Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դիտարժան ու էմոցիոնալ խաղեր, գրանցված հիշարժան փաստեր Մունդիալ-2022-ում. հայ երկրպագուները ֆուտբոլային տոնի շունչը զգում են Առաջին ալիքի եթերում

Դիտարժան ու էմոցիոնալ խաղեր, գրանցված հիշարժան փաստեր Մունդիալ-2022-ում. 
հայ երկրպագուները ֆուտբոլային տոնի շունչը զգում են Առաջին ալիքի եթերում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թափ է հավաքել. միլիոնավոր երկրպագուներ մարզադաշտերից ու հեռուստաէկրանների առջև երկրպագում են իրենց սիրելի թիմերին՝ ապրելով անհավանական էմոցիաներ, իսկ առաջնության առաջին տուրի շրջանակներում կայացած խաղերը իսկապես էմոցիաներ պարգևող են, հետաքրքիր ու դինամիկ: Մունդիալ-2022-ի շրջանակներում կայացել է 12 խաղ, սակայն արդեն կարելի է պնդել, որ առաջնությունը հետաքրքիր է ու դիտարժան: Վստահաբար, երկրպագուներին առաջիկայում սպասվում են փայլուն ֆուտբոլային ներկայացումներ: 

Առաջնության ընթացքում արդեն իսկ արձանագրվել են մի շարք հիշարժան իրադարձություններ: Օրինակ, Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն, Ավստրալիայի դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ, հավաքականում իր գոլերի քանակը հասցրեց 51-ի և այդ ցուցանիշով հավասարվեց Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Տիերի Անրիին: Եվս մեկ գոլ՝ և Ժիրուն կդառնա Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն, իսկ դրա հնարավորությունը ֆրանսիացի հարձակվողը միանշանակ կունենա, և չի բացառվում, որ դա տեղի կունենա հենց այս Մունդիալի ընթացքում:

Եվս մեկ հիշարժան փաստ արձանագրվել է նոյեմբերի 23-ին: Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին, գրավելով Կոստա Ռիկայի դարպասը, դարձել է Պելեից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Մունդիալում: Գավին 18 տարեկան եւ 110 օրական է։ Պելեն 1958թ․ աշխարհի առաջնությունում Շվեդիայի (5:2) դարպասը գրավել է, երբ 17 տարեկան եւ 249 օրական էր։ Այս Մունդիալն ինչ-որ չափով զերծ չէ նաև քաղաքական իրադարձություններից: Իրանի հավաքականի ֆուտբոլիստները, օրինակ, Անգլիայի դեմ խաղի մեկնարկից առաջ չեն երգել իրենց երկրի օրհներգը՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով երկրում շարունակվող հակակառավարական ցույցերի մասնակիցներին: Ամեն ինչ դեռ առջևում է, և շատ հնարավոր են նոր ռեկորդներն ու հիշարժան իրադարձությունները:

Մունդիալ-2022-ի հանդիպումները Հայաստանում հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը: «Արմենպրես»-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխարհի առաջնության հանդիպումները հայ երկրպագուների համար մեկնաբանող սպորտային մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանի և Արմեն Գարամյանի հետ, պարզել նրանց ակնկալիքները մեկնարկած առաջնությունից:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանը նշեց, որ սպասելիքները մեծ են. չորս տարի ֆուտբոլասերները սպասում են և միշտ լուրջ ակնկալիքներով, որ եթե անգամ իրենց սիրած հավաքականն էլ չհաղթի, գոնե ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ կդիտեն: «Անսովոր առաջնություն է, քանի որ  առաջին անգամ է շատ բան լինելու: Առաջին անգամ անցկացվում է արաբական երկրում, առաջին անգամ է անցկացվում ձմռանը և, միգուցե,  ֆուտբոլասերները դիտելու հետ կապված անհարմարություններ ունենան»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջնության ֆավորիտներին՝ Քալանթարյանն առանձնացրեց Բրազիլիայի և  Արգենտինայի հավաքականներին, քանի որ այդ թիմերը  իրենց մարզավիճակով և ֆուտբոլիստների ընտրությամբ մի փոքր տարբերվում են: «Աշխարհի առաջնությունում միշտ երկու, երեք մինչև հինգ հավաքական կա, որ կարող է հաղթել, և հազվադեպ է լինում, որ այդ հնգյակից դուրս ինչ-որ մեկն է հաղթում»,-հավելեց Էդուարդ Քալանթարյանը:

Նրա խոսքով՝ շատ ուժեղ կազմ ունի նաև Պորտուգալիան, որը կարող է պայքարել չեմպիոնության համար:

Առաջին ալիքի սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանն էլ աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի: «Սա  ամենաթանկ աշխարհի առաջնությունն է` ենթակառուցվածքների առումով: Մարզադաշտերից  8-ից 7-ը նոր են կառուցվել ու բոլորը՝ առաջնության ստանդարտներին համապատասխան. ամեն ինչ արվել է հատուկ այս առաջնության համար»,-ասաց Գարամյանը՝ հավելելով, որ իր համար ֆավորիտները Արգենտինան ու Բրազիլիան են:

«Ես երկրպագելու եմ Պորտուգալիայի հավաքականին, իսկ եվրոպական հավաքականներից թաքնված ֆավորիտը ինձ համար Դանիայի հավաքականն է»,-ընդգծեց մեկնաբանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ  Հանրայինը մշտապես փորձում է իր հեռուստադիտողին մասնակից դարձնել աշխարհի կարևորագույն իրադարձություններին՝ լինեն դրանք երաժշտական, մշակութային,  թե սպորտային: «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, բնականաբար, այդ շարքում է: Առաջնության խաղերին երկրպագուները սպասում են 4 տարի, և մենք պարզապես չէինք կարող չցուցադրել ֆուտբոլային աշխարհի այս կարևորագույն իրադարձությունը: Մարզական հաղորդումներն ու հատուկ թողարկումները մեր եթերի անբաժան մասն են, այս շրջանում մենք նաև նոր ձևաչափեր ենք սկսել, որպեսզի յուրաքանչյուր մարզասեր հենց Առաջինի եթերում զգա ֆուտբոլային տոնի շունչը»,-ասաց նա:

 Մովսիսյանի խոսքով՝  սպորտը Հանրայինում շատ կարևոր ուղղություն է:

«Մենք այս 2 տարիների ընթացքում փորձել ենք սպորտային հեռուստաարտադրանքը մեծացնել մեր եթերում: Կարելի է ասել բոլոր այն կարևոր առաջնությունները, որոնց հայ մարզիկներ են մասնակցում, Հանրայինի եթերում ցուցադրվում են»,-ընդգծեց հեռուստաընկերության գործադիր տնօրենը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]