Բաժիններ՝

«Կա մեկ Օրենսդիր և մեկ Դատավոր…»

Շուրջ մեկ տարուց ավելի աշխատավայր տանող ճանապարհն անցնում եմ նույն երթուղայինով: Ժամանակի հետ անծանոթ դեմքերը ծանոթ  են դառնում, անգամ՝  հարազատ, ովքեր հաճախ ժպտում են՝ փոխանցելով դրական հույզեր ու զգացողություններ: Երբեմն էլ պատահում են մարդիկ, ովքեր չեն նկատում քո գոյությունը: Անծանոթ մարդիկ, ովքեր ամեն օր նույն ճանապարհով են գնում և վերադառնում, սկսում են միմյանց մասին կարծիքներ ձևավորել, երբեմն՝ դատել, երբեմն՝ սիրել կամ ատել…

…Ցավոք մենք դատում ենք  նրանց պահվածքով, հագուկապով, խոսքով, բայց ոչ երբեք՝ գործով: Այդ նույն ջանասիրությունը և եռանդը չենք խնայում նաև մեր մտերիմներին, հարազատներին ու բարեկամներին քարկոծելու համար:  Մեր Տերը պատգամում է սիրել մերձավորին և չդատել, քանի որ «կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք» (Մատթեոս Է 2):

«Հարանց վարք»-ում կա մի պատմություն, թե ինչպես վանական եղբայրները հավաքվում են դատելու եղբոր արարքը և կանչում են աբբա Մովսեսին: Մովսեսը մի պարկ ավազ է լցնում, շալակում և գնում մեղանչած եղբորը դատելու: Վանական եղբայրները, հանդիպելով վանահորը,  հարցնում են. «Այդ ի՞նչ բեռ ես շալակել»: «Դա իմ մեղքերն են,- պատասխանում է աբբան,- որոնք ես չեմ տեսնում, բայց հիմա գնում եմ դատելու ուրիշին՝ իր գործած մեղքերի համար, որոնք ինձ նկատելի են»: Եղբայրները, խրատվելով վանահոր պատասխանից, հրաժարվում են դատել իրենց եղբորը:

Մենք մարդկանց տարբերակում ենք «լավերի» և «վատերի», չհասկանալով, որ բոլորս էլ նույն կավանյութ շինվածքից ենք՝ արարված Տիրոջ պատկերով և նմանությամբ: Եվ որպես Աստծո պատկերով ստեղծված բանական էակներ՝ մենք չենք կարող դատել մեր նմանին, այլ  որպես պանդուխտներ ամեն օր պիտի արարենք մեր փրկությունը՝ հավիտենական կյանքի և երանության հասնելու համար:

Իրապես, եթե մենք գիտենք մեր սեփական մոլորությունները, և մեր խիղճը հանգիստ չի տալիս մեզ, որ ինչ-որ տեղ սխալ վարվեցինք, ապա արդյո՞ք դրանից հետո ուշադրություն կդարձնենք մերձավորի սայթաքումների վրա: Արդյո՞ք կդատենք ուրիշին ինչ-որ բանի համար, իմանալով, որ մենք էլ բազմիցս վարվել են քրիստոնյային անվայել ձևով:  Սուրբ Գրքում ասվում է. «Ինչու՞ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում: Կամ ինչպես քո եղբորն ասում ես՝ թող հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Նախ հանիր քո աչքի այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթեոս Է 3-5):

Եվ իրոք, երբ մարդն ազատված է որոշ մեղքերից, նա տեսնում է դրանց հաղթահարելու ճանապարհը և, դրանով ընթանալով, կարող է իր նմանին իր իսկ կյանքի փորձառությամբ առաջնորդել: Երբ որևէ մեկի մեղքը տեսնում ես և դատում` քո անձը վեր դասելով նրանից, արդեն սխալ ճանապարհով ես ընթանում: Երբ քննում ես, օգնելու, աջակցելու, ի սրտե բարին կամենալու մտադրությամբ, նմանվում ես այն մարդուն, ով ընկածի մոտով անտարբեր չի անցնում և ոչ էլ հարվածում է, այլ օգնում է նրան կանգնել՝ ցույց տալով իր եղբայրական սերն ու հոգատարությունը:

Երբ քննենք դեպի մեր միտքն ու սիրտը, կտեսնենք, թե մեր հոգու ներսում հանդես ենք գալիս դատավորի՞, թե՞ Ավետարանի բարի սամարացու առակի կամեցող ու օգնության հասնող մարդու դիտանկյունից: Ինչպե՞ս զանազանել բամբասանքը և առողջ քննադատությունը: Այս հարցը, թերևս, սերտորեն առնչվում է առաջինի հետ: Հակոբոս առաքյալը գրում է. «Եղբայրնե՛ր, մի՛ բամբասեք միմյանց. ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը, իսկ եթե օրենքն ես դատում, օրենք պահող չես, այլ՝ դատավոր: Կա մեկ Օրենսդիր և մեկ Դատավոր, որ կարող է փրկել և կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս Գ 11-12):

Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երևակայության մեջ պատրաստ են քանդել և փլուզել ամեն ինչ և նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին և սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման:

Որտեղի՞ց է առաջանում այդ ցանկությունը՝ ուրիշների մեջ նկատել միայն վատ կողմերը: Դատելու պատճառը թաքնված է մեր եսասիրության մեջ: Եթե մենք մեզ ավելի ենք սիրում, քան ուրիշներին, մերձավորի մեջ կտեսնենք միայն թերություններ, իսկ մեր մեջ միայն դրական կողմեր ու արժանիքներ, որպեսզի ցույց տանք, որ ուրիշներից ավելի լավն ենք: Իրականում մենք դրանով ավելի շատ ենք հայտնվում մոլորության ու ախտերի մեջ: Հովհան Մանդակունին ասում է. «Արդ դու՝ դատվա՛ծդ ու մեղքերով դատապարտվա՛ծդ, չե՞ս սոսկում ու դողում ուրիշի դատաստանը դատելուց, որ ո՛չ թե մարդու արհամարհեցիր ու անարգեցիր, այլ Աստծուն, և հափշտակելով Նրա պատիվն ու իշխանությունը՝ Նրա դատաստանն ես դատում…»:

Երբ քննենք մեր անձերը, ժամանակ չենք ունենա մեզ շրջապատող մարդկանց մեղքերն և մոլորությունները տեսնելու և դատելու համար, այլ զբաղված կլինենք մեր բազմաթիվ սխալներն ուղղելով և Աստծուն ավելի մոտենալով: Ուստի, փոխարեն իրար դատելու մի պահ կա՛նգ առնենք, քննե՛նք ինքներս մեզ, մեր միջից վանե՛նք չարը ու բարին ամուր բռնենք: Հիշենք, որ. «Փտած շիվերը խոր արմատներ չեն տա, թեկուզ ծաղկեն էլ, բայց խոր արմատներ չունենալու պատճառով կչորանան» (Սողոմոնի իմաստություն Դ 3-5):

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս