Մեկնաբանություն

28.05.2019 07:30


Խելքի՛ աշեցեք

Խելքի՛ աշեցեք

Փաշինյանի «ընտանեկան թերթը» ծանր է տարել, որ մայիսի 23-ին Դաշնակցությունը դեղին քարտ ցույց տվեց «ռեժիմին»` սեփական քաղաքացիների մի մասի, Արցախի, Արցախի ղեկավարության, արցախահայության դեմ «պատերազմ» սանձազերծելու եւ «հեղափոխության արժեքները» քամուն տալու համար։

Սրանց հատկապես զայրացրել է մայիսի 23-ի հանրահավաքում դաշնակցականների պարզած կարգախոսը. «Զարգանանք` չզիջելով»։ Եվ դա հասկանալի է. կույր պիտի լինել` չտեսնելու համար, որ «մինչեւ այսինչ բանը չանենք (խորհրդարանը չլուծարենք, հեղափոխական նոր խորհրդարան չձեւավորենք, աղքատությունը գլխներիցս չհանենք, դատական համակարգը Փաշինյանի բոստանը չդարձնենք եւ այլն), Հայաստանում ներդրումներ չեն լինի» ոգով հայտարարությունների վերջը` եզրափակիչ ակորդը, լինելու է «քանի Ղարաբաղը չենք տվել, լավ չեք ապրելու» տերպետրոսյանական կարգախոսը վերակենդանացնելը։

Մինչ այդ վարչապետի «ոչ պաշտոնական» խոսափողը նախատում է Դաշնակցությանը, թե` տեսեք՝ ո՜ւր եք հասել. իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս քաղաքական այն ուժը, որին ժողովուրդն ընդամենը հինգ ամիս առաջ կարմիր քարտ է ցույց տվել եւ «հեռացրել դաշտից»։ Եվ, ни «отходя от кассы», դասեր է տալիս` «կարեւորը ոչ թե պարզապես զարգանալն է, այլ զարգացման տեմպերով Ադրբեջանից հետ չմնալը։ Որովհետեւ եթե, օրինակ, վերջին 25 տարիներին Հայաստանի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 5 տոկոսով, իսկ Ադրբեջանինը` ասենք, 6 տոկոսով, նշանակում է` իրականում մենք ետընթաց ենք արձանագրել»։

Այն, որ Սովետից ժառանգած ծաղկուն տնտեսությունը կտրուկ հետընթաց է ապրել` ուղղակի քանդուքարափ է եղել Փաշինյանի «կնքահայր» Տեր-Պետրոսյանի օրոք, եւ ոչ միայն օբյեկտիվ`առաջին հերթին սուբյեկտիվ պատճառներով, որոնցից ամենակարկառունը ապաշնորհ կառավարումն էր, կարեւոր չէ։ Կարեւոր չէ նաեւ, որ «ազատ անկման» այդ գործընթացը կասեցվեց 1997թ., երբ Ռոբերտ Քոչարյանը վայր դրեց ԼՂՀ նախագահի պաշտոնը, եկավ Հայաստան`տնտեսությունը փոսից հանելու, եւ ընդամենը մեկ տարում կայունացրեց երկրի տնտեսական իրավիճակը, վճարեց ամիսներով կուտակված թոշակները, նպաստները եւ աշխատավարձերը։ 2000թ. հետո էլ` ընդհուպ մինչեւ 2008թ., ամեն տարի երկնիշ (միջին հաշվով 12 տոկոս) տնտեսական աճ էր արձանագրում։

Հնարավո՞ր է առաջ ընկնել նավթադոլարների հաշվին փութաջանորեն զինվող Ադրբեջանից` հարց է տալիս Փաշինյանի «պաշտոնաթերթը»։ Եվ ինքն էլ պատասխանում է իր հարցին. «Չենք վիճում, գուցեեւ հնարավոր է»։ Կամ, որ նույնն է` հույսնե՛րդ կտրեք, «տնտեսական հեղափոխություն» ասածը «գուցեեւ» վերջնականապես ջրվել է։

