211652_close_icon
views-count2335 դիտում article-date 20:40 12-03-2019

Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերություններին, ընդգծել, որ ներկայում ևս կա մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով այն զարգացնելու և խորացնելու համար։ Ռոսեն Ժելյազկովը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, անդրադարձել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նա նշել է, որ բուլղարական պատվիրակությունը, որի կազմում են նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հետաքրքրված են Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններով։ Հակոբ Արշակյանը ներկայացրել է համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, ինտերնետ կապուղիների, կիբերանվտանգության, գիտատեխնիկական ոլորտներում։ «Հայաստանի նոր կառավարությունը միտված է ակտիվորեն զարգացնելու կապերն այն երկրների հետ, որոնց հետ պատմականորեն ունեցել ենք բարեկամական և փոխգործակցային լավ հարաբերություններ։ Գիտատեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում մենք ցանկություն ունենք առավել ակտիվացնելու գործակցությունը եվրոպական երկրների, ինչպես նաև աշխարհի մյուս պետությունների հետ»,- ընդգծել է նախարարը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև վերջերս Իրանում ստորագրված հուշագրին, համաձայն որի՝ ստեղծվելու է Հայաստանի տարածքով Պարսից Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետ հասանելիության տարանցիկ կապուղի։ Նա ընդգծել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը սահմաններ չունեն, դրանց շուրջ միավորվում են բոլոր երկրները, և այդ ուղղությամբ ևս կա համագործակցության մեծ ներուժ։ Ռոսեն Ժելյազկովը Հակոբ Արշակյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բուլղարիայի վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները, ընդգծել այդ ոլորտում երկու երկրների տաղանդավոր մասնագետների առկայության փաստը, համագործակցության լայն հեռանկարների հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, ավիափոխադրումների ոլորտներին։ Ռոսեն Ժելյազկովը տեղեկացրել է բուլղարական կողմի պատրաստակամության մասին՝ բեռնափոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացման վերաբերյալ։ Նա ընդգծել է բուլղարական կողմի հետաքրքրվածությունը Եվրոպայից Հայաստանի տարածքով դեպի Իրան մուլտիմոդալ փոխադրումներ կատարելու վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների և պատասխանատուների մասնակցությամբ ներկայացված բոլոր թեմաների շուրջ առաջիկայում կազմակերպել ընդլայնված քննարկումներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր