Նախագահը զինծառայողներին պետական բարձր պարգևներ է հանձնել

Նախագահը զինծառայողներին պետական բարձր պարգևներ է հանձնել

PanARMENIAN.Net - Բանակի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խի­զա­խու­թյան և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը և սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

«Բանակն իսկապես հասարակության հայելին է: Եվ եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների վերացման, բացառման համար, ապա իհարկե այն իր արտացոլումը պետք է գտնի նախ և առաջ բանակում: Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը՝ այս ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերի համար: Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև երկրի տնտեսության անբաժանելի մասը: Ընդ որում, նա ոչ միայն սպառող, այլև ստեղծող, իր հետևից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե պատվիրատու է, թե նրանց առաջընթացի մասնակից», - ասել է նախագահը:

Նախագահն անդրադարձել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրին:

«Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե, այդ անձինք լիիրավ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև՝ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Որպես օրինակ, մենք բարոյական պարտականություն ենք ստանձնել առաջիկայում Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունել մեր պանծալի զինվորներից երկու-երեք հոգու, ովքեր հաշմանդամություն ունեն: Նրանք գուցե և ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է և համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ լիարժեք կյանք, ոչ միայն թոշակ ստանալ, այլև իրենց ձեռքով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները՝ սկսած նյութականից մինչև անձնական կյանք», - ասել է նախագահը:

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերածների հիշատակին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---