HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրգանական քիմիայի հայ «կամիկաձեները» դեղեր են արտադրում, վաճառում եւ արտահանում

Մարինե Մարտիրոսյան

Վահե Սարուխանյան

«Կառավարությունն էլ ի՞նչ է պահանջում մի գիտական հիմնարկից, որի արտադրանքն այսօր դեղատներում է: Հայտնագործությունից մինչեւ դեղի ստացումն ամբողջությամբ մենք ենք անում»,- ասում է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը:

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ձեւավորվել է 2006 թ. կառավարությամբ որոշմամբ: Դրա կազմում են 3 գիտական հիմնարկներ՝ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955-ին քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Մնջոյանի կողմից), Օրգանական քիմիայի ինստիտուտը (1957 թ.) եւ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (1994 թ.):

«Քիմիկոսներն արդեն կամիկաձեներ են»

Վիգեն Թոփուզյանին հանդիպում ենք գիտատեխնոլոգիական կենտրոնի բակում: Զրույցը սկսում ենք այգուց: Ասում է՝ պատահական չէ, որ քիմիական ինստիտուտների շուրջը կանաչ գոտի է ստեղծվում: «Քիմիկոսներն արդեն կամիկաձեներ են, մեր ամեն մի փորձը վտանգավոր հատված էլ ունի, շատ զգույշ պետք է լինել: Քիմիկոսներին էլ է պետք մաքուր օդը, կանաչ տարածքը: Ամբողջ աշխարհում լուրջ ինստիտուտները կանաչ գոտի ունեն, անտառների մեջ են»,- նկատում է տնօրենը:

Նախկին 10 հա տարածքից այսօր 7-ն է մնացել: «Կտրեցին-կտրեցին, դարձավ 7-ը»,- նկատում է Վ. Թոփուզյանը: 1 հա-ի չափ տարածք հատկացվել է երիտասարդներին բնակարաններով ապահովելու ծրագրին, որի շրջանակներում արդեն 2 շենք է կառուցվել Սեւակի փողոցում, կենտրոնի շենքերից մեկն էլ հատկացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի վարչությանը: Դոկտոր Թոփուզյանը պատմում է, որ նշված երկու դեպքում էլ իրենք իբրեւ հատկացվելիք տարածք առաջարկել էին Քանաքեռում գտնվող Օրգանական քիմիայի ինստիտուտի 5,5 հեկտարը՝ 4 շենքով, բայց առաջարկները չեն ընդունվել: Արդյունքում գիտնականներից վերցրել են Ազատության պողոտայի եւ Սեւակի փողոցի խաչմերուկում գտնվող տարածքի մի մասը: Ի սկզբանե այստեղ են գործում Մնջոյանի անվան ինստիտուտն ու ՄԿՈւ կենտրոնը:

2006-ին 3 հիմնարկների միավորմամբ մեկ կենտրոն ձեւավորելուց հետո Քանաքեռի տարածքը հանձնվել է պետությանը, սակայն դրա պահպանման ծախսերը (տարեկան մոտ 5 միլիոն դրամ) շարունակում է հոգալ գիտատեխնոլոգիական հիմնարկը: Վիգեն Թոփուզյանն ասում է, որ հարցը բազմիցս բարձրացրել են պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջ: Վերջինս էլ ասել է, որ թեեւ պետությանն է հանձնված տարածքը, կենտրոնը թող շարունակի իրականացնել դրա պահպանությունը, մինչեւ գնորդ կգտնեն: Թոփուզյանն իր հերթին նշում է, որ գիտական հաստատության համար դա զգալի գումար է, ինչը կարող են ուղղել ինստիտուտի այլ կարիքներին:

Տնօրենը նշում է, որ, բնականաբար, լավ գաղափար է երիտասարդներին մատչելի բնակարաններով ապահովելը, բայց քիմիական ինստիտուտներին մոտ բնակելի շենքեր կառուցելը ճիշտ չէ. «Ի վերջո, քիմիական ինստիտուտներ են, կարող է հոտ տարածվի, եւ դրա մասին առաջինը բողոքեն բնակիչները»:

Երբ բոլորի աչքը տարածքի վրա է

Այսօր կենտրոնում 11 շենք կա, որոնք տարբեր նպատակների են ծառայում՝ լաբորատորիաներ, պահեստներ, դեղահումքի եւ դեղաձեւի արտադրություն եւ այլն: Խորհրդային տարիներին այստեղ կար նաեւ ատաղձագործական արհեստանոց, որտեղ սխեմաներ էին պատրաստում նոր սինթեզների համար:

