Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական պարեկության երրորդ խումբը սկսեց գործել Սիրիայի Քամիշլի քաղաքի հյուսիս-արևելքում


Թուրքական զինված ուժերի զրահատեխնիկան Սիրիայի սահմանի մոտ, արխիվ
Թուրքական զինված ուժերի զրահատեխնիկան Սիրիայի սահմանի մոտ, արխիվ

Ռուս-թուրքական պարեկության երրորդ խումբը սկսեց գործել Սիրիայի Քամիշլի քաղաքի հյուսիս-արևելքում, այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

ՌԻԱ «Նովոստի»-ի տվյալներով` առաջին անգամ համատեղ պարեկություն տեղի կունենա նոր երթուղու երկայնքով, որի երկարությունը կգերազանցի 100 կիլոմետրը: Զինվորական ուժերը կսկսեն Դեյրա-Նագա մաքսակետից և կուղևորվեն դեպի արևելք, թուրք-սիրիական սահմանի երկայնքով՝ անցնելով մի քանի խոշոր բնակավայրեր:

Ռուս-թուրքական այս խմբում են ռուսական Typhoon, Tiger և BTR-80 զրահատեխնիկան, ինչպես նաև թուրքական սահմանային ծառայության Kirpi զրահատեխնիկան։ Բացի այս, պարեկությունը թուրք-սիրիական սահմանի այս հատվածում իրականացնում են երկու երկրների 24 զինծառայողներ:

Տարածքը վերահսկում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության «Օրլան-10» անօդաչու թռչող սարքը: Սիրիական տարածքները հյուսիս-արևելքում վերահսկում են նաև ռուսական ուղղաթիռները։ Այդ մասին այսօր հայտարարել է ռուսաստանցի ռազմական օդաչու Դմիտրի Իվանովը՝ հավելելով, թե ուղղաթիռները կուղեկցեն Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին և կապահովեն անվտանգության պարեկային գոտում:

«Մենք հատուկ առաքելություններ ենք սկսել Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային նահանգներում օդային պարեկություն իրականացնելու համար: Օդային պարեկությունն իրականացվում է մի քանի ուղղություններով: Թռիչքներն իրականացնում են ուղղաթիռների խմբերը զույգերով` 50-60 մետր բարձրության վրա», - ասել է Իվանովը:

Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվել է հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարեց քրդական զինված խմբավորումների դեմ ուղղված ռազմական գործողություններ սկսելու մասին: Հոկտեմեբերի 17-ին՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնությամբ, Անկարան դադարեցրեց գործողությունները, որպեսզի քրդերը կարողանան իրենց ստորաբաժանումները դուրս բերել 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց:

Հոկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը անցկացրեցին վեց ժամ տևած բանակցություններ, որից հետո ստորագրվեց տասը կետանոց փոխըմբռնման հուշագիր: Ռուս թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու համար:

Եվ սա, ի դեպ, ռուս-թուրքական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ է, երբ ռուսական և թուրքական ռազմական ուժերը համատեղ գործողություն են իրականացնում:

Հոկտեմբերին 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր թուրք-սիրիական սահմանի անվտանգության գոտուց քրդերի վաղաժամ դուրսբերման մասին:

XS
SM
MD
LG