Մատչելիության հղումներ

Հայաստանյան դեպքերը «համատարած կոռուպցիայի» հետևանք են․ միջազգային մամուլը շարունակում է արձագանքել


«Ապրիլի 23-ի իրադարձությունները 20 տարվա ընթացքում ձևավորված համակարգի հետևանք էին, երբ բիզնեսն ու քաղաքականությունը միախառնված են, երբ բազմաթիվ քրեական հեղինակություններ և ղարաբաղյան պատերազմի վետերաններ տիրացել են տնտեսության շահութաբեր ճյուղերին և դրանցից հրաժարվելու մտադրություն չունեն»․ Foreign Policy:

Moscow Times-ի մեկնաբանը փորձում է հասկանալ, թե ով է փոխարինելու Սերժ Սարգսյանին պետության ղեկավարի պաշտոնում: «Կրեմլի համար ավելի նախընտրելի գործընկեր կլիներ «Գազպրոմի» նախկին աշխատակից, ժիլետների նկատմամբ սեր տածող 53-ամյա Կարեն Կարապետյանը:

Պահը, սակայն, առավել բարենպաստ է Նիկոլ Փաշինյանի համար, որն այս պահին որպես ազգային հերոս է ընկալվում»,- գրում է Moscow Times-ի մեկնաբանը, հավելելով․ «Եթե իրադարձությունները զարգանան Փաշինյանի համար բարենպաստ հունով, ապա Ռուսաստանը գործ կունենա երիտասարդ, Մոսկվայի հանդեպ հոռետեսորեն տրամադրված ժողովրդավար գործչի հետ: 42-ամյա պատգամավորը հայաստանակենտրոն մոտեցումների կողմնակից է, ով պնդում է, թե ռուսամետ կամ արևմտամետ քաղաքական ուժերը Հայաստանում անելիք չունեն»,- գրում է պարբերականը:

«Երբ Ռուսաստանի դաշնակից հետխորհրդային որևէ երկրում պետության ղեկավարին պաշտոնանկ են անում, Վաշինգտոնից մինչև Մոսկվա, բոլոր փորձագետներն աշխարհաքաղաքական հետևությունների ավելի արագորեն են հանգում, քան որևէ մեկը կհասցնի արտաբերել «Ջորջ Սորոս» բառակապակցությունը:

Բայց երբեմն, ինչպես օրինակ՝ Հայաստանի դեպքում, իշխանության տապալումը պարզապես իշխանության տապալում է»,- Foreign Policy հանդեսում գրում է բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի հեռացումն իշխանությունից աշխարհաքաղաքական զարգացումների հետ որևէ կապ չունի:

«Սարգսյանի հեռացումն այն իրողության վկայությունն է, որ հետխորհրդային տարածքում ձևավորված վարչակազմերն այնքան էլ ամուր չեն, որքան կարող է թվալ հեռվից: Այս տարածաշրջանում իշխող վարչակազմերը կարող են խաղաղ կերպով փլուզվել՝ առանց որևէ արտաքին ճնշման»-, համոզմունք է հայտնում դե Վաալը: Foreign Policy հանդեսի հոդվածագրի համոզմամբ, սակայն, սխալ կլիներ կարծելը, թե վերջին իրադարձությունների գլխավոր պատճառը Սերժ Սարգսյանի անձն էր:

«Ապրիլի 23-ի իրադարձությունները 20 տարվա ընթացքում ձևավորված համակարգի հետևանք էին, երբ բիզնեսն ու քաղաքականությունը միախառնված են, երբ բազմաթիվ քրեական հեղինակություններ և ղարաբաղյան պատերազմի վետերաններ տիրացել են տնտեսության շահութաբեր ճյուղերին և դրանցից հրաժարվելու մտադրություն չունեն: Այս ընթացքում արտագաղթը դարձել է այն փրկօղակը, որին դիմում են երկրի մի շարք առավել աչքի ընկնող և տաղանդավոր բնակիչներ` չկարողանալով գործող համակարգի պայմաններում իրենց կարողություններին համապատասխանող աշխատանք գտնել Հայաստանում: Այս ամենն իր հերթին արնաքամ է անում երկիրը»-, շարունակում է Թոմաս դե Վաալը:

Գերմանական DW-ի մեկնաբան Միոդրագ Սորիչը ևս պնդում է, որ հայաստանյան բողոքի ակցիաներում աշխարհաքաղաքական բաղադրիչ չկա: «Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծաբաններ արդեն իսկ երազում են, թե ինչպես է Հայաստանը փոխելու իր արտաքին քաղաքական կողմնորոշումը: Բայց իրականության հետ դա շատ քիչ կապ ունի: Տեսանելի ապագայում Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի հովանավոր պետության դերում:

Իրադարձությունների զարգացման որևէ այլ սցենար անտեսում է քաղաքական, տնտեսական և մշակությաին իրողությունները, ինչպես նաև իրենց` հայերի ցանկությունները: Պատմական պատճառներից ելնելով` հայերը բավական սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, ինչը, սակայն, չի նշանակում, որ Երևանը չի կարող շատ լավ հարաբերություններ ունենալ նաև Արևմուտքի հետ»,- գրում է DW-ի մեկնաբանը: Միոդրագ Սորիչի համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր պատճառը ներքին ճգնաժամն էր, նախևառաջ՝ համատարած կոռուպցիան:

«Երկար տարիներ մարդիկ պարզապես բողոքում էին: Վերջին շաբաթներին, սակայն, նրանք անվախ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ փողոց դուրս եկան: Փաշինյանն ու նրա ճամբարը ապագայի հստակ ծրագիր ունեն: Նրանք իրատեսներ են, այլ ոչ թե հաղթանակից կուրացած ռոմանտիկներ»,- նշում է DW-ի մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG