Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության դիմաց պահանջում էին բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության դիմաց պահանջում էին բացել 
Ամուլսարի հանք տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի դիմաց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հուլիսի 2-ին  բողոքի ակցիա էին կազմակերպել. նրանք պահանջում են բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ արդեն շուրջ 10-օր է՝ճանապարհը փակ է:

«Մենք դիմել ենք  և իշխանություններին, և ոստիկանությանը ու այսօր դեռ  ոչինչ չի արվել, որ ճանապարհը բացվի: Այս ակցիայի նպատակն է՝ ցույց տալու իշխանություններին , որ կա աշխատակիցների մեծ զանգված, հազարավոր ընտանիքներ, ովքեր ուզում են աշխատել և օրինական կերպով իրենց իրավունքները պաշտպանել»,- ասաց Ալոյանը:

Նրա խոսքով`12 տարի է, ինչ ուղղորդված փորձեր են իրականացվում ընկերության վարկանիշի վրա ազդելու համար:

«Բնապահպանական և  սոցիալական բոլոր չափանիշները ամենաբարձր մակարդակով պահպանվում են: Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա նման ընկերություն և ձեռնարկություն, որն ապահովում է այնպիսի բարձր չափանիշներ, ինչպիսին ունի «Լիդիան Արմենիա»-ի Ամուլսարի ծրագիրը»,- ասաց Ալոյանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը հորդորեց բացել ճանապարհը, որպեսզի ընկերությունը կարողանա սկսել աշխատանքը, ինչին զուգահեռ կիրականացվեն թե ստուգումների, և թե բնապահպանական աուդիտի գործընթացները:

«Ես վստահ եմ, որ մենք բնապահպանական խնդիրներ չունենք : Մենք ցանկանում ենք վերականգնել օրինականությունը: Մենք բոլոր թույլտվությունները ստացել ենք օրինական կերպով: Ընկերությունն ավելի քան 150 հանդիպում է ունեցել շրջակա համայնքների հետ: Այդ հանդիպումների հիման վրա, հաշվի առնելով բոլոր բնապահպանական ռիսկերը, մենք նախագծել ենք ծրագիրը: Հիմա իրականացնում ենք աշխատանքներ, որոնք մոտենում են ավարտին: Տարվա վերջ նախատեսում ենք ոսկու կորզումը ծրագրից»,- եզրափակեց Ալոյանը:

Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա: 

Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը շուրջ 10 օր փակ են պահում բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշում է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են: Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am