211652_close_icon
views-count1310 դիտում article-date 23:30 14-04-2021

Կամերային երաժշտության տանը կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգեհոնահար և հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթև» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին: Ստամբոլցյանի ծննդյան օրը՝ ապրիլի 19-ին, ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Երգեհոնային երաժշտության երեկո:

Որպես մենակատարներ հանդես կգան երգեհոնահարներ Արթուր Ադամյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Մարինա Նահապետյանը, հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթի մենակատարներ Գալինա Ցոլակյանը(սոպրանո) և Քրիստինա Չթչյանը (ջութակ), ինչպես նաև Նարեկ Ավագյանը (ֆլեյտա): Ծրագրում՝ Յ. Ս. Բախ, Գ. Ֆ. Հենդել, Կոմիտաս, Մ. Եկմալյան, Ե. Երկանյան:

Նշենք նաև, որ նույն օրը Վահագն Ստամբոլցյանին նվիրված համերգային երեկո կկայանա նաև Չարենցավան քաղաքում: Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում ելույթ կունենան երգեհոնահարներ Վահագն Մարգարյանն ու Արմեն Աղաջանյանը:

Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում էր մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, նաև Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերից։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկել գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանումով։ Համերգներով հանդես է եկել նաև արտասահմանում։

Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր