Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիսատեսը տպավորել է երաժիշտներին

Մշակույթ
jjj

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացված Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մասնակից երաժիշտները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ և փառատոնի բարձր մակարդակով: Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս, հայտնի կիթառահար Վլադիմիր Կիրասիրովն (Ռուսաստան) առաջին անգամ էր Հայաստանում: «Տպավորություններս շատ լավն են: Երկու համերգ եմ ունեցել փառատոնի շրջանակում: Հանդիսատեսը շատ ջերմ էր: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Այստեղ հանդես եմ եկել նաև վարպետության դասով, որին մասնակցել են շատ տաղանդավոր երեխաներ: Հիասքանչ է, որ կա նման փառատոն, որին մասնակցում են կիթահարներ տարբեր երկրներից, կիսվում իրենց փորձով: Սա երիտասարդ կիթառահարների ինքնազարգացման համար մեծ խթան է»,-նշում է Վլադիմիր Կիրասիրովը: Կիթառահարը փաստում է, որ դասական կիթառի նկատմամբ հետաքրքրություն աշխարհում կա, բայց ավելի քիչ է, քան մյուս գործիքների նկատմամբ: «Հետաքրքրությունը դասական կիթատի նկատմամբ  հնարավոր է մեծացնել նման հրաշալի փառատոնների միջոցով»,-շեշտեց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս հանդես կգա Երևանյան միջազգային կիթառի փառատոնին: Եվգենիա Մարկովան (դոմրա/Ռուսաստան) նույնպես տպավորված է փառատոնով, Երևանում է երկրորդ անգամ: «Հանդիսատեսը շատ ջերմ էր. Երևանում միշտ շատ հաճելի է ելույթ ունենալ: Հանդիսատեսին շատ հետաքրքրեց իմ գործիքը՝ դոմրան: Ի դեպ, մեր համերգներից մեկին հանդես ենք եկել նաև Կոմիտասի, Նարեկացու ստեղծագործություններով: Շատ սիրում եմ իրենց գործերը, կատարել եմ նաև Սանկտ Պետերբուրգում: Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը»,-ընդգծեց Եվգենիա Մարկովան՝ նույնպես հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ կվերադառնա մեր երկիր: Բացի համերգներից հյուրերը նաև հնարավորություն են ունեցել բացահայտելու Հայաստանը, եղել են մեր երկրի տարբեր մշակութային վայրերում, ծանոթացել մեր պատմությանը: Հիշեցնենք, որ Երևանում անցկացված կիթառի 3-րդ փառատոնին մասնակցեցին ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն ընձեռեց: Երաժշտական տոնը կազմակերպել էին Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը: Փառատոնի աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը: jj