Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սերժանտ Գևորգ Դադասյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2016 թ. նոյեմբերին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած սերժանտ Գևորգ Դադասյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է հայրենյաց պաշտպանին, ով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ առաջիկայում անհրաժեշտ բուժումը կստանա Հնդկաստանում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել քաջարի հայորդուն` ընդգծելով, որ մեր ժողովրդի, պետության և Սուրբ Եկեղեցու նվիրական պարտքն է հոգալ և հնարավորինս օժանդակել Հայրենիքի պաշտպանության ծառայության ընթացքում վիրավորում ստացած իր զավակներին, որպեսզի կարողանան շարունակել ապրել իրենց լիարժեք կյանքով:
Հայրապետական իր օրհնության և բարեհաջող ապաքինման մաղթանքով Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ հակառակ բոլոր տեսակի կորուստների հայոց արիասիրտ զինվորները ամուր են հոգով և շարունակում են պահպանել լավատեսությունը` իրենց բարձր ոգով նաև խանդավառելով իրենց զինակից եղբայրներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս առիթով իր գնահատանքն է փոխանցել Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը, ինչպես նաև դեսպան Արմեն Մարտիրոսյանին հայորդու բուժման նպատակով ձեռնարկված քայլերի համար:
Իր հերթին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը հայոց բանակին ցուցաբերվող մշատական զորակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին