1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դերասան Ալեքսանդր Ալադիշևը Երևանի հանդիսատեսին ներկայացրեց Դոստոևսկու ֆանտաստիկ պատմվածքի բեմադրությունը  

Դերասան Ալեքսանդր Ալադիշևը Երևանի հանդիսատեսին ներկայացրեց Դոստոևսկու 
ֆանտաստիկ պատմվածքի բեմադրությունը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեմադրիչ Դմիտրի Տիշկոն, բեմանկարիչ Անդրեյ Ժիգուրը և դերասան Ալեքսանդր Ալադիշևը մոնոներկայացման են վերածել ռուս ականավոր գրող Ֆեոդոր Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» ֆանտաստիկ պատմվածքը: 

Մոնոներկայացումը, որը փորձում է հանդիսատեսին հավաստիացնել, թե մարդը կարող է ավելի լավ դառնալ, ավելի լավ աշխարհում ապրել, ցուցադրվեց Երևանում՝ «Արմմոնո» 20-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում:

«Արմենպրես»-ը հաղորդմամբ՝ Ալեքսանդր Ալադիշևը խոստովանում է, որ կարդալով «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքը՝ սկսել է այլ կերպ ընկալել Դոստոևսկուն:

«Այն ամենը, ինչ Դոստոևսկին գրել է այդ պատմվածքում, ասես մանիֆեստ լինի այն մասին, թե ինչպես է հնարավոր ապրել այս աշխարհում և լինել երջանիկ: Ինձ համար դա բացահայտում էր: Ընթերցելիս առաջին անգամ մտածեցի, որ Դոստոևսկին ևս ինչ-որ ժամանակ փոքր երեխա է եղել, հավանաբար նույնքան երջանիկ, որքան այլ երեխաները: Այս պատմվածքի հեղինակն այն գրողը չէ, որին մենք սովոր ենք ընկալել, զգալ, մարդու, որի ներսում խանդավառություն, սեր դեպի կյանքը չկա»,-նշում է դերասանը: 

Բեմադրությունն ի սկզբանե նախատեսված է եղել մեքենաների վաճառքի կետում խաղալու համար, բայց հետո հեղինակները տեսել են, որ իրենց ընտրած ձևաչափը թույլ է տալիս այն ներկայացնել տարբեր հարթակներում: Հայաստանում խաղացել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում: Նախատեսում են խաղալ նաև սառույցի վրա: 

Ալեքսանդր Ալադիշևը փորձարարական բազմաթիվ հարթակներում է հանդես եկել ու կարծում է, որ յուրաքանչյուր վայր կարելի է թատրոնի վերածել: «Ցանկանում ենք լուրջ թեմաների մասին խոսել… Չեմ ուզում ասել, որ ժամանակակից արվեստով ենք զբաղվում, ուղղակի ուզում ենք ուղիներ գտնել հնարավորինս անկեղծ լինելու համար, սուր, նուրբ թեմաներ արծարծել, անդրադառնալ խնդիրների, որոնք հազվադեպ են բարձրաձայնվում: Թատրոնը դա թույլ է տալիս»,- ասում է դերասանը: 

Վերադառնալով  ներկայացմանը՝ Ալադիշևը նշում է՝ իրենց  ուղերձն այն մասին է, որ մարդը կարող է  ավելի լավը դառնալ, ինչն ուտոպիա չէ: «Դա ասես իդեալական աշխարհ լինի, որը փորձում ենք փոխանցել արվեստի միջոցով: Մենք շատ ենք ցանկանում, որ հանդիսատեսը դահլիճից նման ապրումներով դուրս գա, քանի որ մոնոներկայացումը հրաշալի հնարավորություն է տալիս անուղղակիորեն խոսելու ամենակարևոր բաների մասին: Երբ բեմ ես դուրս գալիս, ընկնում ես այլ էներգետիկ աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Բեմում կարելի է հասնել կատարելության, լիարժեք երջանկության»,- ընդգծում է դերասանն ու հավելում՝ ուրախ է, որ «Արմմոնոյի» շրջանակում երկրորդ անգամ հանդես է գալիս Հայաստանում, որտեղ վերադառնալիս ասես թանկագին մարդկանց մոտ գաս: 

Բեմադրական աշխատանքներն իրականացնելիս ստեղծագործական խումբը շատ է մտածել, քննարկել, թե ինչ են փորձելու փոխանցել հանդիսատեսին: «Որքան մտորում էինք, զրուցում, այնքան համոզվում էինք, որ Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» ֆանտաստիկ պատմվածքը նույնքան արդիական է այսօր, որքան առաջ: Թատերասերին պատրաստի պատասխաններ տալու նպատակ չունենք: Հանդիսատեսին հրավիրում ենք երկխոսության, տալիս ենք հարցեր, առաջարկում ենք միասին խորհել պատասխանների շուրջ»,- նշում է ներկայացման նկարիչ Անդրեյ Ժիգուրը: 

Ըստ նրա՝ ներկայացումը հիշեցնում է, որ յուրաքանչյուր մարդու ներսում բարություն կա: 

2022-ին «Արմմոնո» փառատոնն անցկացվում է մայիսի 17-21-ը Երևանում:  Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Կան մասնակիցներ Հունաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Ալբանիայից, Ուզբեկստանից: Ցուցադրվելու է 27 մոնոներկայացում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]