«ՀՀ-ն Սիրիայում՝ Հալեպում, իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին:

Գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Միջազգային, այդ թվում և՝ քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրիքայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը:

Թեմային այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Եվ մենք կոչ ենք անում միազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում` ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով՝ ես ուզում եմ ընդգծել, որ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում՝ Հալեպում,  իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»:

Ի դեպ, վարչապետը տեղեկացրեց նաև, որ նիստից հետո  դռնփակ ռեժիմում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները:

168.am-ը նաև ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց  ճշտել, թե ինչ տեղեկություն ունի Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբից՝ հաշվի առնելով Սիրիայում ռազմական գործողությունների նոր ալիքը և հնարավոր զարգացումները:

Արծրուն Հովհաննիսյանը մեզ ուղղեց՝ նկատելով, որ Սիրիայում մենք զորախումբ չունենք, և, որ խաղաղապահ նպատակներով առաքելությունը չի կարելի անվանել զորախումբ:

Կոնկրետ այս իրավիճակում ինչո՞վ է զբաղվում առաքելությունը՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նկատեց. «Հալեպի շրջանում իրենց գործը շարունակում են»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս