211652_close_icon
views-count15318 դիտում article-date 23:24 10-02-2020

Եթե մի օր չնվագեմ, ուրեմն՝ չկամ. դաշնակահար Սերգեյ Այվազյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Եթե մի օր չնվագեմ, ուրեմն՝ չկամ». այսպես է պատասխանում երաժիշտ Սերգեյ Այվազյանը, երբ նրան հարցնում են՝ հնարավո՞ր է մի օր չնվագի: Դաշնակահար Սերգեյ Այվազյանն այսօր հայտնի ու պրոֆեսիոնալ շատ երգիչ,երգչուհիների, երաժիշտների հետ է համագործակցում, սակայն նրա անցած ճանապարհի մասին քչերին է հայտնի: Դաշնակահարը չի սիրում խոսել իր մասին, բայց մեր թղթակցին հաջողվել է իմանալ Սերգեյի անցած ուղու ու առաջիկա պլանների մասին: Երաժշտության հանդեպ սերն ու հետաքրքրությունը գեներով է գալիս, Հայրը՝Մանվել Այվազյանը ևս երաժիշտ է: «Երաժշտական ասպարեզում ամենամեծ ուսուցիչս հայրս է: Դեռ մանկուց շատ բան եմ սովորել նրանից: Մինչև այժմ էլ նա իմ ուսուցիչն է ու երևի՝ ամենախիստը»,-ասաց նա: Մինչև երաժշտական կրթական հաստատություն ընդունվելը Սերգեյն ինքնուրույն նվագել է սովորել: Հաճախել է Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, այնուհետև ուսումը շարունակել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի դաշնամուրային բաժնում: Դպրոցական տարիներին, ինչպես գրեթե բոլոր տղա երեխաները, Սերգեյը նույնպես սկզբում դժվար է հաճախել դասերի: Երաժիշտը խոստովանեց, որ ինչ-որ ժամանակ անգամ որոշել է չհաճախել դասերին, սակայն, երբ պատկերացրել է, որ այն կարող է պատճառ դառնալ երաժշտությունից բաժանվելու, կտրուկ փոխել է որոշումը,անգամ ՝ուսումը շարունակել Կոմիտսի անվան պետական կոնսերվտորիայում. «Ուսուցիչներ շատ եմ ունեցել, որոնցից յուրաքանչյուրի տված կրթությունն ու խորհուրդը ամեն օր կիրառում եմ իմ աշխատանքում: Դասական երաժշտության հանդեպ սերն ու գրագիտությունը տվել է Ժաննա Եղիշովնան և Ռոզա Թանդիլյանը: Վերջինս Առնո Բաբաջանյանի միակ ուսանողուհին է համարվում»: Առաջին լուրջ քայլերը Սերգեյ Այվազյանը սկսել է Սիլվա Հակոբյանի հետ համագործակցությամբ, ում հետ մինչև այժմ էլ համագործակցությունը շարունակվում է: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգից հետո դաշնակահարը Սիլվա Հակոբյանի հետ մեկնել է Եվրոպա և Ռուսաստան համերգային շրջագայութունների: Համագործակցությունների շղթան սկսել է շատ արագ մեծանալ: Էրիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Տիգրան Պետրոսյանի, Քրիստինե Պեպելյանի, Արսեն Սաֆարյանի, Ինգա և Անուշ Արշակյանների, Գաբի Գալոյանի, Լայանայի, Արմեն Դավթյանի,Արաբո Իսպիրյանի, Արսեն Հայրապետյանի և շատ այլ երգիչ երգչուհիների հետ Սերգեյը ոչ միայն աշխատում, այլև ընկերական հարաբերությունների մեջ է: Համագործակցում է պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանի հետ: Ռուզան Ավետիքյանի հետ համագործակցել է նաև որպես երաժշտական պրոդյուսեր: Դաշնակահարը երկարատև համագործակցում է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի համույթի մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Պողոսյանի հետ,ով երաժշտի խոսքով՝ մեծ լումա ունի իր երաժշտական կրթության մեջ: «Պատահում է, որ զուգադիպում են համերգային օրերը ու ես ստիպված եմ լինում ընտրել՝ ում համերգին նվագել, սակայն ես գտնում եմ լուծումը և երկուսի համերգին էլ կարողանում եմ օգտակար լինել: Ինձ համար ընկերությունը շատ կարևոր է, և ես փորձում եմ օրը 24 ժամ հասանելի լինել նրանց համար». վստահաբար շեշտեց երաժիշտը: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Սերգեյ Այվազյանը բացեց փակագծերը: Մտածում է՝ դաշնակահար Սերգեյ Այվազյան ներկայանալու ժամանակն է: «Ունեմ հեղինակային ստեղծագործություններ,որոնք դեռևս ոչ մեկի դատին չեմ հանձնել: Երևի այս գործերը հանդիսատեսի դատին հանձնելու ժամանակն է: Սերգեյ Այվազյանը բազմիցս հրավերներ է ստացել արտերկրում աշխատելու, սակայն մերժել է, քանի որ Հայաստանից հեռու իրեն չի պատկերացնում: Այժմ ԱՄՆ-ից է հրավեր ստացել և բարդ որոշման առաջ է. «Գուցե ժամանակն է նաև չմերժելու հրավերները, իսկապես, դեռ չեմ պատկերացնում ինձ Հայաստանից հեռու. Իսկ եթե դա կարող է կարևոր լինել իմ երաժշտական ուղո՞ւմ... »: Երաժիշտը շեշտեց, որ որտեղ էլ լինի, փորձելու է հայկական, ազգային երաժշտությունը ներկայացնել աշխարհին: [b]Զրուցեց Կարինե Գևորգյանը։[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր