Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ Գեղարքունիքի մարզպետը հանդիպեցին դիմումատու քաղաքացիներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ Գեղարքունիքի մարզպետը հանդիպեցին 
դիմումատու քաղաքացիներին

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքում հանդիպեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմած մի խումբ քաղաքացիների: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Արման Թաթոյանն ու Գնել Սանոսյանն առաջինը այցելեցին Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենք, որի տանիքը այս տարվա հունվարից լրիվ քանդվել էր ավերիչ ուժի հողմից: Ինչպես տեղում ներկայացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, շենքի տանիքի հիմնանորոգումն այժմ ընթանում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Շինարարական աշխատանքները կավարտվեն մի քանի օրից, ու բազմաբնակարան շենքի բնակիչներն այլեւս անհանգստանալու հիմքեր չունեն:   «Ձեր շենքի տանիքի հիմնանորոգման պահանջով գրված դիմումը մենք քննարկել ենք Գեղարքունիքի մարզպետի հետ:Մենք ունենք համագործակցության շատ հաջողված օրինակ, ու, ինչպես տեսնում եք, երկուստեք արձագանքել ենք ձեր դիմումներին, իսկ հարցի լուծումը կառավարության միջոցներով կարգավորված է»,-բնակիչների հետ զրույցում նշեց Արման Թաթոյանը:

Դիմումատուները շնորհակալություն հայտնեցին Արման Թաթոյանին  ու Գնել Սանոսյանին՝ իրենց դիմումներին ժամանակին արձագանքելու, տանիքի հիմնանորոգումը ձմեռնամուտից առաջ իրականացնելու համար:  «Շինարարական աշխատանքները ձգձգվել են միայն եւ միայն օրենսդրական բացի պատճառով, քանի որ կառավարության որոշումից մինչ շինարարության սկսվելը հարցն անցնում է որոշակի ընթացակարգերով, որոնք ժամանակ են պահանջում: Դրա համար մենք առաջարկել ենք՝ նման արտակարգ դեպքերում ծագած հրատապ խնդիրների համար ստեղծել հատուկ ֆոնդ,որի միջոցները հնարավոր լինի շատ արագ ուղղել վերականգնման աշխատանքների կազմակերպմանը »,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու Գեղարքունիքի մարզպետը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հանդիպեցին նաեւ մի խումբ դիմումատուների, ովքեր ՄԻՊ գրասենյակում հանդես են եկել Գավառ քաղաքի թիվ  6 մանկապարտեզի հիմնանորոգման եւ վերաբացման դիմումով: Ինչպես տեղում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված հրատապ խնդիրների կարգավորման ծրագրով: Հատկացված միջոցներով երեք մասնաշենքերի վրա կառուցվել  է նոր տանիք, մեկ մասնաշենքում ամբողջությամբ, իսկ մեկ մասնաշենքում մասնակիորեն տեղադրվել են նոր պատուհաններ: «Մանկապարտեզի գործարկումը պահանջում է նոր ծրագրեր, որոնք թույլ կտան՝ նախ իրականացնել ներքին հարդարում, ապա՝ կահավորում:Մենք պայմանավորվածություն ունենք «Հացառատ» բարեգործական հիմնադրամի տնօրինության եւ թաղամասի առանձին  բարեգործների հետ, ովքեր խոստացել են աջակցել ներքին հարդարման եւ գույքի ձեռքբերման աշխատանքների իրականացման խնդիրներում: Եթե այդ խոստումը կյանքի կոչվի, մեզ կմնա միայն շնորհակալություն հայտնել բարերարներին, իսկ եթե դա չիրականանա, ապա մարզպետարանը կմտածի ծրագրի երկրորդ փուլի մասին՝ հասնելով մանկապարտեզի գործարկմանը»,-հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]