«Շինություններ շատ կան, բայց, չգիտես ինչու, մարդկանց աչքը դրանց ու տարածքի վրա է: Քանի տարի է՝ գոռում ենք, ասում ենք՝ վերեւն ազատ է (նկատի ունի Օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքը Քանաքեռում- հեղ.), գնացեք, բայց չեն գնում, անպայման այստեղ պիտի լինեն»,- ասում է տնօրենը:

Պետությունը մասնակից չէ կենտրոնի ձեռնարկին

2013-ից դեղերի ամպուլավորումն ու պարկուճավորումն անում են «Արփիմեդ» ընկերությունում, քանի որ կառավարության որոշմամբ՝ նույն թվականի հունվարի մեկից Հայաստանի դեղարտադրության ոլորտն անցել է GMP ստանդարտի (Good Manufacturing Practice- պատշաճ արտադրական գործունեություն): Այսինքն՝ քանի դեռ համապատասխան չափորոշիչները չեն բավարարում, դեղաձեւի արտադրությամբ զբաղվել չեն կարող:

Բակում շրջելիս Վիգեն Թոփուզյանը մատնացույց է անում միհարկանի շինությունը, որտեղ նախկինում եղել են ուսանողների համար նախատեսված լաբորատորիաները: Ներկայում նախատեսում են այստեղ դեղաձեւերի արտադրություն հիմնել, որը կբավարարի GMP ստանդարտների պահանջները: Դրա համար մոտ 90 միլիոն դրամ է անհրաժեշտ: Կառավարությունն այս հարցում, Վ. Թոփուզյանի փոխանցմամբ, չի օգնում, եւ գիտական հիմնարկը պետք է հույսը դնի իր ուժերին, ինչը բավական դժվար է:

«Եթե գումար լինի, շուտ կավարտենք: Մեր միջոցներով եմ անում, արտադրությունից ստացած գումարից մի հատվածը դնում եմ այստեղ, մյուսը՝ այնտեղ: Ինձ ասում են, թե արտադրություն ունես, պիտի չնեղվես, բայց դրան զուգահեռ իմ խնդիրներն էլ են մեծ: Պետությանը դիմել եմ, բայց պետությունը գտնում է, որ այսօր չի կարող մասնակից լինել այդ գործում, եւ ես չեմ կարող գնալ ստիպել»,- ասում է տնօրենն ու հավելում, որ հանրապետությունում գիտի մարդկանց, ովքեր դեղ են արտադրում առանց GMP չափորոշիչների, բայց անուններ չի նշում:

Արտադրությունը 8 ամսով կասեցվել էր կառուցված ռեստորանի պատճառով

Դոկտոր Թոփուզյանը պատմում է, որ 4-5 տարի առաջ առողջապահության նախարարությունից եկել էին ստուգումների: 1990-ականներին կենտրոնի ցանկապատի տակ մի ռեստորան էր բացվել: Ստուգողները նախարարին զեկուցել էին, որ նորմերը չեն պահպանվել, ինչի արդյունքում արտադրական պրոցեսը կասեցրել էին: Մեր զրուցակիցն ասում է, որ իրենք մոտ 8 ամիս պայքարում էին. «Գրել էի, որ այս ինստիտուտը կառուցվել է 50-ականների վերջին, իսկ ռեստորանը՝ 90-ականների կեսերին: Եվ 1950-ականներին չէինք կարող կանխատեսել, որ 90-ականներին դուք թույլ կտաք, որ մեկն ու մեկը գա ռեստորան կառուցի»:

Մի դեպք էլ Վ. Թոփուզյանը հիշում է տարիներ առաջ էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպումից, որին մասնակցում էին դեղագործները: Ասել էր, թե շատ դեպքերում տեղացի արտադրողը հումքը բերում է Հնդկաստանից կամ Չինաստանից, սարքի միջոցով հաբ պատրաստում ու արտահանում, բայց կարեւոր է, որ շեշտը դրվի հենց տեղական՝ հայկական արտադրանքի վրա: Նախարարն էլ, ըստ գիտնականի, զարմացել էր, թե մենք հայկական դեղ ունե՞նք. «Ասացի՝ շատ եմ ցավում, որ պիտի իմ նախարարին հուշեմ, որ Հայաստանը դա ունի»:

