×


«Կրկին տղա ունենալու դեպքում նրան Արամե կանվանենք». Աննա Թովմասյան

Աննա Թովմասյանի եւ Արամեի որդին երեք ամսական է: Ամուսինները որոշել են երեխաներին մեծացնել ավելի ընդարձակ բնակարանում, որի շինարարական աշխատանքները, սակայն, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով որոշ ժամանակով հետաձգել են: Փոխված առօրյայի եւ չեղարկված ծրագրերի մասին BRAVO.am-ին պատմել է Աննան:



«Մեր տղայի ծննդով բերկրանքն է ավելացել, պարտականություններն էլ, բնականաբար, կրկնապատկվել են: Երկու բալիկի հետ դժվար է, բայց այս ամենը ժամանակավոր է»,-նշել է Աննան եւ ավելացրել, որ 3 ամսական Մարատը հանգիստ երեխա է.«Շատ խելոք ու ժպտերես է: Արդեն սկսել է արձագանքել մեր ձայներին: Աննա Մարիան այս տարիքում ավելի շատ էր ինձ գործի դնում:)»:

Արամեն՝ որդու հետ



Ընտանեկան զբոսանքները փոխարինել են պատշգամբում ժամանցով.«Այս պահին Արամեն մեր բալիկների հետ այնտեղ է, ինքն ու Աննա Մարիան խաղում են, իսկ Մարատը մաքուր օդին քնած է»,-ասել է երգչուհին:

Խոսելով դստեր մասին՝ Աննան ասել է.«Աննա Մարիան ինձ շատ է օգնում: Պարզապես պետք է նրան գործի դնել, եւ ամեն ինչ կանի: Հավաքում է իր խաղալիքները, դասավորում բազմոցի բարձերը, նաեւ փոքրիկի հարցում է փորձում օգնել, մաքրել բերանը եւ այլն: Կարծում եմ՝ երկու տարի անց կարող եմ հանգիստ նրա մոտ թողնել Մարատին եւ որեւէ տեղ գնալ:)»:


Երգչուհուց հետաքրքրվել ենք՝ արդյոք փոքրիկի ծննդից հետո, ինչպես եւ ցանկանում էր, վերադարձել է իր նախկին քաշին.«Ոչ: Քաշ եմ հավաքել, այժմ արագ տեմպերով փորձում եմ նվազեցնել այն: Այս շրջանում, երբ բոլորը տանն են, պատրաստում եմ, միասին սնվում ենք, ու հասկացա՝ ավելի կգիրանամ: Սկսել եմ հատուկ սննդակարգի հետեւել»:

Աննա Թովմասյանը



Նա նշել է, որ չի հասկանում՝ ինչպես է օրն ավարտվում.«Իմ օրը, կարելի է ասել, երեկոյան ժամը 22:00-ից հետո է սկսվում, երբ երեխաները քնում են: Փորձում ենք ֆիլմ դիտել, բայց Արամեն այնքան էլ սեր չունի եւ կեսից քնում է»:


Երգիչն ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ նշել է՝ երբ երրորդ երեխան ունենան, եւ տղա լինի, նրան կանվանակոչեն Արամե: Այս մասին եւս զրուցել ենք Աննայի հետ. «Երրորդ բալիկի մասին խոսելը դեռ շատ շուտ է, բայց այո, երկուսս էլ նման ցանկություն ունենք. կրկին տղա ունենալու դեպքում նրան Արամե անունը կտանք»,-նշել է նա:

Երգչուհին պատմել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով իրենց շատ ծրագրեր հետաձգվել են.«Արամեի բոլոր համերգներն ու ելույթները չեղարկվել են: Այնքան նպատակներ ունեինք առաջիկա ամիսների հետ կապված. այս շրջանում նույնիսկ դադարեցրել ենք մեր նոր բնակարանի շինարարական աշխատանքները: Ավելի մեծ բնակարան ենք տեղափոխվելու, որտեղ երեխաներն իրենց առանձին սենյակները կունենան»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Աննայի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին