17:20  ,  31 հուլիսի, 2018

Իրինա Սլուցկայա. Ցանկանում եմ ավելի շատ բան իմանալ Հայաստանի ու հայերի անցած ճանապարհի մասին

Ինձ առանձնահատուկ գրավում է հայկական մշակույթն ու կոլորիտը: Այս օրերին ամբողջովին ընկղմվել եմ Հայաստանի պատմության ու մշակույթի մեջ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գեղասահքի օլիմպիական փոխչեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Իրինա Սլուցկայան, որն այս օրերին գտնվում է Երեւանում:

Սա անվանի գեղասահորդուհու առաջին այցը չէ Հայաստան: Այս անգամ նա Հայաստանում է երկրում շրջելու ու հայկական մշակույթին ծանոթանալու համար:

Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Ախթամար» լեգենդի ներկայացում-մյուզիքլը սառույցի վրա, իսկ գլխավոր դերում Իրինա Սլուցկայան է:

«Ինձ շատ հաճելի է կրկին լինել Հայաստանում այս անգամ ձեր երկրին, մշակույթին, պատմությանը ծանոթանալու նպատակով: Հայաստանում կայանալու է մեծ պրեմիերա՝ «Ախթամար» լեգենդի սառցե ներկայացում-մյուզիքլը: Ինձ համար մեծ պատասխանատվություն եւ պատիվ է լինել այս մյուզիքլի գլխավոր դերում: Ես խաղալու եմ Անահիտ աստվածուհու դերը եւ ինձ համար այս դերը շատ հոգեհարազատ է: Մեծ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում այս ներկայացման վրա: Երբ ինձ դեր առաջարկեցին այս մյուզիքլում եւ ասացին, թե ում պետք է մարմնամավորեմ, սցենարին ծանոթանալուց հետո «Ախթամար» լեգենդն ինձ շատ հուզեց: Ես մի քանի անգամ կարդացի լեգենդը եւ առանց վարանելու համաձայնեցի խաղալ ներկայացման մեջ:

Արդեն 4 օր է Հայաստանում եմ, հասցրել եմ այցելել բազմաթիվ թանգարաններ, պատմամշակութային վայրեր: Ամբողջովին ընկղմվել եմ Հայաստանի պատմության, մշակույթի մեջ: Ինձ ամեն էքսկուրսիայից հետո մի բան հուզում ու տպավորում է, եւ դեռ ուզում եմ ավելի շատ բան իմանալ Հայաստանի, հայերի անցած ճանապարհի մասին: Ինձ առանձնահատուկ գրավում է հայկական մշակույթն ու մեր օրերի հայկական կոլորիտը: Ես շրջում եմ տարբեր պատմական վայրերով, քայլում Երեւանի փողոցերով, որպեսզի ավելի լավ ճանաչեմ հայի կերպարն ու կարողանամ մեր ներկայացում-մյուզիքլի համաշխարհային պրեմիերայի օրը ճիշտ մատուցել Անահիտի կերպարը հայ հանդիսատեսին»,- ասաց Իրինա Սլուցկայան:

39-ամյա գեղասահորդուհու հետ Հայաստանում են մյուզիքլի բեմադրող ռեժիսորը, երաժշտության հեղինակ, նախագծի տնօրենը: Հայաստանով շրջելուց բացի, Իրինա Սլուցկայան չի մոռանում նաեւ մարզումների մասին եւ այս օրերին Երեւանում պարբերաբար մարզվում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում:

«Ես այստեղ պարզապես մարզվում եմ, բայց սա ներկայացում-մյուզիքլի մարզումները չեն: Երեւանում առաջին անգամ չեմ մարզվում, այստեղի մարզադպրոցն ինձ շատ է դուր գալիս; Ճիշտ է՝ մրցաշրջանն արդեն ավարտվել է եւ սառույցը մի փոքր նստել է, բայց ինձ դա չի խանգարում: Այստեղ հրաշալի պայման կա գեղասահքով զբաղվելու համար, կարեւորը տաք եւ հաճելի է աշխատել Հայաստանում»,- նշեց Իրինա Սլուցկայան:

«Ախթամար» ներկայացում-մյուզիքլը համաշխարհային տուր է անցնելու երեւանյան պրեմիերայից հետո, որը նախատեսված է ամանորյա տոներից հետո:

Լրագրողների հետ հանդիպմանը գեղասահորդուհուն զարյացրեց հարցն այն մասին, թե չլինելով հայ, թիմում չունենալով հայեր, ինչպես կարող է ռուսներից կազմված թիմը հայկական լեգենդ բեմադրել եւ ճիշտ մատուցել հայ հանդիսատեսին:

«Մեր թիմը ռուսներից չէ կազմված, սա պրոֆեսիոնալ մեծ թիմ է, որտեղ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր: Մենք աշխատում ենք հայ մասնագետների հետ, դեռ անուններ չենք հրապարակի, միայն կնշենք ջութակահար Էդգար Հակոբյանին: Մենք դեռ 3 ամիս ժամանակ ունենք, բոլորիս հուզել է «Ախթամար» լեգենդը, եւ միտք է առաջացել այն դարձնել ներկայացում-մյուզիքլ, այն էլ՝ սառույցի վրա: Իրականում շատ բարդ նախագիծ է, ահռելի մեծ թվով մարդիկ են աշխատում այս նախագծի վրա: Բոլորս համոզված ենք, որ մեզ կհաջողվի դիպել հայ հանդիսատեսի սրտերին մեր խաղով, մեր սահքով եւ բեմադրությամբ»,- նշեց Իրինա Սլուցկայան:

Գեղասահորդուհին շատ բարկացավ, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք նա Եվգենի Պլյուշչենկոյից խորհուրդներ հարցնում է՝ ինչպես գրավել հայ հանդիսատեսի սիրտը:

«Կարծում եմ՝ ես այն տարիքում եւ այն կարգավիճակում չեմ, որ իմ կոլեգայից խորհուրդ հարցնեմ ինչպես սահել հայ հանդիսատեսի համար, ինչպես նրանց սիրտը գրավել, ինչպես խաղալ, որ նրանք սիրեն իմ մարմնավորմամբ Անահիտի կերպարը: Իհարկե, Եվգենի Պլյուշչենկոն պրոֆեսիոնալ գեղասահորդ է, բայց ես նրանից խորհուրդներ հարցնելու կարիք չունեմ»,- մանրամասնեց Իրինա Սլուցկայան:

Ասուլիսի վերջում Սլուցկայան լրագրողների հետ առանձնազրույցում հայտնեց, որ «Ախթամարը» Եվգենի Պլյուշչենկոյի ներկայացումը չէ:

«Ի դեպ, Հայաստանում այս ներկայացում-մյուզիքլի կազմակերպիչները սխալ տեղեկություն են տարածել. Եվգենի Պլյուշչենկոն որեւէ կապ չունի այս ներկայացման հետ, սա նրա ներկայացումը չէ: Ուղղակի այս ներկայացման պրեմիերան կայանալու է Եվգենի Պլյուշչենկոյի King on ice սառցե շոուի շրջանակում: Այդ երեկոյի գլխավոր ներկայացումը լինելու է «Ախթամարը»: Երեկոն բաղկացած է երկու մասից: Առաջին հատվածում հայ հանդիսատեսի համար ելույթ կունենան Եվգենի Պլյուշչենկոն ու այլ հայտնի գեղասահորդներ՝ օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, իսկ արդեն երկրորդ մասում հայ հանդիսատեսը ականատես կլինի հրաշալի ու յուրօրինակ ներկայացման»,- ասաց Իրինա Սլուցկայան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում