Ի պատասխան արցախյան գործընթացի բանակցային բովանդակության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 7 շրջանների հանձնման վերաբերյալ օրերս արած հայտարարության առնչությամբ հարցի՝ հունվարի 28-ին Եռաբլուր այցելած Սերժ Սարգսյանը ասել է, թե չի ուզում այս լուսավոր օրը անդրադառնալ հերյուրանքներին։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը հերյուրանք է համարում այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով դա որպես Արցախի հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգություն: Իսկ ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանն այդ դեպքում, երբ այն, ինչ ասում է Փաշինյանը, համարում է հերյուրանք: Ավելին, եթե այդ ժառանգությունն ավելի լավն էր, ապա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հարցազրույցներում խոսում հենց այն բովանդակությամբ բանակցության մասին, որը օրերս հրապարակել է Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում՝ Փաշինյանը հղում էր արել մամուլի հրապարակումների, մինչդեռ միանգամայն հանգիստ կարող էր հղում անել Սերժ Սարգսյանի 2016 թվականի հարցազրույցներին: Ինչ է ստացվում, Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցներում կեղծո՞ւմ էր իրականությունը: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ էր նա ներկայացնում մի իրականություն, որը չի եղել, ինչո՞ւ էր ինքն իր դեմ վատ տրամադրություն խթանում՝ պատմելով, թե ինչ վատ կամ, մեղմ ասած, վտանգավոր տարբերակի շուրջ բանակցել Ալիևի հետ: Ո՞րն էր այդ «քաղաքական մազոխիզմի» պատճառը, այն էլ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ հայտարարել է, թե մոտենում է հանրության հետ անկեղծ զրույցի ժամանակը: Ե՞րբ է գալու այդ ժամանակը, որպեսզի Սերժ Սարգսյանը հանրության հետ զրույցում խոսի նաև այն մասին, թե ինչպիսի գործընթաց է ծավալվել Արցախի հարցում, ինչն է հանգեցրել Ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչո՞ւ էր այդ պատերազմը մեզ համար, այդուհանդերձ, որոշակիորեն անսպասելի, երբ ծավալվում էր տարիների ընթացքում և չափազանց ակնհայտ ու վտանգավոր, աղաղակող դինամիկայով, ինչու Սարգսյան-Ալիև հետքառօրյա երրորդ և փաստորեն վերջին՝ ժնևյան հանդիպմանը որևէ խոսք կամ բառ բացակայել Վիեննայի օրակարգի, հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմների մասին, ինչպես է հաջողվել հանել դրանք օրակարգից, ի՞նչ ազդեցություն կամ կապ է եղել Վիեննային հաջորդած Սանկտ Պետերբուրգի հանդիպման և, փաստորեն, դրան մոտ մեկ ամիս անց հաջորդած Երևանում ՊՊԾ գնդի գրավման իրողությունների միջև, եթե նկատի առնենք այն, որ Սերժ Սարգսյանը հենց Սանկտ Պետերբուրգ ուղևորվելու ժամերին է ձերբակալել Ժիրայր Սեֆիլյանին:
Հատկապես նկատի առնելով նաև, որ Երևանում գնդի գրավմանը նախորդել էր ռուսական քարոզչական դաշտում աշխույժ շրջանառությունը տեղեկության, որ Սանկտ Պետերբուրգում նա համաձայնել է տարածքներ հանձնել՝ 5-ի փոխարեն երկուսը: Սերժ Սարգսյանն ունի իր «արցախյան ժառանգության» հարցում բոլոր «հերյուրանքները» ցրելու հնարավորություն, որից նա փաստորեն հրաժարվեց օգտվել «լուսավոր» օրը: Արդյո՞ք նա այդ հնարավորությունը պահում է առավել մութ կամ անլույս օրերի օգտագործելու սպասումով: