Մատչելիության հղումներ

Շատ երկրներում Կանանց միջազգային օրը նշվում է նաև բողոքի ցույցերով


Կանանց ցույցը Մադրիդում:
Կանանց ցույցը Մադրիդում:

Մանիլայից մինչև Մադրիդ այսօր՝ Կանանց միջազգային օրը հազարավորներ կանայք կրկին փողոց են դուրս եկել՝ հանուն հավասարության ու իրենց իրավունքների պաշտպանության:

Իսպանիայի մայրաքաղաքում բողոքի ցույցը դեռ կեսգիշերից էր սկսվել. շերեփները կաթսաներին հարվածելով՝ հարյուրավոր կայանք պահանջում էին հավասար պայմաններ ապահովել աշխատավայրում, վերջ տալ ընտանեկան բռնություններին ու երկրում իշխող «մաչոյական» մշակույթին:

«Մենք պայքարում ենք հանուն հավասարության, հանուն կանանց իրավունքների, ապացուցելու համար, որ մենք ստորադաս չենք, ուզում ենք աշխատել և տղամարդկանց նման նույն իրավունքներն ունենալ: Մենք չպետք է վախենանք բաձրաձայնել մեր խնդիրները և չպետք է տառապենք միայն այն պատճառով, որ կին ենք ծնվել», - հայտարարում էին ցուցարարները:

Եվրահանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, Իսպանիայում կանայք տղամարդկանցից մոտ 15 տոկոսով ավելի ցածր են վարձատրվում:

Հանուն իրավունքների հավասարության նախկինում երկրի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել: Այս տարի, սակայն, առաջին անգամն է, որ իսպանուհիները ողջ երկրով մեկօրյա գործադուլ են հայտարարել: Ընդ որում, բողոքի այդ ակցիային միացել են ոչ միայն Մադրիդի ու Բարսելոնայի կին քաղաքապետերը, այլև հազարավոր տնային տնտեսուհիներ:

«Կարևոր չէ՝ աշխատավայրում թե տանը, եթե կինը գործ չի անում, աշխարհը կանգնում է», - վանկարկում էին ակտիվիստները:

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հարյուրավոր կանայք՝ վարդագույն պաստառներով ու զգեստներով, բողոքի ցույցի են դուրս եկել նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դեմ՝ նրան որակելով կանանց իրավուքնները կոպտորեն ոտնահարող բռնարար: Անցած ամիս, ըստ հաղորդումների, ֆիլիպինցի առաջնորդը կառավարական զորքերին հրահանգել էր կրակել կին զինյալների սեռական օրգանների վրա՝ «որպեսզի նրանք դառնան անպիտան»:

Հոնկոնգում ևս զանգվածային բողոքի ցույցեր են. «Մենք ստրուկ չենք», - վանկարկում են կանայք: - «Մենք նախ և առաջ բողոքում ենք չկարգավորվող աշխատանքային օրվա դեմ, մեր մեծ մասն աշխատում է առնվազն 12 ժամ, ոմանք՝ անգամ 16-18 ժամ»:

Չինաստանի համալսարաններից մեկում կանայք առիթն օգտագործել են՝ քննադատելու սահմանադրության ակնկալվող փոփոխությունը, որով նախագահին տրվում է անժամկետ իշխելու իրավունք: Պաստառներից մեկը հումորով պնդել է՝ սիրեցյալի պաշտոնավարումն է, որ պետք է լինի անժամկետ:

Հարավային Կորեայում զանգվածային ցույց են անցկացրել Հոլիվուդից սկիզբ առած #Metoo («Ես ևս») շարժման հետևորդները: Սեռական ոտնձգությունների ու խտրականության դեմ այս պայքարը երկրում մեծ թափ է ստացել տարեսկզբին, երբ կին դատախազներից մեկը հրապարակավ խոստովանեց, թե ինչ բարքեր են տիրում աշխատավայրում, և ինչպես են տղամարդիկ իրենց իրավունքները ոտնահարում: Աղմահարույց հայտարարությանը հետևեցին նորերը՝ ստիպելով մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնող տղամարդկանց հրաժարական տալ: Վերջիններիս թվում է նաև Հարավային Կորեայի նախագահի պաշտոնին հավակնող նահանգապետերից մեկը, ում մեղադրում են քարտուղարուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեջ:

Միացյալ Նահանգներում ևս այսօր տասնյակ ցույցեր են նախատեսված: Մինչ այդ երկրի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՄըքԴոնալդսը», կանանց անակնկալ է մատուցել: Առաջին անգամ իր պատմության մեջ «ՄըքԴոնալդսի» հարյուրավոր ռեստորաններ գլխիվայր են շրջել իրենց հայտնի խորհրդանշանը՝ M-տառը դարձնելով W (women), որ թարգմանաբար նշանակում է կին:

Կանանց շնորհավորելու առիթը բաց չի թողել նաև Ռուսաստանի նախագահ, տասն օրից ընտրութունների պատրաստվող Վլադիմիր Պուտինը: Նա ոչ միայն սեփական բառերով է գովերգել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, այլև մի պարբերություն ընթերցել Անդրեյ Դեմենտևի «Ես գիտեմ, որ բոլոր կանայք են չքնաղ» բանաստեղծությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG