ՀՀ մարզային դպրոցներից մոտ 70 աշակերտ կոդավորման հիմնարար հմտություն է ստացել

ՀՀ մարզային դպրոցներից մոտ 70 աշակերտ կոդավորման հիմնարար հմտություն է ստացել

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի երկրորդ և ավարտական փուլը, որի շրջանակում մարզային երեք հիմնական դպրոցի աշակերտներին դասավանդվել են կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագրի նպատակն էր զարգացնել աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, թվային և այլ առանցքային ունակությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: Դասընթացներն անցկացվել են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների օգնությամբ։

Ծրագրի արդյունքներն ամփոփվել են առցանց միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին Սևանի Վլ․Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Ս․ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտները, ուսուցիչներն ու տնօրենները։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Micro:bit սարքերի կիրառությամբ պատրաստված նախագծեր։ Դրանց թվում էին ազդանշանային համակարգերի արձակման, հողի խոնավության չափման, էներգախնայողության, ինչպես նաև առօրյա կյանքում կիրառելի մի շարք նախագծեր։ Յուրքանչյուր նախագիծ ներկայացվել է ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Ամփոփիչ միջոցառմանը միացել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով, ողջունելով մասնակիցներին, նշել է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն կերպ փորձում է խրախուսել և խթանել դպրոցներում նորարարական և ստեղծագործական մոտեցումները, տեխնոլոգիական ուսուցումը։ Շնորհակալ եմ, որ այս ջանքերին միացել են նաև տեխնոլոգիական ոլորտի մեր գործընկերները, որոնք կրթությունը դիտում են որպես պոտենցիալ հարթակ, որտեղից էլ լավ գիտելիքներով ու մոտեցումներով օժտված երիտասարդները պետք է համալրեն մեր երկրի տնտեսության զարգացման համար հեռանկարային ուղղությունները»։

«Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության վարչության ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել է․ «Ուրախ ենք տեսնել այս նախագծի նման լավ արդյունքները: Ներկայացրած նախագծերը բոլորն էլ շատ լավն ու օգտակար էին, վստահ եմ այս գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներին դեռ շատ են պետք գալու կյանքում՝ ուսման և աշխատանքի մեջ»:

«Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է։ Այն պահանջված է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Բացի զուտ տեխնիկական բաղադրիչից, ծրագիրը երեխաներին հնարավորություն ընձեռեց զարգացնել քննադատական ու վերլուծական մտածողությունը` խնդիրները վեր հանելու և նորարարական լուծումներ գտնելու գիտակցումն ու կարողությունը։ Այս իմաստով, զուտ տեխնիկական հմտություններով զինելուց բացի, ծրագիրն ավելի լայն արդյունքներ արձանագրեց», - իր խոսքում նշել է Հայաստանում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Ընդհանուր առմամբ, պիլոտային այս ծրագիրը Հայաստանում իրականացվել է 8 ամիս` ներառելով Երևանից և մարզերից երեքական դպրոցներից թվով մոտ 140 աշակերտի։ Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչներն անցել էին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էին micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---