Բաքուն դեմ է, որ ՀՀ-ում մետալուրգիական գործարան կառուցվի և «վտանգավոր է համարում այդ պլանը»

Բաքուն դեմ է, որ ՀՀ-ում մետալուրգիական գործարան կառուցվի և «վտանգավոր է համարում այդ պլանը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ տարածքում, Նախիջևանի հետ սահմանակից վայրում, մեծ մետալուրգիական գործարանի կառուցման կապակցությամբ՝ «վտանգավոր» որակելով «այդ պլանները»։ Բաքուն այդպես է արձագանքել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառմանը։

Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երասխում կառուցվում է 70 մլն դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։

«Սա նշանակում է, որ Հայաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, հատկապես ՄԱԿ անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության ՄԱԿ Եվրոպական տնտեսական կոնվենցիայի (Էսպօ կոնվենցիա) դրույթները»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։

Ըստ Ադրբեջանի, Հայաստանը պետք է իր գործողությունները համաձայնեցներ Ադրբեջանի հետ և պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության փաստաթուղթ պատրաստվեր։

Նշվում է նաև, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը հայց է ներկայացրել ՀՀ դեմ Էսպո կոնվենցիայի շրջանակում՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցով։

Ադրբեջանական նախարարությունը «խստորեն դատապարտում է ՀՀ գործողությունները» և կոչ է անում միջազգային հանրությանը «հատուկ ուշադրություն դարձնել այս հարցին»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---