Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ հատուկ նիստում. ՄԱՍ 2

Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ հատուկ նիստում. ՄԱՍ 2

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  ելույթ է ունեցել Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի ելույթը:

ՄԱՍ 1

«Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում նախակրթական համակարգում։ Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում հանրակրթության համակարգում։ Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում բարձրագույն կրթության և գիտության ոլորտում՝ վերջերս ընդունված և Սահմանադրական դատարան ճանապարհված օրենքի բերումով։ Մենք շրջադարձային փոփոխություն ենք անում գիտության ոլորտում։ Անընդհատ խոսք է գնում գիտության ֆինանսավորման ավելացման մասին։ Մեր կառավարության դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը. այո, միայն մեկ խնդրանք՝ ասեք, թե այդ փողն ինչպես է ծախսվելու և ինչպես է դառնալու գիտական արդյունք։ Եվ շատ ուրախ եմ, որ այդ սկզբունքով այս տարի 2,7 մլրդ դրամով ավելացրեցինք գիտության ֆինանսավորումը, և ըստ էության, գործարկել ենք մի մեխանիզմ, որ մինչև 2025 թվականը գիտաշխատողների, աշխատավարձերի, եկամուտների և գիտական գործունեության բոլորովին նոր սկզբունքներ կներդրվեն։

Կառավարման որակի մասին՝

Մեզ սպասվում է առաջիկայում թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։ Այսինքն՝ կառավարման ոլորտները տապալած կառավարության այս ցուցանիշի մասով ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՜չ ձյուն էր եկել, ո՜չ էլ անձրև էր եկել, անձրև և ձյուն Հայաստանի Հանրապետությունում, տիկնայք և պարոնայք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ փաստորեն 60 տարի է եղել։

Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է։ Ընդ որում, ուզում եմ ձեզ հետևյալն ասել, որ վերջին տարիներին, օրինակ՝ 2020 թվականին 22,8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել։ Որովհետև Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզանից ոչ ոք միլիոնատեր չի դարձել. եթե դուք  էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի  1 սմ ջուրը 1 մլն դոլար է, որովհետև երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում։

Քանի որ էլեկտրաէներգիայի մասին խոսացինք, 2018 թվականից ի վեր ջրային համակարգում 30 մլն կՎտ/ժամ էներգիա է խնայվել։ Իսկ ոռոգման ջրի համակարգում կորուստների մակարդակն իջել է 5 տոկոսով: 3 տարվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է դա, ինչ ծավալ է: Եվ դրա արդյունքում, այո, մենք այս տարի ունենալու ենք վերջին 60 տարվա համար Սևանի ամենաբարձր մակարդակը:

Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Սևանի ավազանի ձկնորսները դա անում են կառավարության հետ համագործակցությամբ և ոչ թե հակադրության միջոցով: Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, որ այս համակարգը կատարյալ է: Երեկ մենք Նորատուսի  բնակիչների հետ էլ կարճ հանդիպում ունեցանք, այսինքն՝ տպավորություն չստացվի, թե կառավարությունը կամ վարչապետն ամբողջ   ինֆորմացիային չի տիրապետում: Ոչ, խոսքն ամենևին դրա մասին չէ։ Բայց մեխանիզմն սկսել է աշխատել, և առաջին անգամ ձկնորսը պետական բյուջե գումար է վճարում՝ ձուկ որսալու համար: Այդ գումարների համամասնությունը՝ 100 կգ ձկան համար վճարում են,  300 կգ են որսում, ոչինչ, համակարգն է սկսել աշխատել: Եվ ես համոզված եմ, որ Սևանի ավազանի ափի մեր ժողովուրդը, ովքեր ձկնորսությամբ զբաղվում են, իրենք կհամոզվեն, որ այս համակարգն  առաջին հերթին իրենց է օգուտ:

Այսօր Սևանում գիտեք ի՞նչ խնդիրներ  կան՝ հազարավոր ցանցեր կան, որոնք չեն օգտագործվում և Սևանում ուղղակի անտեր վիճակում են, և հսկայական ձկնապաշարներ են ոչնչացվում այդ լքված ցանցերի պատճառով: Հաջորդ փուլում մենք այս գեներացված գումարներն օգտագործելու ենք, որպեսզի Սևանը մաքրենք այդպիսի թափոններից։ Որի արդյունքում ո՞վ է շահելու՝ կրկին Սևանի ավազանի մեր ձկնորսներն են շահելու, որովհետև հիմա ձուկն այդ ցանցերի մեջ ընկնում է, բայց իրեն դուրս չեն բերում, սատկում է և նեխում է՝ իր հերթին վատացնելով Սևանի էկոլոգիական վիճակը:

Մենք անընդհատ ասում ենք, որ Սևանի կանաչելու մեջ, իհարկե, այդ գործոնները կան՝ ջերմաստիճանի բարձրացում, կողակի շատ նվազ պոպուլացիա, բայց այս նեխման պրոցեսը ևս, որովհետև  ինչքան ձուկ դուրս է բերվում, այնքան ամեն տարի նեխում է Սևանա լճում՝ վատթարացնելով Սևանա լճի վիճակը: Մենք հիմա ձկնորսների հետ  ոչ թե հակադրության մեջ ենք, այլ համագործակցության և այս համագործակցությունը  պետք է տանենք մինչև վերջ։ Որովհետև մարդիկ, փառք Աստծո,  տեսնում են, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք իրենց ճանապարհը չեն փակում, որ իրենց մարդկանց մտցնեն այնտեղ, որ որսագողություն անեն: Իրենք ռեալ տեսնում են, որ այդ ամեն ինչն արվում է ազնիվ և արդար նպատակներով, և այդ մարդիկ, իհարկե, իրենց թշնամին չեն: Իհարկե, բարդ է, մի քիչ ավելի դժվար է, բայց արդեն սկսված է այդ պրոցեսը, և այն անշրջելի է: Եվ ես ուզում եմ Սևանի ավազանի մեր ձկնորսներին շնորհակալություն հայտնել, որ իրենք այս ըմբռնման մեջ են: Գիտեմ որ այնտեղ ամեն ինչ կատարյալ չէ ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց կողմից, բայց կապ չունի ՝ պրոցեսն սկսած է և պետք է գնա:

Բնապահպանության ոլորտում մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն անտառահատման ծավալների նվազումն է, որն ունեցել ենք: Իսկ մենք ինչքա՞ն ենք ունեցել: Դրա մասին վկայում են վիճակագրական տվյալները: Օրինակ, 2017 թվականի համեմատությամբ՝ Հայաստանի Հանրապետություն փայտածուխի ներկրումն աճել է 500 և ավելի տոկոսով: Սա նշանակում է, որ 500 տոկոսով պակաս փայտածուխ է Հայաստանի Հանրապետությունում արտադրվել: Սա նշանակում է, որ 500 տոկոսով ավելի քիչ ծառ է կտրվել, որն արդյունքում դառնում է փայտածուխ: 128 տոկոսով աճել է շինափայտի ներկրումը, որը նույնպես նույն բանի մասին է վկայում:

Ընդ որում, ուզում եմ ընդգծել տնտեսական ցուցանիշը՝ ներկրող ընկերությունների թիվը տեղ-տեղ եռապատկվել է: Եռապատկվել է այն ընկերությունների թիվը, որոնք այս գործունեությամբ զբաղվում են: Նախկինում այստեղ էլ ունեինք որոշակի քվոտաներ, մենաշնորհներ, մենաշնորհային երևույթներ: Սա է կարևոր ցուցանիշը, սա է ապացուցելի ցուցանիշը։ Մնացածը վերնագրեր են, որոնք ինչպես համոզվել ենք, ցավոք, միշտ չեն արտացոլում իրականությունը:

Ես ուզում եմ խոսել նաև վերջին շրջանում բազմաթիվ շահարկումների տեղ տված մի թեմայի մասին: Ձեզ հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես - չեմ էլ ուզում այդ բառն օգտագործել, բայց օգտագործեմ, որ պարզ լինի ինչի մասին է խոսքը - թրքասեր, թրքամետ և այլն: Եվ այս համատեքստում կասկածի տակ է դրվում - տեսեք ուր է հասել - ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության և կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ:

Իսկ ի՞նչ փաստեր կան, որ վկայում են սրա մասին: 2018-2021 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել։ 2008-2018 թվականների ընթացքում, ընդ որում, այդ 10 տարվա մեջ Ցեղասպանության 100-րդ տարելիցը նույնպես կա, 20 այդպիսի բանաձև է ընդունել: Այսինքն՝ 3 տարվա ընթացքում այս առումով արվել է նախորդ 10 տարվա ժամանակաշրջանում արվածի 45-50 տոկոսի չափով աշխատանք:

Եվ, իմիջիայլոց, տեղի է ունեցել թերևս Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր և շրջադարձային իրադարձություններից մեկը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Վերին և Ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը։ Ի վերջո, Հայոց ցեղասպանությունն ընդունվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Նախկինում այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասել, թե որոնք են այն գործոնները, որոնք բերել են այսպիսի իրավիճակի:

Բայց ես ուզում եմ նաև հետևյալը ասել՝ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուզենար, որ չընդունվի կամ չուզենար, որ ընդունվի այս բանաձևը, դա միանշանակ տեղի կունենար։ Ինչպես և տեղի է ունեցել՝ բացեք հիմա համացանցի արտահոսած տեղեկատվությունը, թե հիմա մեզ  թրքասիրության մեջ մեղադրողները ինչպես էին ժամանակին Ամերիկայի իշխանություններին համոզում, ասում էին՝ մի ընդունեք Ցեղասպանությունը։ Հիմա իրենք եկել են, մեզ մեղադրում են թրքասեր լինելու մեջ:  

Մեկ էլ այդ թեման, այդ ի՞նչ թեմա էր՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ թուրքը մեր թշնամին չէ: Այո, դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում։ Դա պատմական իրողություն է: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք ՝այդ թշնամանքը պետք է կառավարվի: Եվ մենք, այո, գնալու ենք հստակ այդ ճանապարհով: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի: Այո, թշնամանքը պետք է կառավարվի: Եվ ես ուրախ եմ, որ այս թեման էլ վերնագրերի մակարդակում չէ: Ես երեկ Գեղարքունիքի մարզի գյուղերում այս թեմաներով խոսել եմ և ստացել եմ մարդկանց արձագանքը: Եվ ավելի վստահ եմ ասում, որ, այո, այդ թշնամանքը պետք է կառավարվի: 

Այդքան քննադատված թավիշի մասին՝

Մեկ խոստում կա, որ մենք տվել ենք ու չենք կարողացել, ասել ենք՝ վերջ թավիշին, հետո պարզվել է, որ մենք ինստիտուցիոնալ այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ մենք այլևս դա չենք որոշում։ Ու դա լավ է: Ես խոսեցի արդեն դատական համակարգի վերաբերյալ: Չնայած սա թեմա է, որը բազմաթիվ շերտեր ունի։ Բայց ես ձեզ ուրիշ բան եմ ասում՝ 2020-2021  թվականների հետպատերազմյան շրջանում այդ թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից: Սա իրողություն է։ Այդ որ մեզ մեղադրում են, ասում են՝ կառավարման ձախողում, կներեք, դուք ուզում եք ասել, որ փաստ էր, որ 2021 թվականի հետպատերազմյան ճգնաժամը կառավարվելու էր այսպե՞ս: Տեսեք՝ այսօր ինչ մթնոլորտում է հանրապետությունում, ինչ իրավիճակ է հանրապետությունում: Այո, մենք թուք ու մուր էլ ենք կերել, հայհոյանք էլ ենք կերել, ամեն ինչ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, և դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարման շատ էական օրինակ է:

Ես էլի եմ ասում, շատ բաներ կան, որ  մենք ընդունում ենք այդպես սովորական: Հասկանո՞ւմ եք՝ այդ աղետից հետո  Հայաստանի Հանրապետությունում մեկ կրակոց չի հնչել։ Մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչի մասին է խոսքը: Եվ սա կարո՞ղ էր տեղի ունենալ բոլոր ասպարեզներում կառավարումը ձախողած իշխանությունների պայմաններում: Մեկ տարի է՝ Հայաստանում գուժում են՝ սով, ֆինանսատնտեսական համակարգի կոլապս, տնտեսական փլուզում, ոչ ոք հարց չի տալիս՝ իսկ այդ կառավարումը բոլոր ասպարեզներում ձախողած կառավարությունը մակրոտնտեսական կայունությունն այդ պայմաններում ինչպե՞ս կարողացավ պահել: Այսինքն՝ սա հենց այդպես էլ պետք է տեղի ունենա՞ր: Եկեք տեսնենք՝ մեր մակրոտնտեսական կայունության հետ նախկինում, հենց մեր պատմությունից, ինչեր են տեղի ունեցել բոլորովին ուրիշ պայմաններում:

Կորոնավիրուսի մասին՝

Մեզ, կներեք արտահայտությանս, մորթում էին քոռ դանակով, մեր աչքն էին մտցնում կոնկրետ օրինակներ։ Այսօր չեն ուզում տեսնել այդ օրինակները: Դե այն համեմատությունները, որ անում էիք 2020 թվականի մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, եկեք այսօր անենք, ինչի՞ չեք անում այդ համեմատությունները: Բացեք ասեք՝ տեսեք, թե ինչպես են կառավարում այս, այս երկրներում կորոնավիրուսը, այ բոլոր ասպարեզներում կառավարումը ձախողած: Կորոնավիրուսի այդ քննիչ հանձնաժողովն աշխատո՞ւմ է, բացահայտե՞լ է հանցավոր կառավարության և ճգնաժամի կառավարման կոլապսը, թե հիմա էլ ասելու են՝ Ազգային ժողովը լուծարվեց, չհասցրեցինք: Ոչինչ, հաջորդ Ազգային ժողովում էլ թող այդ նույն հանձնաժողովն աշխատի:

Հետաքրքիր է՝ փաստորեն ես մեկ ժամ կարող եմ խոսել վերջին  3 տարում Հայաստանում տեղի ունեցած ինստիտուցիոնալ փոփոխություններից, և ժամանակը չհերիքի: Բայց կա այն, ինչ կա: Փորձեմ ամփոփել:          

Ուզում եմ խոսել քաղաքական փոփոխությունների մասին: Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել քաղաքական բնույթի և բովանդակության լրջագույն փոփոխություններ, իհարկե, դրանց մի մասը՝ վերջերս:

Վերջերս դուք ընդունեցիք «Կուսակցությունների մասին» նոր օրենքը, որտեղ կուսակցական գործունեության իմաստով հեղափոխական նշանակության փոփոխություններ են տեղի ունեցել: Պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ հերթական խորհրդարանական ընտրությունների դեպքում, կուսակցության  համամասնական ցուցակները ձևավորվում են համաժողովի կամ համագումարի կողմից, փակ գաղտնի քվեարկությամբ: Այսինքն՝ մենք սրանով ստեղծել ենք ինստիտուցիոնալ պայմաններ, որպեսզի կուսակցությունները լինեն կուսակցություն և ոչ թե սեփականություն: Այո, սա շրջադարձային նշանակության ինստիտուցիոնալ փոփոխություն է:

Մենք այլ կարգի քաղաքական, ինստիտուցիոնալ լրջագույն փոփոխություն ենք իրականացրել, երբ համայնքների ղեկավարների ու ավագանու ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով ընդդիմությունը երազել է այսպիսի փոփոխությունների մասին, բայց այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Բայց այսօր դա փաստ է, դա իրողություն է: Բնականաբար, այս թեմայի մասին ոչ ոք չի խոսի, որովհետև այն, ինչ արդեն ունենք, համարվում է, որ այդպես էլ պետք է լիներ:

Եվ էլի շատ կարևոր փոփոխություն, և ես ուրախ եմ, որ մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք՝ ի վերջո, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու լիարժեք համամասնական ընտրակարգով: Այո, դա հեշտ փոփոխություն չէր, որովհետև դրա համար, մանավանդ այս ժամանակաշրջանում, անհրաժեշտ էր քաղաքական կամք, պատասխանատվություն: Ուրախ եմ, որ մենք այդ քաղաքական փոփոխություններն իրականացնելու կամք դրսևորել ենք:

Բայց ես ուզում եմ խոսել թերևս ամենակարևոր քաղաքական փոփոխության մասին: Այս վերջերս, երբ, բնականաբար, առաջիկայում, խորհրդարանական ընտրություններ են, և հիմա շատ են տեղի ունենում հարցումներ քաղաքացիների շրջանում՝ երբ նրանց հարցնում են, թե ում կընտրեք, որ քաղաքական ուժին կընտրեք, բնականաբար, այդ պատասխաններում հնչում են ամենատարբեր պատասխաններ: Բայց մեր գործընկերներից մեկը կամ մի քանիսը մի շատ կարևոր փաստի վրա հրավիրեցին մեր ուշադրությունը:

Եվ այդ փաստը հետևյալն է՝  քաղաքացիները կարող են ասել, որ իրենք ընտրում են այս կուսակցությանը, իրենք ընտրում են ընդդիմությանը, իրենք ընտրելու են իշխանությանը և այլն: Բայց քաղաքացիների մոտ չկա այլևս հարց՝ վերջը ո՞վ է որոշում՝ ով է ընտրություններում հաղթելու: Սա շրջադարձային փոփոխություն է: Եկեք գնանք համեմատենք այսօրվա և 5 տարի առաջվա այդ նույն կարգի հարցումները: Դնենք և տեսնենք, թե քաղաքացիները ինչ են ասում: 5 տարի առաջ քաղաքացին ասում էր՝ դե մենք ինչ ենք որոշում, լավ, ինչի՞ մասին ես խոսում, մեկ է, ինչպես էլ քվեարկենք, վերջում գրելու են:

Այսօր չեք գտնի Հայաստանի Հանրապետությունում քաղաքացի, ով ասում է՝ ես ի՞նչ եմ որոշում: Որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է։ Եվ սա մեր քաղաքական թիմի ամենամեծ առաքելությունն է եղել, և այս առաքելությունը մենք իրականացնելու ենք մինչև վերջ:

Եվ, ամենակարևորը, կրկին եմ ասում, քաղաքացու համոզմունքն է: Ինչպես դատական համակարգի, արդարադատության պարագայում ասացի, շատ կարևոր է, որ սա, այսպես ասած, ոչ թե մեր բարի կարգի դրսևորումն է։ Հիմա եթե մենք ուզենանք էլ, որ այդպես չլինի, չենք կարող անել: Հասկանո՞ւմ եք: Սա է կարևորը: Ինստիտուցիոնալ փոփոխությունը դա է: Հիմա եթե մենք՝ որպես իշխանություն, ուզենանք էլ ընտրությունների արդյունքները կեղծել, մենք չենք կարող դա անել, հարգելիներս։ Որովհետև ոչ ոք՝ նախ մեր թիմի ներսում, և երկրորդը՝ հանրությունը թույլ չի տա ոչ միայն մեզ, որևէ մեկին թույլ չի տա ընտրությունների արդյունքները կեղծել:

Ես հիմա համառոտ ներկայացրի այն, շատ կարևոր եմ համարում, ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք մենք իրականացրել ենք վերջին 3 տարվա ընթացքում:

Լրջագույն, կարևորագույն, շրջադարձային, դարակազմիկ ինստիտուցիոնալ փոփոխությունն այն է, որ մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստանալով իշխանությունը, հենց ինքներս նախաձեռնել ենք այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և նրա հետագա ճակատագրի որոշումը ժողովրդին պատվիրակելու որոշումը: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում իսկապես շատ բան է փոխվել, և, թույլ տվեք ասել, որ այդ փոփոխություններն անշրջելի են:

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացին 2018 թվականից ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ բարձրագույն իշխանությունը և իշխանության տերն ու տնօրենը Հայաստանի Հանրապետությունում: Այն կարգախոսը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին երկար տարիներ վանկարկում էր Հայաստանի փողոցներում և հրապարակներում, այսօր իրականություն է: Այդ կարգախոսը հետևյալն է. «Մենք ենք տերը մեր երկրի»:

Այո՛, սիրելի քաղաքացիներ, զեկուցում եմ, որ դուք եք տերը մեր երկրի: Եվ սրանով թերևս ամեն ինչ ասված է:

Շնորհակալ եմ»:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]