Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառ է դիտարկում մարդկային գործոնը

ԱԻՆ-ը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառ է դիտարկում 
մարդկային գործոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման ամենահավանական պատճառ է դիտարկում մարդկային գործոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ նշելով, որ իրենց մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի պարզեն, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել ցնցումը:

«Երեկվա միջադեպից հետ մեր մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանանք հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է: Այժմ միանշանակ կարելի է բացառել, թե երկրաշարժ է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, ցնցումը մարդկային գործոնի հետևանք է: Տարբեր վարկածներ կան, թե մարդկային ինչպիսի գործոնի հետևանքով կարող էր տեղի ունեցած լինել այդ ցնցումը, հնարավոր է, որ հարակից տարածքում ընթացող շինարարությունն է պատճառը կամ թրթուրավոր տեխնիկա է անցել, որից էլ առաջացել է ցնցումը: Տեղադրված սարքերի միջոցով հստակ կպարզենք, թե ցնցումն ինչի հետևանք է»,- ասաց Զարգարյանը:

«Դալմա գարդեն մոլը» հունվարի 9-ի երեկոյան տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ու առևտրի կենտրոնի հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել. «Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում «Դալմա գարդեն մոլ»-ում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10-ին, «Դալմա գարդեն մոլը» չի աշխատելու։ Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի: Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am