Կաթողիկոսն ու Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են Արցախում ստեղծված ճգնաժամին

Կաթողիկոսն ու Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են Արցախում ստեղծված ճգնաժամին

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն ընդգծել է, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների։ Կաթողիկոսը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են, և նմանօրինակ այցելություններն առավել կնպաստեն միջպետական կապերի ամրապնդմանը։

Անդրադարձ կատարվելով Իրաքի հայ համայնքին՝ կաթողիկոսը նշել է, որ վերջինս ևս իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին հայ համայնքի և նրա հոգևոր կյանքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։ Հայոց Հովվապետը երկու ժողովուրդների կապերի սերտացման, ազգերի խաղաղ գոյակցության հարցում կարևորել էմիջկրոնական երկխոսությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայ Եկեղեցին իր հետևողական մասնակցությունն է բերում այդ գործընթացին։

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու։ Վերջինս ընդգծեց նաև, որ Իրաքի իշխանությունները գործուն ջանքեր են ներդնում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ կեցությունը, պաշտպանելու նրանց իրավունքները։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---