Փաստն այն է, ըստ անանուն հոդվածագրի (դատելով ամենից, հեղինակը թերթի գլխավոր խմբագիրն է` Աննա Հակոբյանը), որ մինչեւ հիմա (վերջին 25 տարիներին) դա մեզ չի հաջողվել. «Գուցե պատճառը նախկինների ապաշնորհ կառավարո՞ւմն է եղել։ Գուցե պատճառն այն է եղել, որ պետական համակարգը ոտից գլուխ կոռումպացված էր, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները միլիարդներ էին թալանում ու սեփական երկրում ներդրումներ կատարելու փոխարեն այդ գումարները դուրս բերում երկրից`բիզնեսներ հիմնելով որտեղ ասես, բացի Հայաստանից»։

Եթե այդ ամենը չլիներ, «ամենայն հավանականությամբ», Հայաստանը հետ չէր մնա Ադրբեջանից, չնայած վերջինիս նավթային պաշարներին (այն, որ երկկողմանի շրջափակման պայմաններում դրա հավանականությունը ձգտում է զրոյի` երեւի թե չարժե բացատրել) «բայց որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք Դաշնակցությունը դեղին քարտեր ցույց տար իշխանություններին»,-Դաշնակցության վրա մուննաթ է գալիս Նոր Հայաստանի ամենաազատ, անկախ, անկողմնակալ, անաչառ իշխանական պարբերականը։ Եվ շարունակում կշտամբել. «Փոխանակ վերլուծեն, փորձեն հասկանալ` ինչն է եղել «նախկին ձախողումների» պատճառը, պահանջեն պատժել մեղավորներին` «այն, ինչով զբաղվում են այսօրվա իշխանությունները», վազելով գնում-կանգնում են նրանց կողքին, ում պատճառով նախկինում ձախողվել է «չզիջելով զարգանալը»։

Մի կողմ թողնենք, թե ով է խոսում Դաշնակցության` ժողովրդից կարմիր քարտ ստացած եւ դաշտից «հեռացված» լինելու մասին. մի «կուսակցություն», որը դեռ շա՜տ հաց ու պանիր պիտի ուտի կուսակցություն կոչվելու համար, եւ 2017թ. ռիսկ չարեց առանձին մասնակցել ընտրություններին` կպավ շատ թե քիչ հեղինակություն ունեցող «Լուսավոր Հայաստանի» պոչից ու մի կերպ «սողոսկեց» Ազգային ժողով։ Հետո, երբ Նազարի բախտով իշխանության տեր դարձավ, ռիսկ չարեց կառավարության ծրագրում ամրագրված ժամկետում` ապրիլին կամ մայիսին գնալ արտահերթ ընտրությունների, որովհետեւ գիտեր` ժամանակն իր դեմ է աշխատում. շտապեց իրենով անել Ազգային ժողովը, քանի բանը բանից չի անցել։

Հետաքրքիրն այստեղ այն է, թե ինչո՞ւ հե՛նց Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց նորհայաստանյան «տրանսգենդերային արդարադատության» հարվածի տակ։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ Տեր-Պետրոսյանի «վախենալու կանխատեսումներին» հակառակ`հենց նրա օրոք է Հայաստանը զարգացել` չզիջելով, ներդրումներ ներգրավել եւ տնտեսության, կարելի է ասել`թռիչքային աճ արձանագրել, առաջ անցնելով իր «նավթային պաշարները» հարյուրի վրա շահագործող ու շահարկող Ադրբեջանից։ Դրանով իսկ` փակել ադրբեջանցիների ախորժակը` «պարտադրված» միակողմանի զիջումներ կորզելու հայկական կողմից՝ որպես Արցախի հարցի «լուծման» ամենակարճ ճանապարհ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը