Մատչելիության հղումներ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի փլուզման հետ կապված՝ Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան


Հայաստան - Փլուզումը Արամի 23-ում, Երևան, 12-ը հունվարի, 2019թ.
Հայաստան - Փլուզումը Արամի 23-ում, Երևան, 12-ը հունվարի, 2019թ.

«Եղավ այն, ինչի մասին ահազանգում էինք», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով երեկ երեկոյան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի արտաքին պատի և առաստաղի փլուզմանը՝ ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

«Սա ներկայիս իշխանությունների համար փորձաքար է, լակմուսի թերթիկ՝ իրանք ի վիճակի՞ են էս պուճուր հարցը լուծել», - հայտարարեց Հեքեքյանը։

Արամի 23 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել տարածքում «Հին Երևան» նախագծի շրջանակում ամռանը սկսված փորման աշխատանքներից հետո: Շինարարություն իրականացնող ընկերությանը թույլտվություն տրամադրել է Երևանի քաղաքապետարանը: Հեքեքյանը պնդում է՝ եթե շենքը վթարային է դարձել նախորդ քաղաքային իշխանությունների թույլ տված կոպիտ խախտումների պատճառով, ապա փլուզման պատճառը ներկայիս իշխանությունների անտարբերությունն ու դանդաղկոտությունն է:

«Վարչապետը եկավ այստեղ՝ Նիկոլ Փաշինյանը, հարցրեց՝ «ինչո՞ւ չեք վերականգնում», հիմա էդ բառը ո՞նց չասեմ՝ ապուշի նման կանգնել էին բոլորը, վերջում ինչ-որ բաներ ասեցին, նա էլ ասեց՝ «ճարտարապետների դաշտում է գնդակը, դե արեք, հնարավո՞ր է անել», ասեցին՝ «այո, հնարավոր է», «դե, եթե հնարավոր է, արեք»։ Վարչապետի այցից հետո պարոն Էլոյանը երկու ժամ անց եկավ, առաջարկեց տարբերակ, լուծում։ Մենք բոլորս շատ հավանեցինք այդ տարբերակը։ Լուծումը առաջարկեց, հենց փլված պատի վրա նկարեց, ես էլ ֆոտո եմ արել, որ մնա պատմությանը։ Եվ ասեցի՝ մենք համաձայն ենք, քանի՞ օր է պետք, ես հարցրեցի, պարոն Էլոյան, որ այս նախագիծ դառնա և սկսենք, ասեց՝ «կարծում եմ՝ երեք օր»։ Դա նոյեմբերի 27-ն էր, դե հաշվեք՝ քանի երեք օր է անցել։ Այսինքն, ինչ է ստացվում՝ որ կա՛մ անարգում եք, չեք կատարում վարչապետի հրահանգը, կա՛մ ուրեմն մնացածը թատրոն էր», - նշեց Հեքեքյանը։

Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան: Նա կարծում է, որ այս հարցում պատկան մարմինները պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը։

«Իրապես կատարվել է հանցագործություն, բայց ինչպես միշտ կգտնեն մի մեղավոր, մի շինարար, մի բան, կասեն՝ «դու ես մեղավոր», այնինչ էստեղ լուրջ մեղավորություն ունի և՛ քաղաքապետարանը, և՛ քաղշինը, և՛ «Հին Երևան» նախագիծը՝ պարոն Վարդան Սերմաքեշի գլխավորությամբ։ Փաստորեն պարոն Սերմաքեշը, հայրենասեր Սերմաքեշը որոշեց քանդի, առնի էդ «Հին Երևան»-ի տարածքը, իր համար բիզնեսներ սարքի՝ ի հաշիվ պատմամշակութային հուշարձանի փլուզման և ի հաշիվ ազգային արժեք արդեն վաղուց իրենից ներկայացնող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային կազմակերպություն և երգչախմբերի հաշվին։ Այ, երեխեքը մնացել են դուրսը, իրանք հյուրանոց են սարքում», - ընդգծեց երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կատարվածը անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք է համարում, ասում է՝ շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք Մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:

«Արամի 23-ի միջադեպից հետո ամբողջ «Հին Երևան» ծրագրի մեջ շինարարության և մոտեցման քաղաքականությունը մի փոքր կփոխվի։ Առաջինը՝ ես կարծում եմ, որ Մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, ճարտարապետի հետ կմշակեն մի նախագիծ, որում կապահովեն պահպանությունը գոյություն ունեցող հուշարձանների, և ցանկացած շինարարական աշխատանք հուշարձանների շուրջ չեն վնասի գոյություն ունեցող կառույցները, այ սա ինձ թվում է ամենակարևորն է», - ընդգծեց Արթուր Մեսչյանը։

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հակադարձում է՝ ոչ թե նախարարության, այլ քաղաքապետարանի գործողությունների հետևանք է տեղի ունեցածը:

«Եղել է մեկ նախագիծ դեռ աշնան ամիսներին, որ ներկայացվել է Մշակույթի նախարարություն, և Քաղաքաշինության կոմիտեում՝ որպես տվյալ քաղաքաշինական գործառույթի լիազոր մարմին, կոմիտեում մեր մասնակցությամբ մերժվել է տվյալ նախագիծը», - ասաց Արմեն Աբրոյանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է մերժվել, Աբրոյանը պատասխանեց. - «Անորակ, անհամապատասխան լինելու, և վտանգ կա, որ տվյալ նախագծով անելուց ավելի շուտ կփլվի։ Այսինքն՝ այս ամենը միտում ուներ և նախաձեռնված էր, որ քանդվի, որպեսզի շարունակեն քանդել»։

Հարցին էլ՝ Արթուր Մեսչյանի մեղադրանքները իր համար հասկանալի՞ են, թե՞՝ ոչ, Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետը պատասխանեց. - «Ես ասում եմ, որ սուտ է։ Ոչ թե հասկանալի է, այլ սուտ է Արթուր Մեսչյանի մեղադրանքը և հայտարարությունը։ Ես կարծում եմ՝ ազդեցություններ կա, խմբային աշխատանք է տարվում, որպեսզի, այսպես ասած, չակերտավոր ասած, հեղինակի ծրագիրը, որը ենթադրում է իրենից հուշարձանները քանդելով կառուցապատում, բիզնես ծրագիր իրականացնել, դա շարունակել»։

Արմեն Աբրոյանի կարծիքով՝ ամրացման աշխատանքների խոչընդոտ է դարձել քաղաքապետարանը, երբ Տիգրան Հեքեքյանին առաջարկել է շենքի ամրակայման նախագծի թույլատվության համար նախ ստանալ «Օլդ Սիթի» կառուցապատող ընկերության համաձայնությունը։ Ընկերություն, որի աշխատանքների շնորհիվ էլ հենց վնասվել է երգչախմբին պատկանող շենքը: Նախարարությունից միանշանակ դեմ են շենքի քանդմանն ուղղված ցանկացած որոշման:

Փլուզման արդյունքում տուժել է նաև Մադլենա Սարոյանի ընտանիքին պատկանող բնակարանը: Լրագրողների հետ զրույցը բնակիչը նշեց, դեռ հոկտեմբերից են տեղափոխվել վարձով բնակարան, քանի որ ակնհայտ էր՝ ցանկացած պահի կարող է փլուզում գրանցվել:

«Թող էդ կազմակերպության ներկայացուցիչը դնի ձեռքը իր սրտին և ասի, որ մեկ օր մոտեցել է որևիցե մի բնակչի և ասել է՝ «եկեք ես ձեզ ամրացնեմ, փոխհատուցում տամ վնասների»։ Չէ՞ որ սա բնակարան էր, մենք ապրում էինք, չէ՞ որ մենք մեր գումարով վերանորոգել էինք, չէ՞ որ, ես ինքս ինձ համար եմ ասում, ես իմ գումարով գնել էի կահույք։ Մենք էստեղ 76 թվականից գրանցված ենք։ Դա շատ ամուր շենք էր, դուք որ տեսնեիք էդ, դուք տեսա՞ք՝ իրանք ինչ հաստ... Սա կառուցվել է 1860 թվականին, ինչքան էլ ասեն, էս շենքը մի 200 տարի կապրեր։ Հարգարժան պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, ես մնացել եմ անտուն, հարգարժան քաղաքապետ Հայկ Մարության, ես մնացել եմ անտուն, հիմա եթե դուք կարող եք՝ ինձ օգնել, քանի որ դուք ասում եք՝ ամենամեծ հարստությունը Հայաստանի Հնարապետության քաղաքացին է», - շեշտեց Մադլենա Սարոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG