Կուսակցական հեռուստաալիք չկա. ՀՌԱՀ նախագահ
«Մեր պարտավորությունների շրջանակում նախընտրական ժամանակաշրջանում ենք դիտարկումներ կատարում»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս ասաց հիմնական զեկուցող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հարցին, թե հետևո՞ւմ եք լրատվությանը, կատարո՞ւմ եք մոնիտորինգ պարզելու համար, թե իրականության մեջ որքան է ընդդիմության տեսակարար կշիռը ԱԺ-ում հնչող հարցերի կամ ելույթների, որքանո՞վ է այն արտացոլվում լրատվության մեջ:
Գ. Բունիաթյանը նաև ասաց, որ նախընտրական ժամանակաշրջանից դուրս ժամանակ առ ժամանակ դիտարկումներ կատարում են, բայց քանի որ նմանատիպ պահանջներ չկան, իրենք այդտեղ որևէ խախտում չեն արձանագրել մինչև այս պահը:
«Եթե ունեք հատուկ առաջարկ, կարծիք կամ դիտարկում ինչ- որ լրատվամիջոցի, կարող եք ներկայացնել, մենք կարող ենք քննարկել այդ հարցը»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը:
Ա. Զեյնալյանը նաև հարցրեց՝ ընդունո՞ւմ եք, որ Հայաստանում կան կուսակցական կողմնորոշման հեռուստաալիքներ, Գ. Բունիաթյանն ասաց. «Կուսակցական հեռուստաալիք չկա: Իսկ եթե ինչ-որ խմբագրություն, հեռուստատեսություն իր դիրքորոշումներն ունի քաղաքական առումով, էլի խմբագրական, գրաքննության դաշտից է: Գտնում եմ, որ չկա, արտահայտված նմանատիպ երևույթ չունենք: Շատ լավ հասկանալով ենթատեքստը, եթե ժամանակի առումով դիտարկենք, մենք բավականին առաջընթաց ունենք: Այսօր նմանատիպ խնդիր, ինձ թվում է չկա»:
Պատգամավոր Ա. Զեյնալյանը նաև ասաց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը բավականին հնացած է, լրատվական կազմակերպությունները, լրագրողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների բավականին ընդարձակ ցանկ գտնում են, որ պետք է այն ենթարկվի փոփոխությունների, նույնիսկ նոր օրենքի նախագիծ մշակվի, պատրաստ եք արդյո՞ք համագործակցել այդ կազմակերպությունների հետ օրենքի մշակման հարցում:
Գ. Բունիաթյանը նշեց, որ բավականին բացեր կան առաջին հերթին կապված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ, պատրաստ են հարթակ տրամադրել, ձևավորել, համատեղ քննարկել:
«Իրոք, խնդիրները շատ են, բավական արագ զարգանում են առաջին հերթին տեխնիկական, որից բխում են մնացած այլ հարցերը»,- հավելեց ՀՌԱՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին