Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ նախարարությունը արհամարհել է ԲՈԿ-ի բոլոր նախաձեռնությունները. Սմբատ Գոգյան


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը արհամարհել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) բոլոր նախաձեռնությունները, հայտարարում է երեկ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հեռացած Սմբատ Գոգյանը, հավելելով՝ իրեն թույլ չի տրվել համակարգային փոփոխություններ անել, չի եղել որևէ համագործակցություն։

«Դրա համար պետք էին կառավարության որոշումներ, օրենքի նախագծի փոփոխություններ, որոնք ԲՈԿ-ն ինքնուրույն չէր կարող առաջ քաշել: Ասենք մենք օրենքի փոփոխության նախագիծ էինք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ներկայացրել, իրենք հավանել էին, աջակցությունը հայտնել էին, բայց նախարարությունն այդպես էլ չշրջանառեց», - ասաց Գոգյանը:

«Ազատության» հարցին, թե իր կարծիքով ի՞նչն է եղել դրա պատճառը, ԲՈԿ նախկին նախագահը պատասխանեց. «Անձնական նեղ խնդիրները, դե որ ես ենթարկվող անձնավորություն չեմ, հրահանգներ չեմ կատարում նաև»:

Թե ի՞նչ հրահանգ չկատարելու, չենթարկվելու մասին է խոսքը, ասաց. «Դե հենց Դիանա Գալոյանի դեպքը, որ բարձրաձայնեցի, վառ ապացույց չի՞»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից այսօր Գոգյանի հայտարարությունները չմեկնաբանեցին։ Սմբատ Գոգյանը դեռ չորս ամիս առաջ՝ մայիսին էր հրաժարական ներկայացրել ԲՈԿ ղեկավարի պաշտոնից՝ բարձրաձայնելով Կրթության նախարարության որոշ պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչության մասին։ Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանը չէր ստորագրում Գոգյանի հրաժարականի դիմումը և դա արել է միայն երեկ, երբ Գոգյանը երկրորդ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել։

Ակադեմիական գրագողության դեմ պայքարի մասին հայտարարած 37-ամյա մաթեմատիկոսը ասում է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Անցած տարի Գոգյանի ղեկավարած ԲՈԿ-ը եզրակացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունում գրագողություն է կատարել, դրանից հետո Հայրապետյանը թողել էր պաշտոնը։ ԲՈԿ-ը ղեկավարող Գոգյանը պնդել էր, որ Հայրապետյանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում ևս առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն նրա պարագայում, ըստ Գոգյանի, Կրթության նախարարությունը աչք է փակել և հովանավորչություն դրսևորել։

Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց նաև Կրթության փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Ըստ մամուլի հրապարակումների, հենց նա էր նախարարության ներկայացուցիչը, ով մտերիմ հարաբերություններ մեջ է Տնտեսագիտական համալսարանի ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, և օժանդակել է նրան հուլիսին կայացած ռեկտորի ընտրություններում հաղթելու հարցում։

Մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում հայտնված Թամրազյանի հասցեին և՛ կրթության, և՛ սպորտի ոլորտի ներկայացուցիչների կողմից բազմիցս դժգոհություններ են բարձրաձայնվել։ Թե ի՞նչն է եղել նրա՝ աշխատանքից ազատման պատճառը, նախարարությունից առայժմ չեն մանրամասնում։

Ի դեպ, Սմբատ Գոգյանի՝ հովանավորչության մասին արված հայտարարությունից հետո, նախարար Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) «Ազատությանը» փոխանցեցին՝ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ քրեական գործ հարուցելը մերժել։ Այլ մանրամասներ չեն հաղորդում։

Արդյոք որևէ կապ կա՞ մեկ օրում և՛ Գոգյանի, և՛ Թամրազյանի պաշտոնից ազատումների միջև, Սմբատ Գոգյանը պատասխանեց. «Ծառայողական քննություն, որ պետք է լիներ կառավարությունում, դրա համար ես սպասում էի, քանի որ դրա ավարտին Թամրազյանը ազատման դիմում գրեց, ես էլ արդեն համարեցի, որ էլ իմաստ չունի սպասելը»։

Թե ի՞նչ ծառայողական քննության մասին է խոսքը, վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

XS
SM
MD
LG