Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում մարտի 19-ի ժամը 18:30-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը մասնավորապես նշել է. «Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»։

Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակի կողմից հրատակվող «UN Special» ամսագրում լույս է տեսել Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ընդարձակ հարցազրույցը, որը կրում է «Առանձնահատուկ երեկո Վիկոտրիա հոլ սրահում» (An extraordinary evening at Victoria hall) խորագիրը։ Հարցազրույցում զգալի տեղ է հատկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների վերջին գագաթնաժողովը Շվեյցարիայում հյուրընկալելուն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ հրամայականներին՝ կարևորելով զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ 1994թ․ և 1995թ․ ստորագրված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումը։ Այս կապակցությամբ, Ազնավուրն ընդգծել է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի խոչընդոտի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը։

Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբը բանաձև է ընդունել՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախի Հանրապետությանն ու վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Բանաձևն ընդունվել է Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի և Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով:    

Հայոց ցեղասպանության դատապարտում   

Լեհաստանի Սենատի պատգամավորական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանում գտնված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատվիրակության կազմում են 27 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով շուրջ 50 պետական-քաղաքական գործիչներ: 

Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները հայկական համայնքի ջանքերի շնորհիվ չեղարկել են «1915. Օսմանյան Կայսրության ամենաերկար տարին» խորագիրը կրող ժխտողական համաժողովի անցկացումը: 

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»): Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: 

Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար, հայեր» խորագիրը կրող հոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընտրվել է Կաննի 71-րդ կինոփառատոնին մասնակցելու համար: Կինոփառատոնի ընթացքում հոլովակը կցուցադրվի ոչ մրցութային CANNES SHORT FILM CORNER ծրագրի շրջանակներում: Այն ցուցադրության կդրվի կինոշուկայի ուկրաինական տաղավարում:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 5-ին:  Այդ մասին հաղորդում է Acistampa-ն՝ Անդրեա Գալյարդուչիի հեղինակած հոդվածի միջոցով: Աղբյուրը նշում է, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի, արձանի բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի Երեւանում կայացած նիստն ընդունել է 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարություն։ Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ: ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին, ապա ներկայացրել բանախոսներին: Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և լեհական «Simed Construction» ընկերության միջև: Հուշագրի համաձայն՝ կողմերը կզարգացնեն պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Եվրոպայի խորհրդի հակակուռուպցիոն մարմինը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է նոր զեկույց Հայաստանում կոռուպցիան կանխելու նպատակով խմբի կողմից տրված երաշխավորությունների կատարման վերաբերյալ: GRECO-ն արձանագրել է, որ Հայաստանը գոհացուցիչ կերպով կյանքի է կոչել 18 երաշխավորություններից 5-ը: Մնացած 12-ը կիրառվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես կյանքի չի կոչվել:

Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 2-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը նույն վարչությունից ստացել է թույլտվություն՝ Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: 

Վրաստանը Ռուսաստանին կապող «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին իրար են բախվել Երևանից Տվեր ուղևորվող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Կա 2 զոհ, 8 տուժած։

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.5 տոկոսով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Պատասխանելով հարցին՝ «Պարո՛ն նախագահ, Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ հայտարարությունը քաղաքական ընդդիմությունը պարբերաբար հրապարակավ մեջբերում է։ Հարցը հետևյալն է. դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին», Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։ 

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի. «Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը։ ՀՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի և դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Մինչ այդ Հանրապետության Նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը։

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում: Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հանրային խորհրդի մասին, Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին, Միջհամայնքային միավորումների մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ Հանրապետության Նախագահի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, մասնավորապես, ջայլամաբուծության և պիստակի այգիների հիմնման ծրագրերին։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված  առաջարկություններ են ներկայացվել:

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին և տվեց հանձնարարականներ: Նա ընդգծեց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ վարչապետը  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։

Կառավարությունը հաստատեց Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:

Խոշոր հարկ վճարողներն անհրաժեշտության դեպքում ստիպված կլինեն հրապարակել իրենց հաշվետվությունները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին օրենք»-ում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս պարտադրել խոշոր հարկ վճարողներին հրապարակել իրենց հաշվետվությունները: 

Հայաստանի նախագահն այսուհետև միջազգային պայմանագրերը կկարողանա հաստատել, կասեցնել կամ դադարեցնել միայն կառավարության առաջարկի հիման վրա: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջոցներ կձեռնարկի զինված ուժերում ծառայողական տեսակների ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային վստահության բարձրացման ուղղությամբ: Այս մասին դրույթները ներառված են «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրում», որը հրապարակվել է ՀՀ ՊՆ կայքում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սահմանել է 2018/19 ուսումնական տարվա ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի անվճար և մասնակի զեղչի առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության տեղերը:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 35- 219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, 35-225 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Սեֆիլյանի գործով ամբաստանյալների դատավճիռները:

Սփյուռք

Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի համագործակցությամբ անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված լիբանանահայ հագուստի դիզայներ-ոճաբան Ժան-Պիեռ Դելիֆերին: Ժան-Պիեռ Դելիֆերը ծնվել է Լիբանանում՝ Ադանայից փախստական հայ ընտանիքում: Նա իրավամբ համարվում է արաբական աշխարհի առաջին հագուստի դիզայներ-ոճաբանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջազգային խճանկար

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում ռազմավարական գործընկեր, դաշնակից երկու պետությունների ղեկավարները երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողականորեն խորացնել ու ամրապնդել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին գարնանային գեղեցիկ տոնի՝ Նովրուզի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել Է զանգվածային լրատվամիջոցներից՝ նշելով, որ ՌԴ-ն նման թունավոր միջոցներ չունի: Նա հավելել Է, որ Մոսկվան, ի տարբերություն արեւմտյան գործընկերների, քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել Է։ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) տեխնիկական տեսուչները ձեռնամուխ են եղել Սոլսբերիում թունավոր նյութի նմուշներ վերցնելուն, որտեղ ապրում Էր Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, որը ՌԴ-ում դատապարտվել Է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, եւ որտեղ նա դստեր՝ Յուլյայի հետ միասին ենթարկվել Է նյարդա-կաթվածահար նյութ ներգործության:

Իսրայելի բանակը պաշտոնապես խոստովանել Է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել Է Սիրիայի հյուսիս-արեւելքի Դեյր Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում Էր: Իսրայելի հետախուզական ծառայությունների գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել Է, որ հրեական պետության կողմից 2007 թվականին սիրիական միջուկային ռեակտորի ոչնչացումը ազդանշան Է Իրանի համար առ այն, որ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին՝ տիրանալ միջուկային զենքի

Ադրբեջանի կառավարությունը ծանր վիճակում գտնվող պետական բյուջեի սոցիալական ծախսերը կրճատելու նպատակով բարձրացնում է կենսաթոշակային տարիքը՝ չնայած քաղաքացիների կյանքի տևողության կրճատմանը: Ադրբեջանցի փորձագետները համեմատել են Ադրբեջանում և Վրաստանում մարդկանց կյանքի տևողությունը:

Սիրիայի հյուսիսի Աֆրինի տարածաշրջանի 200 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են լքել իրենց տները Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի ու Հունաստանի ջրատարածքում: Այդ մասինասված Է ԵՄ-ի՝ Բրյուսելում անցկացված գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:

Կոսովոյի խորհրդարանում ընդդիմությունից պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի ձախողեն Չեռնոգորիայի հետ պետական սահմանի ճանաչման մասին 2015 թվականի համաձայնագրի հաստատումը:

Մշակույթ

«Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից ներկայացվեց «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացումը՝ հագեցած անիմացիոն ժամանակակից լուծումներով։ Ներկայացման մեջ մեկտեղված էին հատվածներ Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմից և Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայից, որոնք ուղեկցվում էին Վրուբելի՝ վերը նշված պոեմի նկարազարդումներով։ Ցուցադրությունը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը և մեր օրերի նրա «ոդիսականը»:  

«Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 21-ին՝ ժամը 21:35-ին՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական էջում։ 

Ռիկարդո Կաստրոյի անվան արվեստի եւ մշակույթի միջազգային փառատոնին մասնակցող Մեքսիկայի 100 լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբը կգլխավորի Էկվադորի Գուայակիլ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Դավիթ Հարությունյանը:

Կիեւի Ռերիխի անվան հանրային գրադարանում գործում Է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը: Պատմականորեն այնպես Է դասավորվել, որ գրադարանը երկար ժամանակ համագործակցել Է հայ համայնքի հետ, ուստի որոշում Է ընդունվել բացել հայկական մշակույթին, գրականությանն ու արվեստին նվիրված սրահ։

Սպորտ

Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյին Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տոնել: Արամ Ավագյանի հաղթեց Բուրգուտ Հաջիբոևին, Նարեկ Աբգարյանը` Բեկսուլթան Ռավշանովին, իսկ Գոռ Երիցյանը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյաին: Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում:

Խարկովի միջազգային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից Գևորգ Մխեյանը դարձել է ոսկե մեդալակիր: Արսեն Հարությունյանը, Հովհաննես Մխիթարյանը և Վարուժան Կաջոյանը նվաճել են արծաթե, իսկ Կարեն Զուրաբյանը, Գոռ Թորոսյանը, Իգոր Սարգսյանը և Մարզպետ Գալստյանը՝ բրոնզե մեդալներ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,-ասաց Հենրիխ Մխիթարյանը՝ մրցանակը ստանալու արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am