ՀՀ-ն և ՌԴ-ն ավարտել են կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի հուշագրի բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն ավարտել են Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, այժմ փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի: Այն կնպաստի կենսաանվտանգության ոլորտում մեր փոխգործակցությանը»,- ասաց Լավրովը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմի համար կենսաանվտանգության հարցը մեծ կարեւորություն ունի:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում