Մատչելիության հղումներ

Գյումրիի դրամատիկական թատրոնը ազդարարում է նոր թատերաշրջանի բացումը


Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը այսօր երեկոյան կազդարարի 152-րդ թատերաշրջանի բացումը:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը մասնավորապես կարևորեց Նիկոլայ Ծատուրյանի կողմից նոր ներկայացումների բեմադրումը:

«Առաջիկայում թատրոնը ունի նոր առաջնախաղ: Առանձնահատուկ ուզում եմ նշել այս առաջնախաղը, որովհետև ներկայացման ռեժիսորին եմ շատ կարևորում՝ որովհետև մոտ երկու-երեք տարի թատրոնում բեմադրություն չէր արել: Ես խնդրել եմ, որ ինքը նորից սկսի բեմադրություններ անել», - պատմեց Հարությունյանը: - «Հոկտեմբեր ամսում մենք կունենանք մի շատ հետաքրքիր ներկայացում, որի սկզբնական վերնագիրը լինելու է «Երեք գեղեցկուհիները», - խոստացավ թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում աճել է, նկատում է թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը: Համեմատություններ անելով նախորդ տարվա հետ՝ տնօրենը նշեց՝ կրկնապատկվել է թե’ ներկայացումների, թե’ թատրոն հաճախողների թիվը:

«2016-ի առաջին 6 ամսում խաղացել ենք 35 ներկայացում, 2017-ի առաջին 6 ամսում խաղացել ենք 69 ներկայացում», - նշեց նա: - «2016-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 10,377 վաճառված տոմս և հանդիսատես, 2017-ի առաջին 6 ամսում ունեցել ենք 22,983 վաճառված տոմս ու հանդիսատես»:

Գյումրիի դրամատիկական թատրոնի խնդիրները լուծելու համար այս տարվա հուլիսին ստեղծվել է աջակցման հիմնադրամ, որի բյուջեն գոյանալու է հանգանակություններից: Հիմնադրամը կոչված է լուծելու թե’ դերասանների սոցիալական խնդիրները, թե’ թատրոնի վերանորոգման, թե’ նոր ներկայացումների ֆինանսավորման հարցերը: Հիմնադրամում առաջին ներդրողները եղել են մշակույթի նախարարն ու մի քանի պատգամավորներ, իրենց աշխատավարձից մաս են հանել նաև դերասանները: Հիմադրամի նոր ֆինանսական միջոցների հավաքագրման համար առաջիկայում նախատեսվում են մի քանի նախաձեռնություններ ևս, նկատեց Տիգրան Վիրաբյանը:

«Հոկտեմբերի 8-ի «Լիր արքա» ներկայացումը մենք կխաղանք հիմնադրամի համար: Այնուհետև՝ հոկտեմբերի 15-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում կունենանք նոր ֆիլմի պրեմիերա, որը կոչվում է «Սուպեր մամա 2», և ստեղծագործական խումբը նույնպես համաձայնել է ֆիլմի ամբողջ հասույթը տրամադրել Գյումրիի դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամին», - պատմեց նա:

Ցանկություն է հայտնել աջակցել նաև գյումրեցի աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը, ով պատրաստվում է հանդես գալ համերգով, որի ողջ հասույթը կտրամադրվի հիմնադրամին:

«Շատ ուրախ եմ ու ողջ կոլեկտիվի անունից շատ շնորհակալ եմ Համասյանին, որ նա, իմանալով խնդրի մասին, համաձայնություն հայտնեց օժանդակելու և օգնելու, իր լուման բերելու», - մանրամասնեց Տիգրան Վիրաբյանը:

Աճեմյանցիները փորձում են նաև փորձի փոխանակում անել: Օրինակ Նիկոլայ Ծատույանի բեմադրությունը կներկայացվի Վանաձորում, իսկ վանաձորցիներն էլ հանդես կգան Գյումրիում: Նախատեսվում են նաև հյուրախաղեր, որոնցից առաջինը կանցկացվի մայրաքաղաքում. Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանի կապակցությամբ Գյումրիի թատրոնը մաեստրոյի 3 տարբեր ներկայացումներով հանդես կգա մայրաքաղաքի բեմերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG