Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական. ՀՀ նախագահն ընդունել է հադրութցիների խմբին

Էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական. ՀՀ նախագահն ընդունել է 
հադրութցիների խմբին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց օջախներից զրկված և ներկայումս Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների:

«Բոլորիս մեջ ցավ կա, սակայն այն անհամեմատելի է նրա հետ, ինչ ապրում եք դուք, ձեր ընտանիքները, հարազատները,-ասել է նախագահը:- Աշխարհում ամեն հայ մեծ բեռ ունի, բայց այդ բեռն, իհարկե, համեմատելի չէ ձերի հետ: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորս միասին՝ Հայաստանից մինչև Արցախ, կարողանանք ընկած տեղից վեր կենալ, կանգնել, անցնել դժվար ճանապարհ՝ չդառնալու պարտված ժողովուրդ, պետություն, ազգ: Սրանք են իմ սփոփանքի խոսքերը, որովհետև այս պահին ուրիշը չունեմ: Դրա համար էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական: Պետք է աշխատենք ամեն ինչ անել:

Իրար մեղադրել, վիճել... Սա մեզ ոչ մի տեղ չի տանելու, բացի մեծ դժբախտությունից: Փորձենք ոտքի կանգնել, իրար օգնել»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալված հադրութցիները հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրենց մտահոգություններով ու անհամաձայնություններով այս օրերին դիմել են միջազգային կառույցներին ու դեսպանատներին: Նրանք տեղեկացրել են, որ իրենց պահանջներն ամփոփել են 4 հիմնական կետերով. քննության առնել Հադրութի դեօկուպացիայի հարցը, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, իրավական հարթություն տեղափոխել Հադրութից տեղահանվածների խնդիրը, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելու հարցը:

Նշելով, որ զինադադարի վերաբերյալ փաստաթղթի հետ որևէ կապ չի ունեցել՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինձ համար դա ցավալի է, քանի որ այսքան տարվա իմ դիվանագիտական ու բանակցային փորձը չօգտագործվեց»: Հանրապետության նախագահը նշել է, որ այսօր առաջին քայլերից մեկը պետք է լինի` «վերադարձնել ղարաբաղյան հարցը բանակցային փուլ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Մեր ամբողջ ներուժը՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, պետք է ներդնենք, որ հարցը վերադարձնենք Մինսկի խումբ: Հենց դա կարող է լինել այն մեխանիզմը, որը պետք է գործի պատմական ու հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության համար: Հարթակները կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ ատյաններ»:

Հադրութցիների հարցին, թե ինչ կարող են իրենք անել դրան նպաստելու համար, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք ձեր ձայնը պետք է լսելի դարձնեք, ոչ մի դեպքում ձեր ձայնը չպետք է կորչի։ Դուք չեք կարողանալու բանակցել, բայց ձեր ձայնը պետք է լինի։ Պետք է կազմակերպվեք և ձեր խնդիրները, պահանջը պետք է փաստացի լինեն։ Ես ձեզ հետ եմ»:

Նշելով, որ այսօր կան հսկայական հումանիտար խնդիրներ՝ նախագահը կարևորել է տարբեր ծրագրերի միջոցով դրանց լուծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]