ունեցածը առերևույթ հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

«Նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունը, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին այս բժշկական կենտրոնում պահելու հարցում», - եզրահանգում է արդարադատության նախարարը։

Ավելին, իշխանության ներկայացուցիչը պնդում է՝ Խաչատրյանին դուրս գրելու մասին բնօրինակ փաստաթղթի, այսպես կոչված, «անհետացումից» հետո իրենց է տրամադրվել դուրսգրման համար անհրաժեշտ տեղեկատվությանը տրամագծորեն հակառակ տեղեկատվություն, որով «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։

Ըստ Բադասյանի, Հանրապետականի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող հիվանդանոցը շահագրգռված է Խաչատրյանի հիվանդանոցում պահելու հարցում, քանի որ, ինչպես Բադասյանն է գրում, ՊԵԿ նախկին նախագահը հիվանդանոցում որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում։ Ցուցված բուժումն իրականացվում է դրսից հրավիրված մասնագետի միջոցով։

Արդարադատության նախարարը նաև հայտնում է՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը հրաժարվեց արձագանքել Արդարադատության նախարարության՝ իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին։ «Դուրս են գրել, Գագիկ Խաչատրյանն էլ մեզ մոտ չի», - ասաց Ասատրյանը:

ՊԵԿ նախկին ղեկավարի փաստաբան Երեմ Սարգսյանը տրամագծորեն հակառակ պատմությունն է ներկայացնում՝ պնդեց՝ իրականում հենց «Քրեակատարողական բժշկության կենտրոնն» է որոշում կայացրել պաշտպանյալին տեղափոխել կալանավայր, այն էլ՝ հարկադրաբար։ Ասաց՝ իմանալով այս մասին, շտապել են հիվանդանոց և այդ մասին տեղեկացել քրեակատարողականի բժշկից։

«Դուրս գրված չի, բայց հեսա դուրս կգրվի», հարցրինք՝ «այսինքն դուք տեղյա՞կ էիք, որ դուրս է գրվելու», «դե չէ, բայց դե հեսա դուրս կգրվի»: Դե մենք, բնականաբար, փորձեցինք հասկանալ, թե էս ինչ մեթոդ է և ինչի՞ց ելնելով են ենթադրում, որ պետք է դուրս գրվի: Որոշ ժամանակ անց քրեակատարողական համակարգի աշխատակիցները հայտնեցին, որ Գագիկ Խաչատրյանն արդեն դուրս է գրվել, որի համաձայն, հիվանդանոցը դուրս է գրում Արդարադատության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿԻ տնօրենի որոշման հիմնա վրա: Այսինքն՝ ոչ թե լավացումով, ոչ թե Գագիկ Խաչատրյանի ցանկությամբ, այսինքն այնպես չի, որ բուժվեց, ավարտվեց, դրա համար դուրս է գրվում, այլ ցուցում է եկել կամ գրավոր փաստաթուղթ է եկել կամ որոշում, որի հիման վրա դուրս են գրում և եկել են տեղափոխելու», - ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենք գրավոր դիմել են բժշկական կենտրոնի ղեկավարությանը և տեղեկացել, որ հիվանդանոցն է դիմել քրեակատարողական կենտրոն, որպեսզի ստանա պատասխան՝ դուրս գրվի՞ Խաչատրյանը, թե՞ ոչ. «Որպեսզի ստանան պատասխան՝ դուրս գրվի, թե ոչ, և դրանից հետո միայն այդ հարցը կարող է որոշվել, և նաև նշվեց, որ ժամը 18:36-ի դրությամբ Գագիկ Խաչատրյանը դուրս գրված չի, և նման կարգադրություն ու նախաձեռնություն չկա պետական մարմիններից»:

Հարցին, արդյոք քրեակատարողականը չի՞ կարող նման որոշում կայացնել, փաստաբանը պատասխանեց. «Մի բան հաստատ է, որ բուժման ընթացքի մասով որոշումներ կայացնելու իրավասություն ունեն, այսինքն նույն տրամաբանությամբ՝ երբ որ մենք ասում ենք՝ տեղափոխենք բուժման, իրենք են որոշում, հետ վերադարձման մասին էլ են իրենք որոշում, այսինքն՝ երեք տարբերակ կա անձին դուրս գրման. մեկը՝ անձի ցանկությունը, մեկը՝ բուժումը, մեկն էլ պահանջը քրեակատարողական մարմնի: Հիմա եթե բուժում չկար, այսինքն չէր ավարտվել բուժումը, և անձը ցանկություն չունի մնում է պահանջելը»:

Փաստաբանն ասաց, որ Առողջապահության նախարարության անցկացրած բժշկական հետազոտությամբ՝ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատվի։ Իսկ հենց այդ վիրահատությունը Հայաստանում չի կատարվում։

Ի պատասխան փաստաբանի պնդումների Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի տնօրենի որոշմամբ: Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է: Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները:

Արդարադատության նախարարությունը նաև հայտնում է, որ քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ:

Այսօր վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քննում էր փաստաբանների բողոքը՝ Խաչատրյանին կալանքից ազատ արձակելու համար։ Որոշումը կկայացվի երկուշաբթի։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ մեծ կասկածներ ունի նախկին իշխանության մեղադրյալ ներկայացուցիչների բուժման հանգամանքների վերաբերյալ՝ մասնավորապես, թե որքանով է արդարացված հիվանդանոցային պայմաններում բուժումը։

Իրավապաշտպանը վկայակոչում է հենց նախարարության հայտարարությունը, ըստ որի Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկները չեն բուժել։

«Ես կարծում եմ, որ իմ կանխատեսումները, որ հանցավոր ուժերը կարողանալու են դիրքավորվել և իրենց փողերով, իրենց գողացված փողերով կարողանալու են ինչ-որ հարցեր լուծել, ցավոք սրտի, պարբերաբար տարբեր դրվագներով գալիս է ապացուցելու՝ չի կարող չլինել կոռուպցիոն ռիսկ, եթե մի քանի րոպեի տարբերությամբ, շատ կարճ ժամանակի տարբերությամբ ուղղակի նման իրավիճակ է ստեղծվել», - ասաց Կարապետյանցը:

Կարապետյանցը պատահական չի համարում Սամվել Ալեքսանյանին պատկանող հիվանդանոցում տեղի ունեցածը։ Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանն ու մյուսները մի թիմի անդամ են եղել, որոնք կապված են տարբեր գործարքներով ու ինչ-որ տեղ պարտավորված են միմյանց օգնել, կարծում է իրավապաշտպանը:

2008-2014 -ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանն, ըստ փաստաբանների, ունի ողնաշարի և հենաշարժական ապարատի խնդիրներ, մարմնում իմպլանտ է տեղադրված։ Ըստ իրավապահների, նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի օրոք իր ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում: Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG