×


«Դհոլի բանալի» գրքի շնորհիվ պատանի դհոլահարները նոտաճանաչ կդառնան

«Դհոլ նվագելու արվեստին տիրապետելու համար երաժշտական նուրբ ականջի բացակայությունը լուրջ խոչընդոտ է, քանի որ հայկական ժողովրդական հարվածային այս գործիքի կատարողական ռեսուրսը չափազանց լայն է»,- այս մասին մեզ հետ զրույցում փաստեց դհոլի լավագույն վարպետ Սերգեյ Խաչատրյանը, ով առավել հայտնի է Էֆո բեմական անունով:

Կատարողական ու դասավանդման գործընթացում հանդիպած դժվարությունները Էֆոյին դրդել են իր ուսերին վերցնել տարիների բացը լրացնելու բարդ աշխատանքը՝ կյանքի կոչելով ուսումնական մի ձեռնարկ, որը հենարան ու օգնական կլինի ապագա դհոլահարներին եւ որպես բանալի կօգնի բացել դհոլին անթերի տիրապետելու բոլոր անհայտ էջերը։ Նրա հեղինակությամբ լույս տեսած «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկում դհոլահարը ներկայացրել է այս երաժշտական գործիքին տիրապետելու առանձնահատկությունները եւ դրա կարեւոր դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում:

«Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկը


Ոլորտի մասնագետները միաբերան պնդում են, որ իր տեսակի մեջ եզակի ձեռնարկն իսկապես, դհոլին տիրապետելու լավագույն բանալին է։

«Մինչ այժմ մեր երաժշտական ուսումնական հաստատություններում դհոլ նվագել էին սովորեցնում առանց նոտագրության: Նման ձեռնարկի անհրաժեշտությունը առանձնահատուկ էր զգացվում, քանի որ աշակերտներն ու ուսանողներն էլ ծանոթ չէին երաժշտական տերմինաբանությանը: Այդ ամենը փորձել եմ պարզ ու մատչելի լեզվով ներկայացնել «Դհոլի բանալի» ձեռնարկում, որը դարձել է ե՛ւ նոր սերնդի, ե՛ւ հմուտ երաժիշտների սեղանի գիրքը»,- վստահաբար շեշտեց դհոլի անվանի վարպետ Սերգեյ Խաչատրյանը՝ Էֆոն։

Լինելով դհոլ արտադրող վարպետ՝ Էֆոն իր ստեղծած դասագրքում մանրամասն ներկայացնում է հայկական դհոլ նվագելու առանձնահատկություններն ու հմտությունները: Ուսումնական ձեռնարկում հեղինակը ներկայացնում է հայկական դհոլի ամենակարեւոր առանձնահատկությունները, ինչպես նաեւ կատարման տեխնիկայի առավել պատկերավոր օրինակները` մետրո-ռիթմիկ մոդելների տեսքով, որոնք տիպաբանորեն կապված են դհոլ նվագելու բնույթի հետ:

«Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկը


Ձեռնարկը բաղկացած է մի շարք բաժիններից` ձայնի վերարտադրման տեխնիկա, նոտաների նշագրում, դհոլի տերմինաբանություն, երաժշտական տարրական տեսություն, վարժություններ, էտյուդներ... Գրքում ներկայացված դասավանդման նյութերի, ռիթմիկ հնչերանգների առանձնահատկությունների հիմքում ընկած են հեղինակի ստեղծած կատարումները եւ հայկական էթնիկ ավանդական երաժշտության նմուշները։

«Այսուհետ, պատանի դհոլահարները նոտաճանաչ կդառնան»,- ուսումնական ձեռնարկը ձեռքին հպարտությամբ արձանագրում է Էֆոն ու հավելում․«Այս ձեռնարկը շատերին կօգնի խորապես ծանոթանալ դհոլին տիրապետելու առանձնահատկություններին եւ էապես կնպաստի մեզանում կատարողական արվեստի զարգացմանը»:

Ըստ Էֆոյի՝ դհոլի պրոֆեսիոնալ տիրապետումը հետագայում հնարավորություն կտա կատարողներին հանդես գալու նաեւ էստրադային, նույնիսկ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:

«Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկը


Էֆոն, հայկական ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսելով ժամանակակից մեղեդիների եւ ռիթմերի հետ, ազգային նվագարանները ճանաչելի է դարձնում աշխարհի հեղինակավոր բեմերում։

Շարունակելով հայ ժողովրդական կատարողական արվեստի բարի ավանդույթները՝ 2013 թվականին Սերգեյ Խաչատրյանը՝ Էֆոն, հիմնեց «Էֆո» դհոլի եզակի դպրոց-ստուդիան, որտեղ շուրջ 150 աշակերտներին է փոխանցում իր վարպետությունը եւ վերջին տարիներին, արդեն նաեւ իր սաների միջոցով է աշխարհով մեկ տարածում հայկական դհոլի երաժշտությունը։ Արդյունքում, միջազգային մրցույթներից ու փառատոներից նրա սաները մշտապես վերադառնում են միայն մրցանակներով։

«Երբ ծնողներն իրենց երեխաներին բերում են երաժշտական դպրոց, սովորաբար ասում են, որ նրանք դհոլ են խփում սեղանի, աթոռի եւ այլ առարկաների վրա։ Վստահ եմ՝ դհոլի հնչյունները մեր արյան մեջ են, դրանք արձագանք են գտնում յուրաքանչյուր հայի հոգում»,- արձանագրում է երաժիշտն ու ընդգծում․«Հենց մանկավարժական գործունեության ընթացքում զգացի նման ձեռնարկի անհրաժեշտությունը, որի  ստեղծումն ու հրատարակումը բաղձալի երազանք էր դարձել։ Սակայն, իմ տաղանդավոր ընկերների աջակցությամբ այն կյանքի կոչվեց»:

«Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկը


«Դհոլի բանալի» ձեռնարկն արդեն հասանելի է բոլոր գրախանութներում: Ազգային նվագարաններից դհոլի կատարողական նրբություններով հետաքրքրված պատանիներն իրենց սմարթֆոնների միջոցով կարող են սքանավորել գրքում առկա QR-կոդը եւ ստանալ հայկական դհոլի մասին տեղեկությունների ամբողջական ծավալը:

Ի դեպ, ստեղծվել է «Dholkey»՝ դհոլի առաջին հավելվածը, որն անվճար ներբեռնելով  սմարթֆոններում, հնարավորություն կունենան ծանոթանալու դհոլի ձայնի վերարտադրման տեխնիկային, տերմինաբանությանը, դհոլի երաժշտական տարրական տեսությանը, ինչպես նաեւ կատարել նոտաների նշագրում, վարժություններ, էտյուդներ։ Հավելվածում առկա են նաեւ դասավանդման նյութերի, ռիթմիկ հնչերանգների առանձնահատկություններ, որի հիմքում ընկած են հեղինակի ստեղծած կատարումները եւ հայկական էթնիկ ավանդական երաժշտության նմուշներ։

Սերգեյ Խաչատրյանի՝ Էֆոյի ստեղծագործական, ինչպես նաեւ «Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկին վերաբերող նորություններին կարող եք հետեւել https://www.dholstore.com/ կայքում,

Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/efodholstore

Ինստագրամում՝ https://www.instagram.com/efodholofficial/

Յութուբում՝ https://www.youtube.com/user/efodhol


Լիլիթ Մակարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին