Աշոտյան. Բաքուն ԼՂ հարցում արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու հակասող ուղերձներ է հղում

Աշոտյան. Բաքուն ԼՂ հարցում արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու հակասող ուղերձներ է հղում

PanARMENIAN.Net - Շատ անշնորհակալ գործ է կանխատեսումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, երբ ունես անշնորհակալ հակառակորդ: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ Բաքուն արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու հակասող ուղերձներ է հղում:

«Գուցե, ավելի հեշտ է այս պարագայում կանխատեսումներ անել, թե 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ով կհռչակվի չեմպիոն, քան կանխատեսել Իլհամ Ալիևի քաղաքական վարքագիծը հաջորդ տարի», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել ռուբիկոնը, որպեսզի Ադրբեջանին պարտադրեն պայմանավորվածությունների կատարարում կամ խաղաղություն։ «Ադրբեջանն օգտվում է դրանից և արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու միմյանց հակասող ուղերձներ է հղում», - ասել է ՀՀԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ 2018-ին լավագույն ակնկալիքները, որը կարող են ունենալ Արցախում ու Հայաստանում, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, բանակցային միջավայրի բարելավումը:

«Ինձ համար գոյություն ունեն նախանշաններ, ցանկացած հիվանդություն ու պրոցես նախանշաններից է սկսվում: Արցախյան հակամարտության կարգավորման դրական նախանշան ես կսկսեմ համարել այն, որ Իլհամ Ալիևն իր երկրի ներսում, իր ներքին լսարանի համար ասի այն, տարածի այն, ինչ ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների շրջանակում, չլինի անդունդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին ու ներքին օրակարգերի բառապաշարի ու ուղերձների միջև: Ես դա կհամարեմ լավ նշան, որովհետև դա կնշանակի, որ Ադրբեջանի ղեկավարությունը կամաց-կամաց նախապատրաստում է իր հասարակությանը խաղաղության», - նշել է Արմեն Աշոտյանը:

Խոսելով բանակցություններում Արցախը ներգրավելու մասին՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ մեր խնդիրն այն չէ՝ խաղադաշտ դուրս գա նոր խաղացող, թիմին միանա նոր խաղացող, գերխնդիրն այն է, որ թիմը հաղթի:

«Եթե թիմային հաղթանակի համար որպես տակտիկական միջոց պետք լինի նմանատիպ գործողություններ, պետք լինի պնդել այդ օրակարգը, վստահ եղեք, որ դա տեղի կունենա: Եթե այդ օրակարգը չի լինելու այն միակ միջոցը, որով մենք կարող ենք հասնել թիմային հաղթանակի, ապա այդ ռազմավարական սխեման դեռ պետք է պահել»,-ասել է նա:

Աշոտյանը հավելել է, որ ամեն դեպքում, բազմիցս խոսվել է, որ չի կարող լինել կարգավորման որևէ վերջնական բանաձև, որի կապակցությամբ Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի չառնվի, չի կարող լինել որոշում, որը կհակասի Արցախի ժողովրդի ցանկությանը, որը հակասի ժողովրդի կողմից ընդունված ժողովրդավարական իշխանությունների դիրքորոշմանը:

Նա շեշտել է նաև, որ Արցախի ներգրավումը բանակցություններին տակտիկայի խնդիր է և ճիշտ կլինի դիվանագիտական ջանքերն ուղղորդել խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ավելի վաղ Աշոտյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն: «Պատկերացրեք, թե որքան վտանգավոր կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով ահաբեկչական Իսլամական պետության վերելքը: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիևին և թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնականհակամարտություն», - նկատել էր նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---