Մատչելիության հղումներ

Ռևազյանի խոսքով` նոր ազգային փոխադրողը չի ունենա առավելություններ այլ ավիաընկերությունների նկատմամբ


Հայաստանի նոր ստեղծվելիք ազգային փոխադրողը չի ունենա առավելություններ «Զվարթնոցից» ու մյուս օդանավակայաններից թռչող այլ ավիաընկերությունների նկատմամբ ու կաշխատի մրցակցային շուկայում, մեկնաբանում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Երեկ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն ու «Էյր Արաբիա» ավիաընկերությունը կնքել են հայկական ավիաընկերություն ստեղծելու համաձայնագիր։

«Որտեղ կարիքը կլինի, որ թռիչք լինի Հայաստանից, կլինի այդ թռիչքը: Եթե անձնակազմ չլինի, կվերապատրաստեն, իրենք ամբողջ ինֆոստրուկտուրան ունեն», - ասում է Ռևազյանը:

Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված «Էյր Արաբիան» հայկական նոր ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել կառավարությանը պատկանող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ, ըստ որի պետք է ստեղծեն հայկական ավիափոխադրող, որի բազան կլինի Երևանը՝ «Զվարթնոց» օդանավակայանը, աշխատողների մեծ մասը լինելու են հայեր, ընկերությունը սպասարկելու է հայաստանցիներին և այստեղ եկող զբոսաշրջիկների պահանջարկը, ունենալու է Հայաստանի հետ առնչություն ունեցող անուն։

«Արդյունքն այս պրոյեկտի շատ պարզ է` շատ լուրջ քանակով աշխատատեղեր կստեղծվեն ուղղակիորեն և անուղղակիորեն, ինքը լուրջ ազդեցություն կունենա: Պատկերացրեք, որ ավիացիան գործիք է տնտեսության զարգացման համար: Հիմա մենք շատ լուրջ գործիք ենք ունենալու ընդհանրապես մեր տնտեսությունը զարգացնելու համար: Իմ կարծիքով` դա ամենակարևոր դերն է խաղալու», - շեշտում է Տաթևիկ Ռևազյանը:

Երեկ համաձայնագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և «Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ էր հյուրընկակել շեյխին, հիշեցնելով, որ օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել հենց Էմիրաթներում նախագահ Սարգսյանի և Շարժայի կառավարիչ, շեյխի հանդիպման ժամանակ:

Իր հերթին արաբական ավիափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալին Երևանում նշեց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում նոր ավիաընկերություն հիմնելու մասին ծրագրերը վկայում են, որ վստահում են Հայաստանի գործընկերներին. «Մեր տեսլականն է բացահայտել այս երկրում եղած պոտենցիալը, հայաստացիների համար ապահովել վստահելի և մատչելի ավիափոխադրում, հավասարապես նույն ծառայությունները մատուցել նաև Հայաստան այցելողներին»։

Նոր ստեղծվելիք ընկերությունում, ըստ պետական հետաքրքրությունների ֆոնդի, Հայաստանի մասնաբաժինը 50 տոկոսից բարձր է լինելու, բայց բիզնեսին վերաբերող որոշումները կայացվելու են «Էյր Արաբիայի» կողմից։ Ռևազյանի խոսքով՝ հայկական ավիափոխադրող ունենալու անհրաժեշտությունն ավելի ընդգծվեց կովիդի ճգնաժամից հետո, երբ ավիացիան սկսեց աստիճանաբար, սակայն շատ դանդող քայլերով վերականգնվել. «Որոշումները կայացվում են Հայաստանի տեսակետից, Հայաստանի կարիքներից: Այս պայմաններում` կովիդ-19-ի որ թռիչքները պետք է վերականգնվեն, ավելի արագ կվերականգնվեն մեր փոխադրողով, որովհետև մենք ենք լինելու պրիարիտետը:

Կկարողանա սպասարկել հայկական շուկան, այսինքն` մենք կախված չենք լինելու որևէ մեկից, այլ ունենալու ենք մերը, որ կսպասարկի` հենց ինչը մեզ պետք է», - նշում է նա:

Արաբական մեծ ընկերության մասը կազմող փոխադրողը, որի բազան Երևանում է լինելու, արդյո՞ք դուրս չի մղի շուկայից հայկական մյուս ավիաընկերություններին, օրինակ` «Էյր Արմենիային» կամ չի խոչընդոտի նոր ընկերությունների մուտքը Հայաստան: Ռևազյանը վստահ է, որ ոչ. «Ես կասեմ, որ մրցակցությունը բոլորի համար առողջ է և ստիպում է դա բոլորին ավելի լավ աշխատել, իսկ վերջում սպառողն է հաղթելու, այսինքն` ինքն ունենալու է տարբերակ և որակ»:

Ստեղծվող հայկական նոր ավիաընկերության անվանումը դեռ հայտնի չէ, որոշում է կայացվել անունը ընտրել բաց մրցույթի միջոցով:

XS
SM
MD
LG