Գիտական հիմնարկը 4 տեսակի դեղ է արտադրում

Պրոֆեսոր Թոփուզյանը, ով միացյալ կենտրոնից բացի ղեկավարում է նաեւ Մնջոյանի անվան ինստիտուտը, ասում է, որ վերջինս միակն է հանրապետությունում, որ դեղի պատրաստման գործընթացը՝ հայտնագործությունից մինչեւ դեղատուն հասցնելը, անում է սեփական ուժերով:

Մինչեւ Հայաստանի անկախացումը ինստիտուտը 14 դեղ էր արտադրում, որոնց հիմնական մասի արտադրությունը դադարեցվեց ֆինանսների բացակայության պատճառով: Անկախությունից հետո կարողացել են վերականգնել միայն մի քանի դեղեր՝ գանգլերոնը, դիթիլինը, թիյոդինն ու կապրոֆերը:

Գանգլերոնը սիրտ-անոթային համակարգի դեղամիջոց է, պաշտպանում է ցավերից, սպազմներից, նեւրոզներից, բացի ամպուլավորումից, 3-4 տարի առաջ այն սկսել են արտադրել նաեւ պարկուճի ձեւով:

Դիթիլինը պերիֆերիկ մկանային ռելաքսանտ է, թուլացնում է պրկված մկանները: Օգտագործում են վիրաբույժները, արտադրվում է դեղահումքի ձեւով:

Թիյոդինը բարձր էֆեկտիվությամբ հակառեւմատիկ միջոց է, օգտագործում են մեջքի ցավերի, իշիազի, ռադիկուլիտի դեպքում, արտադրվում է ամպուլավորված:

Կապրոֆերն արյունը մակարդող միջոց է, հիմնականում ատամնաբույժներն են օգտագործում, արտադրվում է պարկուճներով:

 

Գանգլերոնը բացի տեղական շուկայից, արտահանվում է Ուկրաինա եւ Բելառուս: Այժմ գրանցման փուլում է նաեւ Վրաստանում: Դրանով հետաքրքրվել են նաեւ Մոսկվայում: «Մոսկվայի մեր գործընկերները ցանկանում են, որ այն գրանցեն Ռուսաստանում: Եթե գրանցեմ, մեզնից կգնեն, եւ շատ հոգսեր կթեթեւացնենք, պետությանը չենք դիմի»,- նշում է Վ. Թոփուզյանը:

«Հիմա աշխատում ենք հակաայրվածքային դեղի վրա, որի նախակլինիկական փուլը շուտով կավարտվի, նոր միացություն ենք գտել, որ ցիռոզից է պաշտպանում: Անընդհատ փնտրտուքի մեջ ենք: Մոլեկուլ ունենք, որ կարող է օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության բուժման կամ գոնե խորացումը կանգնեցնելու ուղղությամբ: Շատ բաներ ունենք, աշխատում ենք: Մերոնք լրիվ ֆանատներ են, սիրում են իրենց գործը»,- ասում է մեր զրուցակիցը:

Խնդիրների մասին

Կենտրոնի բակում կանգնած «Բելառուս» տրակտորին ենք նայում: Եթե դա չլինի, ձմռանը քայլելը դժվար կլինի տարածքում, ձնամաքրման աշխատանք է կատարում:

«Խորհրդային տարիներից է մնացել: Եթե այն ամենը, ինչ խորհրդային է, թափենք, ինստիտուտն էլ պիտի փակենք, որովհետեւ շատ բաներ այդ շրջանից են մնացել»,- ասում է տնօրենը:

Կենտրոնն այսօր 285 աշխատակից ունի, որից 184-ը՝ գիտաշխատող: Աշխատողների թիվը վերջին տարիներին գրեթե նույնն է, բայց Վ. Թոփուզյանն ասում է, որ կազմը երիտասարդացնելու մեծ ցանկություն ունի: Մոտ 30 տոկոսն է երիտասարդ: 106 աշխատակից նվազագույն աշխատավարձ է ստանում (55.000 դրամ): Ամենաբարձր «մաքուր» աշխատավարձը 222.920 դրամ է, որը ստանում է տնօրենը:

ՕԴՔԳԿ
Infogram

Պետբյուջեով հաստատված այս թվերը տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են կրել: Մասնավորապես՝ 2014-ին բազային ֆինանսավորումը, տարեվերջյան տվյալներով, կազմել է շուրջ 307 մլն դրամ, իսկ թեմատիկ հետազոտությունների համար հատկացվել է ավելի քան 41 մլն, 2015-ի վերջում բազայինը եղել է շուրջ 340 մլն, իսկ թեմատիկը՝ 32 մլն: Անցյալ տարի էլ բազային ֆինանսավորումը տարեվերջին կազմել է 335 մլն դրամ, իսկ թեմատիկ հետազոտություններին տրամադրվել է 42 մլն: Փոփոխված թվերը մեզ տրամադրել է գիտատեխնոլոգիական կենտրոնը:  

Վերջինս 2014 թ. ստացել է 4 դրամաշնորհ, իսկ 2015-2016 թթ.՝ 1-ական: Հիմնական դոնորներն են եղել Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամն (ԳԱՏԱՀ) ու Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ, ANSEF):

Ցածր աշխատավարձի պատճառով գիտական ինստիտուտներում շատ չեն մնում երիտասարդները: Պրոֆեսորն օրինակ է բերում, որ իրենց մոտ գալիս, դեսերտացիա են պաշտպանում, հետո գնում այլ երկրներում աշխատում: Ասում է, թե երիտասարդներին չի կարող մեղադրել, բայց Հայաստանի գիտության մեջ սերնդափոխության հարց կա:

Տեխնիկական անձնակազմից մոլոկան Իվան պապը ամենաաշխատասերներից մեկն է կենտրոնում 

Վիգեն Թոփուզյանը նշում է, որ կենտրոնի խնդիրներից են նաեւ աշխատանքային լիարժեք պայմանները ստեղծելը, քիմիական նոր փորձանոթներ գնելը, ժամանակակից սարքավորումներով վերազինվելը:

Օրգանական քիմիայի բախտը «որոշողին» էլ օգնություն է պետք

Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը ստեղծվել է 1994-ին: Քիմիական գիտությունների թեկնածու, լաբորատորիայի վարիչ Հենրիկ Փանոսյանն այն տարիներին կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր: Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը ժամանակակից սարքերի ձեռքբերումն է: Ցույց է տալիս 1997-ին ամերիկյան դրամաշնորհով ձեռք բերած սարքը՝ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրը (տես գլխավոր լուսանկարում): Այն ինֆորմատիվ սարք է օրգանական նյութերի համար, դրա միջոցով հաստատվում են նյութերի կառուցվածքները: «Այս սարքը մեր հաց ու ջուրն է: Ամբողջ օրգանական քիմիայի բախտն է այստեղ որոշվում»,- նկատում է Հ. Փանոսյանը:

Սպեկտրոմետրի կյանքը առավելագույնը 10 տարի է, երկրներ էլ կան, որ 3 տարի են օգտագործում: Մինչդեռ Հայաստանի դեպքում այն արդեն 20 տարի աշխատում է: 2 տարի առաջ խափանվել էր, վերանորոգելու համար ակադեմիային էին դիմել, որը մոտ 7 միլիոն դրամ էր հատկացրել: Վերանորոգումից 6 ամիս անց կրկին խափանվել էր, բայց այս անգամ ՄԿՈւԿ-ն իր միջոցներով էր նորոգել: Սարքը նորով փոխարինելու համար մոտ 700 հազար եվրո է անհրաժեշտ:

«Նախագահին, վարչապետին բանավոր ու գրավոր ասել ենք, որ քիմիական հատվածի համար կարեւոր սարքի պակաս ունենք, բայց առայժմ պատասխան չկա: Երկու տարի է՝ պայքարում ենք, դեռ արդյունքի չենք հասել»,- նշում է Վիգեն Թոփուզյանը, ապա ավելացնում է, թե իրենք էլ հասկանում են, որ մեծ գումար է, բայց սարքը անհրաժեշտ է Հայաստանի բոլոր օրգանիկ քիմիկոսներին:

Որ պետությունը հարգի գիտնականին

Դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանն ասում է, որ այսօրվա գիտնականը պետությունից միայն մի բան է ակնկալում՝ հարգանք իր գործի հանդեպ: Ըստ նրա՝ մեր երկրում գիտության ոլորտում տեղեր կան, որոնք օազիսներ են: Նման օազիս է փորձում դառնալ նաեւ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը:

«Պետությունն ուզի-չուզի, մենք աշխատելու ենք, մենք աշխատող ենք: Նոր դեղ էլ կմտցնենք, որ թանկ հաճույք է լինելու, պետությունը չի աջակցում, բայց մենք մեր քրտինքով առաջ կգնանք»,- զրույցը եզրափակում է կենտրոնի ղեկավարը: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Շնորհակալություն մեր նվիրյալ գիտաշխատողներին: ❤

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter