News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցականները դասադուլ են անում. նրանք սեպտեմբերի 1-ից դասի չեն հաճախում: Բանն այն է, որ կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշմամբ, Փյունիկի դպրոցը վերամիավորվելու է հարեւան Արտավազ գյուղի դպրոցի հետ, այսինքն՝ Փյունիկի դպրոցը երկու ամսից փակվելու է ու դպրոցի 42 աշակերտներներ պիտի հաճախեն հարեւան գյուղի դպրոց:

«Մինչեւ Արտավազ հասնելը մոտ 3 կմ է, ճանապարհներն էլ լավը չեն, ո՞նց կարելի է նման որոշում կայացնել: Էրեխեն դպրոցից կուշանա ու շատ ուրիշ խնդիրներ կան, եւ ի վերջո, դպրոց փակել նշանակում է գյուղը գոյություն չի ունենա: Մեկը ես ծնող եմ, մտածում եմ, որտեղ իմ էրեխեն սովորի, ես էլ գնամ էնտեղ ապրեմ, իսկ ես իմ համայնքից չեմ ուզում հեռանալ, ինչու մեր կարծիքի հետ հաշվի չեն նստում»,-նշում է փյունիկցի կինը:

Սեպտեմբերի 1-ին Փյունիկ համայնք էին մեկնել Կոտայքի փոխմարզպետ Մուշեղ Մանասյանը եւ ԿԳ փոխնախարարը, հանդիպել բոյկոտող ծնողներին եւ իրազեկել, որ Արտավազը եւ Փյունիկն ընդգրկված են մեկ վարչական միավորի մեջ, այսինքն մեկ համայնք է՝ մեկ համայնքի ղեկավարով: Այս համայնքում կա երկու միջնակարգ դպրոց, երկուսն էլ թերբեռնված, մի շարք դասարաններում աշակերտ չկա, իրազեկել են, որ լուծվելու են բոլոր խնդիրները. դպրոցն ունենալու է իր սեփական ավտոմեքենան, որով լուծվելու է երեխաների տեղափոխության հարցը:

Ասել են՝ ձմռանը ճանապարհի անանցանելիության հարցն, այսպես թե այնպես, եղել եւ մնալու է ուշադրության կենտրոնում: Այնպիսի խնդիր, որը կհանգեցնի երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքի սահմանափակամանը` բացառվում է: Տեղեկացրել են նաեւ, որ խնայված միջոցները ներդրվելու են Արտավազի դպրոցի բարելավման համար, որեւէ ուսուցիչ չի զրկվելու աշխատանքից:

Սակայն 7 օր է, փյունիկցի երեխաները չեն հաճախում դպրոց: Տեղի ունեցածի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է Փյունիկի դպրոցի տնօրեն Մարաբյանի հետ.

«Երեխաները դպրոց չեն հաճախում, ուստի նրանց բացակա ենք նշանակում: Ունենք 9 առաջին դասարանցի: Նրանք եւս չեն գալիս դպրոց: Մեր ուսուցիչները բոլորը տեղում են: Կառավարության որոշման մասին որեւէ կարծիք չունեմ, սպասում ենք՝ ինչ որոշեն, այն էլ կլինի, մենք ենթակա մարդիկ ենք»,-նշեց Մարաբյանը:

Փյունիկի գյուղապետն էլ հայտնեց, որ հասկանում է գյուղացիների մտահոգությունը, բայց բոլորի պես սպասում են, թե ինչ կլինի առաջիկայում:

Ի դեպ, փյունիկցիները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ եթե կառավարությունը իր որոշումը չփոխի, իրենք կգնան կառավարություն, իսկ մինչ այդ երեխաները դպրոց չեն հաճախի:

Տպել
Ամենաշատ